«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը

2012 թվականի մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը,  «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։ 
Համագումարը նախագահող ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ համագումարի օրակարգում 1 հարց է՝ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ԲՀԿ նախընտրական ծրագրի հաստատումը։ Քվեարկությամբ օրակարգը հաստատելուց հետո ընտրվեցին 101 անդամից բաղկացած հաշվիչ եւ մանդատային հանձնաժողովներ։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում  կարեւորեց առաջիկա   խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ դրանք պետք է անցնեն համերաշխության մթնոլորտում՝ ազատ, արդար եւ թափանցիկ։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար։ Մեզ պետք է ոչ թե թշնամանք, այլ սթափ մրցակցության մթնոլորտ։ Թշնամանքով երբեք որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու։ Արդար մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը։ Միայն այդպես կարող է պահպանվել ընտրողի իրավունքը»,- ասաց Գ. Ծառուկյանը։
Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ն անելու է հնարավորը՝ ընտրողի քվեն պաշտպանելու համար. «Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են մեզ հետ պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների, համարում ենք մեր դաշնակիցներն ու գործընկերները։ Բոլորի գերխնդիրը մեկը պետք է լինի՝ առաջիկա ընտրությունների արժանապատիվ անցկացումը։ ԲՀԿ-ն փորձելու է արդարացնել ժողովրդի վստահությունը։ «Դա մեզ համար, անձնապես ինձ համար, ամենամեծ պատասխանատվությունն է։ Ես մշտապես ասել եմ, որ մտնելով քաղաքականություն, գործիչը պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվություն հասարակության համար»։
Կուսակցության առաջնորդը անդրադարձավ նաեւ աղքատության հաղթահարման խնդրին. «Պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրի սոցիալ–տնտեսական վիճակը փոխվի, երկրի գործարար միջավայրը բարելավվի, ստեղծվեն նոր աշխատատեղեր»։
Կուսակցության  անդամ Վարդան Օսկանյանը եւս ընդգծեց առաջիկա ընտրությունների կարեւորությունը, քանի որ դրանց միջոցով կերտվում է Հայաստանի ապագան։ Նա խոսեց երկրում առկա խնդիրների մասին։ «Իրավիճակը փոխելու համար քաղաքական կամք է պետք, որ բոլորի համար կիրառվեն Սահմանադրությունն ու օրենքները»,-ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ հիմնական կենտրոնացումը պետք է լինի տնտեսության աճի վրա։ 
Նրա կարծիքով, տնտեսության ոլորտում անհրաժեշտ է ամրագրել ազատ շուկայի հիմնարար սկզբունքները՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ եւ սեփականության անձեռնմխելիություն, իսկ քաղաքականության ոլորտում՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ արդարություն, հանդուրժողականություն եւ մարդու ու խոսքի հիմնարար ազատություն։ «Սրանք են լինելու ԲՀԿ գործունեության հիմնական ուղենիշները հաջորդ հինգ տարիների ընթացքում։ ԲՀԿ-ն իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախն է դարձնելու տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ յուրաքանչյուր անհատի կենսամակարդակի բարձրացումը»,- նշեց ԱԳ նախկին նախարարը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքով, եվրաինտեգրումը կարեւոր խնդիր է, եւ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավոր ուղին է Հայաստանը բարգավաճ երկիր դարձնելու համար։
Իսկ այդպիսի երկիր ունենալու համար, նրա համոզմամբ, լրջագույն փորձություն են մայիսյան ընտրությունները։ Անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ միջազգային կառույցներում ավելի նախաձեռնողական լինելու համար։
«Մենք պատասխանատու ենք մեր ընտրողների առջեւ, որպեսզի ընտրությունների արդյունքները վստահելի եւ ընդունելի լինեն հասարակության համար։ Մեր հնարավորությունների  սահմաններում պատրաստ ենք անել հնարավորը՝ այդպիսի ընտրություններ անցկացնելու համար»,—ասաց Զոհրաբյանը;
«Եվրոպական արժեքները կենսունակ են այն երկրների համար, որտեղ դրանք արհեստական չեն։ Չափազանց կարեւոր է, որ մեր երկրի զարգացման տեսությունները չմնան թղթի վրա։ Միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա զբաղեցնել իր տեղը հավասար երկրների շարքում»,-նշեց Զոհրաբյանը։ 
ԲՀԿ համագումարի մասնակիցներին ողջունեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար, Դումայի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը։ Նա նշեց, որ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել ԲՀԿ եւ «Եդինայա Ռոսիա»-ի միջեւ, որոնք պետք է ամրապնդվեն եւ զարգանան։ Նեւերովը հրապարակեց ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի ուղերձը։
Ուկրաինայի պատվիրակությունից ելույթ ունեցավ Տարածաշրջանների կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն՝ փոխանցելով վարչապետ Նիկոլայ Ազարովի ուղերձը։
Խորվաթիայի նախկին նախագահ Ստեպան Մեսիչը եւս ներկա էր համագումարին։ Նա հույս հայտնեց, որ երկրում կանցկացվեն ժամանակակից եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, եւ դրա անհրաժեշտությունը կգիտակցեն ՀՀ բոլոր քաղաքական ուժերը։
Ելույթ ունեցավ նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ջիան Մինվանը։