Նաիրա Զոհրաբյան. ԱԺ ընտրություններին մեկ միասնական դաշինքով մասնակցելը ԲՀԿ-ի համար ընդունելի է

10/25/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցության գրանցած արդյուքներից գոհ է: Սակայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ որ իրենց ներուժն ավելին է: 

«Մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք, մեր գնահատականը հնչեցրել ենք՝ մենք գոհ ենք մեր ունեցած արդյունքներից: Որոշակի վերապահում ունենք Վանաձորում մեր արձանագրած արդյուքների մասով: Իհարկե, ի տարբերություն այլ «քծնող» ուժերի, որոնք անգամ 6 տոկոսի շեմը չհաղթահարեցին, «Բարգավաճ Հայաստանը» Վանաձորում ևս ունի ավագանի: Սակայն մենք գտնում ենք, որ մեր պոտենցիալը ավելին է այդ իսկ պատճառով առաջիկայում վանաձորի տարածքային մեր կառույցում մենք որոշակի կառուցվածքային փոփոխություններ կանենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- Zham.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմության՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու գաղափարն ըստ կուսակցության նախագահի ընդունելի է, սակայն այս պահին՝ քիչ հավանական: 

«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը չի կարողանում մեկ միասնական քաղաքական օրակարգի շուրջ համախմբվել, բայց տեսականորեն իհարկե ճիշտ կլինի: Եթե մենք հիմա վերլուծում ենք, թե՛ Գյումրու, թե՛ Վանաձորի արդյունքները, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական ճակատով, ակնհայտ է, որ մենք կունենայինք ընդդիմությունը ներկայացնող քաղաքապետեր: Նույնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-նշեց նա:

Նրա խոսքով, բոլոր ընտրությունները ցույց են տալիս, որ ոչ իշխանական ուժերը շատ ավելի մեծ թվով ձայներ են հավաքում, քան «իշխանությունը իր գործընկեր դաշնակցության հետ միասին»: Այս պարագայում Զոհրաբյանի կարծիքով պետք է հասկանալ մեկ այլ կարևոր խնդիր՝ կհաջողվի՞ ընդդիմությանը միավորվել. 

«Կկարողանա՞ն ընդդիմադիր ուժերը վեր կանգնել իրենց նեղ անձնական կուսակցական ամբիցիաներից , կկարողական ձևավորել մեկ քաղաքական օրակարգ , անկեղծ ասած չեմ տեսնում դրա գործնական, կիրառական հնարավորությունն այս պահին »,-նշեց նա: 

Մյուս կողմից ԲՀԿ-ի համար կարևոր է հասկանալ, թե որ ուժերը մասնակից կլինեն ընդդիմադիր դաշինքի ձևավորմանը: Զոհրաբյանի խոսքով, կան ուժեր, որոնց հետ իրենք ոչ մի պարագայում չեն միանա: 

«Կան քաղաքական ուժիկներ, որոնց նպատակը, ոչ թե իշխանությանն այլտրանք լինելն է, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերին վարկաբեկելն է: Նման քաղաքական ուժիկների հետ, մենք որևէ օրակարգի շուրջ, որևէ քննարկման չենք գնալու»,- նշեց նա:

Զոհրաբյանը նշեց, երբ կսկսվեն իրական քաղաքական կոնսուլտացիաներն այդ ժամանակ պարզ կերևա, որ քաղաքական ուժերն են, որ ունեն գաղափարական ընդհանրություններ և որքանով են հանուն մեկ քաղաքական օրակարգի պատրաստ վեր կանգնել կուսակցական ամբիցիաներից: 
 

 

http://zham.am/am/news/72461.html