ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ

12/24/2010
-Ինչպե՞ս եք գնահատում անցնող քաղաքական տարին:

-Քաղաքական առումով տարին, ընդհանուր առմամբ, հանգիստ կարելի է համարել, չնայած առանձին քաղաքական ակտիվացումներին: Տնտեսական առումով տարին մի փոքր ավելի լարված էր: Նկատելի էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած ազդեցությունը: Այդ իսկ պատճառով ողջ տարվա ընթացքում կարևորվեցին հատկապես հետճգնաժամային վերականգնմանն ուղղված միջոցառումները: Բայց ես ավելի շատ կուզեի խոսել մեր մարզական հաջողություններից: Մարզական առումով տարին մեզ համար հաջողվածներից մեկը կարելի է համարել: Մեր մարզիկները բավական հաջող ելույթներ ունեցան հենակետային համարվող մարզաձևերի գծով և այս տարի էլ հայրենիք վերադարձան մեդալների հարուստ հավաքածուով: Անցնող տարվա հոբելյանական կարևոր իրադարձություններից մեկը ՀԱՕԿ-ի 20-ամյակն էր: Օլիմպիական շարժման գլխավոր գաղափարախոսությունը սպորտի մասսայականացումն ու օլիմպիական գաղափարների տարածումն է: 2010 թ.-ի ընթացքում մեր երկրում ՀԱՕԿ-ի 20-ամյակի առիթով անցկացվեցին բազմաթիվ մարզական միջոցառումներ, որոնց մասնակցություն ունեցան հազարավոր պատանիներ ու երիտասարդներ: Նոյեմբեր ամսին մենք մեծ շուքով նշեցինք այդ հոբելյանը: Մեզ շնորհավորելու էին եկել աշխարհի շուրջ 30 երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Երկրի մասին լսելը ուրիշ է, գալ սեփական աչքերով տեսնելը՝ ուրիշ: Բոլոր օտարերկրացիները, գալով Հայաստան, տեսնելով մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքն ու հյուրընկալությունը ,փոխում են վերաբերմունքը մեր նկատմամբ Այսօր սպորտը դարձել է մեր ազգը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու կարևոր ոլորտներից մեկը: Ես ուրախ եմ, որ մեր մարզիկները փայլուն են կատարում այդ կարևոր առաքելությունը, մեծ հպարտություն է, երբ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձրանում է եռագույնը, հնչում է մեր երկրի օրհներգը: Դա իսկապես ուրախալի է, հայ մարզասերն այսօր մեր մարզիկներից միայն հաղթանակներ է ակնկալում: Անցած տարիների մեր աշխատանքի որպես կարևոր ձեռքբերում ես կնշեի մեր ժողովրդի վերադարձը դեպի սպորտ: Ոչնիչ չի կարող համեմատվել այն զգացումների հետ, որ մենք ազգովի ունեցանք Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակով, ով Թուրքիայում կարողացավ հռչակվել աշխարհի չեմպիոն, բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը: Կամ Նազիկ Ավդալյանի հաղթանակը 2009 թ.-ին: Մենք վերջապես զգացինք հաղթանակի բերկրանքը, մեր մարզիկների շնորհիվ աշխարհրիի տարբեր ծայրերում վեր է խոյանում հայկական դրոշը և հնչեցվում է հիմնը: Մեր ժողովրուրդն այսօր առանձին սպորտաձևերի գծով մեր մարզիկներից միայն հաղթանակ է սպասում: Սա այն դրական ձեռքբերումներից է , որի մասին արժե խոսել: Սպորտը մեր երկրում այն ոլորտներից է, որտեղ ակնհայտ են զարգացումն ու առաջընթացը: Մեր խնդիրը, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, այդ զարգացումն ու առաջընթացը պահելն ու էլ ավելի զարգացնելն է:

-Խնդրում եմ, եկեք վերադառնանք քաղաքականությանը վերաբերող թեմաներին: Մամուլում բազմաթիվ վերլուծություններ են արվում այն մասին, որ առկա են ներկոալիցիոն հակասություններ, և որ ձեր գլխավորած կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Այդպե՞ս է արդյոք: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիոն համագործակցությունը:

-Այո, իսկապես, այս տարի նման տեղեկատվության պակաս չզգացվեց մեր մամուլում: Մենք այդ կապացկությամբ բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը և ասել ենք, որ կոալիցիա կազմել՝ չի նշանակում, որ այնտեղ գտնվող կուսակցությունները չեն կարող ունենալ իրարից տարբերվող կարծիքներ ու տեսակետեր: Երբեմն այդ կարծիքների տարբերությունները կարող են և այդ կարգի սխալ ենթադրությունների առիթ դառնալ: Սակայն բոլոր այն հարցերում, որտեղ ունենք կոալիցիոն համաձայնություններ և պարտավորություններ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրանց իրականացմանը: Այսօրվա դրությամբ քաղաքական կոալիցիայի աշխատանքը մենք էլ ենք արդյունավետ գնահատում:

-Այդուհանդերձ, խնդրում եմ կոնկրետ ասեք՝ ԲՀԿ-ն պատրաստվո՞մ է առաջիկայում դուրս գալ կոալիցիայից:

-Ես այդ հարցին պատասխանել եմ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, երբ լրագրողներ մոտեցան և հատկապես այդ հարցն ուղղեցին: Եթե լավ չի հասկացվել, կրկնեմ նորից՝ ԲՀԿ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից, և մենք շարունակում ենք համագործակցությունը կոալիցիոն համաձայնագրերի շրջանակներում:

-Տարվա վերջին օրերին մի տեսակ ակտիվություն նկատվեց ներքաղաքական դաշտում, եղան հայտնի դեպքերը, պաշտոնանկությունները, տեղի ունցան որոշ կադրային տեղաշարժեր: Ըստ որոշ վերլուծությունների, սպասվում են նաև ԲՀԿ նախարարների պաշտոնանկություններ: Դուք պատրաստվո՞մ եք փոխել ձեր նախարարներին:

-Մեզ համար քաղաքական կամ պետական պաշտոնները երբեք ինքնանպատակ չեն եղել: Ով կարող է այդ ծանրության տակ մտնել, իրեն վերապահված ոլորտը լավ կառավարել, նա էլ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մեզ մոտ ծանոթ-բարեկամ չկա: Մարդը գնահատվում է միայն ըստ իր գիտելիքների, մասնագիտական ու մարդկային որակների: Դուք տեսաք, որ տարվա ընթացքում մենք էլ կատարեցինք որոշ կադրային տեղաշարժեր, հետ կանչեցինք մեր նախարարներից երկուսին՝ նրանց տեղը առաջարկելով նորերի: Սա նորմալ, բնականոն գործընթաց է: Նույն կերպ եմ ես նայում նաև կոալիցիոն համաձայնությամբ հանրապետական գործընկերներին վերապահված ոլորտներում իրականացվող կադրային փոփոխություններին: Ինչ վերաբերում է մեր նախարարների պաշտոնանկության մասին լուրերին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես մեր նախարարների աշխատանքից գոհ եմ, հատկապես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի աշխատանքից, ով ահռելի աշխատանք է կատարում մեր երկրի առողջապահական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ:



-Դուք տարվա ընթացքում շարունակ բարեգործական միջոցառումներ էիք իրականացնում, և կարծիք կա, որ այդ բարեգործական ակցիաներով ձեր կուսակցությունը ձգտում է բարձրացնել իր վարկանիշը:

-Նման տեսակետը ինձ համար անընդունելի է: Մեր կուսակցության վարկանիշը շատ բարձր է, և դրա համար մենք այլ քայլերի դիմելու կարիք չունենք: Իսկ ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա ես երբեք բարեգործություն չեմ կատարել և չեմ կատարի կուսակցական սկզբունքից ելնելով, երբեք կուսակցության գործունեությունը չեմ նույնացնում մեր բարեգործական ծրագրերի հետ: Դրանք տարբեր բաներ են: Բարեգործությունը մարդու հոգու մեջ պետք է լինի: Իրականում բարեգործության մեջ մասշտաբները կամ ֆինանսական չափը չեն կարևոր: Յուրաքանչյուր մարդ, ով կարող է մի բարի գործ կատարել, դիմացինին օգնել, նեղության պահին ձեռք մեկնել, բարեգործ է: Այնպես որ, նման մեղադրանքներ հնչեցնողները նախ թող իրենց կյանքում փորձեն գոնե մեկ անգամ բարի գործ կատարել, և  իրենց իրավունք վերապահեն կարծիք հայտնել բարեգործության ու բարեգործների մասին: Իրականում կատարված աշխատանքի գնահատականը տվողը ժողովուրդն է: Բարեգործությունն ինձ համար կենսակերպ է: Եթե ինձ Աստված շատ է տվել, ապա ես էլ իմ հերթին, իմ ունեցածի մի մասը պարտավոր եմ վերադարձնել իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն: Օգտվելով առիթից՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Թող 2011 թ.-ը մեր պետության ու ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության, բարեկեցության ու ստեղծագործ աշխատանքի տարի:



Զրույցը վարեց Մարգարիտ Եսայանը: