Կենսագրություն

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

1975-1977թթ.-ին Գագիկ Ծառուկյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:
1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է«Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ այդ կառույցներում ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ:

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին հիմնադրել է«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: 2007թ.-ին առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստանը ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2000թ.-ից գործում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում՝ եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը:

Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա: