Կանոնադրություն, ծրագիր

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
(նոր խմբագրություն, հաստատված է «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության 3-րդ
/արտահերթ/ համագումարի 2007թ.-ի փետրվարի 15-ի որոշմամբ)

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 
(նոր խմբագրություն, ներառյալ ԲՀԿ 5-րդ համագումարի կողմից ընդունված փոփոխությունները և լրացումները, հաստատված է «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության 3-րդ /արտահերթ/ համագումարի 2007թ.-ի փետրվարի 15-ի որոշմամբ) 

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները: «Բարգավաճ Հայաստանը» վճռական է այս արժեքները պաշտպանելու և տարածելու հարցում:

Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում: Երկրի քաղաքական համակարգում «Բարգավաճ Հայաստանն» իր առաքելությունը տեսնում է հենց այդ համատեքստում և հանդես է գալիս քաղաքացիական համախմբվածության ու համերաշխության դիրքերից: 

«Բարգավաճ Հայաստանը» քաղաքացիական համաձայնության կուսակցություն է: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը: 

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության վրա: Մերժելով ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը, մենք ձգտելու ենք առարկայական և հիմնավոր կերպով լուծել հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները: Համոզված ենք, որ հասարակության զարգացման կարևորագույն երաշխիքը բարոյական և հոգևոր արժեքային համակարգի առկայությունն է: 
Ժողովրդավարությանը և ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձևավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ, «Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն ազգային և ավանդական արժեքների պահպանության կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարևորելով ընտանիքը, եկեղեցին և պետությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր արտաքին քաղաքական ներգրավվածությամբ նպաստում է բազմակարծությանը, բազմակուսակցական ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։ Մասնավորապես, մենք աջակցում ենք ժողովրդավարական բարեփոխումներին Կովկասում, Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ անհրաժեշտ է պահպանել ամուր կապեր Հայաստանի եվրոպական հարևանների հետ` հարգելով ազգային պետությունների ինքնիշխանությունը և բարելավելով առևտրային հարաբերությունները:
 

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
Կուսակցությունն ունի իր խորհրդանշանը և հիմներգը
Կուսակցության խորհրդանշանն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույնի յուրաքանչյուր գույնին համապատասխան հայերեն «Բ» և «Հ» տառերի ու կորագծի ուռուցիկ ձգվող համադրություն, որի տակ գրված է «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսը:
Կուսակցության դրոշն իրենից ներկայացնում է լայնության և երկարության չափերի 1:2-ի հարաբերակցությամբ, կենտրոնում` Կուսակցության անվանումով և Կուսակցության խորհրդանշանի պատկերով սպիտակ պաստառ: