ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԱՇՆԱՆԸ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ԽԻՍՏ ՀԱԳԵՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ»

09/02/2010
Սեպտեմբերի 2-ին «Ազդակ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը:

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը ևս մեկ անգամ շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչներին և մանկավարժներին Գիտության, գրի և դպրության օրվա առթիվ: Խաչիկ Գալստյանը ներկաներին շնորհավորեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ և նշեց, որ դա հայ ազգի լավագույն ձեռքբերումներից մեկն է:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ հասարակական-քաղաքական, առևտրատնտեսական և մարզական միջոցառումներ է նախաձեռնում իրականացնել ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշեց, որ աշնանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելու է մարզային այցելությունները, որոնց շրջանակներում հանդիպելու է մարզային գրասենյակների աշխատակիցների, ինչպես նաև կուսակցությանն անդամակցել ցանկացողների հետ: «Սպասվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր գրասենյակի բացման արարողությունը, որի շնորհիվ կուսակցության գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և հրապարակային,»,-նշեց պրն. Գալստյանը:

Անդրադարձ եղավ նաև առևտրատնտեսական հիմնախնդիրներին: Շուտով շահագործման կհանձնվի հայ-բելառուսական առևտրի տունը: «Բելառուսի նախագահի առաջարկությամբ հայ-բելառուսական առևտրի տուն է կառուցվելու նաև Մինսկում».- նշեց պրն. Գալստյանը:  Հոկտեմբերին սպասվում է նաև «Զառուբեժ էքսպո» տոնավաճառը, որի աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է:

«Սպասվում են նաև բազմաթիվ մարզական միջոցառումներ, աշխարհի առաջնություններ, մենք ակնկալում ենք հաղթանակներ մեր մարզիկներից»,-ասուլիսին նշեց ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակը: Խաչիկ Գալստյանը նշեց, որ այս տարի նույնպես պրն. Ծառուկյանը իրականացնելու է ակտիվ հասարակական գործունեություն, ընդլայնվելու է բարեգործական ակցիաների աշխարհագրությունը:

Մամլո ասուլիսի ավարտին Խաչիկ Գալստյանը ևս մեկ անգամ շնորհավորեց լրագրողներին տոնական օրվա կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք: