ԿՐԵՄԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ- ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՆՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

10/19/2010

Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատն այսուհետ կներկայանա նոր ապրանքանիշով: Kremlin Award կամ այլ կերպ ասած Կրեմլյան մրցանակ կոնյակը կունենա երեք ապրանքատեսակ՝ 10, 15 և 20 տարեկան: Գաղափարը կյանքի է կոչվել Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատի և ռուսական «Կրեմլյովսկի» առևտրի տան  համատեղ նախաձեռնությամբ:

Ապրանքանիշի շնորհանդեսի կապակցությամբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր Կրեմլյովսկի առևտրի տան գլխավոր  տնօրեն Վլադիմիր Պեշկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջյունելով հյուրերին Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ սա հայ-ռուսական տնտեսական համագործակցության հերթական  հաջողված և դրական օրինակն է: «Սա ոչ միայն արտադրությունն է այլև մեր երկրի պատմությունն է, որը մենք պահելով ու պահպանելով փոխանցելու ենք մեր սերունդներին: ՈՒրախ եմ, որ մեր համագործակցությունը իր դրական արդյունքներն է տվել, որի վառ օրինակը այս կոնյակն է: Համոզված եմ, որ այս ապարանքանիշը սիրվելու է բոլորի կողմից»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:




Կրեմլյովսկի առևտրի տան գլխավոր տնօրենի գնահատմամբ այս կոնյակի մուտքը ռուսական շուկա սպասված է: «ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության տակ գտնվող  Կրեմլյովսկի առևտրի տունն իրականացնում է իշխանության բարձրագույն մարմինների համար ապրանքների մատակարարման գործառույթը»,- իր խոսքում ընդգծեց Վլադիմիր Պեշկինը, հավելելով, որ սա արդյունավետ համագործակցության սկիզբն է միայն:  

Գագիկ Ծառուկյանը  մասնավորապես նշեց. «Մենք հետևողականորեն նպաստելու ենք հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության խորացմանը, ապարանքաշրջանառության ծավալների մեծացմանը»:

Վլադիմիր Պեշկինը շնորհակալություն հայտնեց պրն. Ծառուկյանին  հայկական կոնյակագործության ավանդույթները և գինեգործության  պատմությունը պահպանելու համար և հավելեց, որ իրենց ուղղակի հիացած ենք իրենց տեսածով:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ խորհրդանշական ձեռքսեղմում, ի նշան հայ-ռուսական տնտեսկան համագործակցության հերթական դրական նախաձեռնության մեկնարկի: Այս ամենին հաջորդեց նոր համատեղ ապրանքանիշի թողարկման կապակցությամբ կոնյակի տակառի զմրսման հանդիսավոր արարողությունը: Տակառն ամբողջական դարձնող վերջին մի քանի սափոր կոնյակների լցման պատիվը վերապահված է  Գագիկ Ծառուկյանին և Վլադիմիր Պեշկինին: