ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԵՐ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ Է, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

04/06/2009
Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ


- «Բարգավաճ Հայաստանը» եւս մյուս կուսակցությունների նման հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով: Իրո՞ք այդքան մարտական եք տրամադրված:
 
- Իսկ ինչո՞ւ եք կասկածում, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ Գագիկ Ծառուկյանը ինչ անում է, անում է ամենաբարձր մակարդակով: Մեր ցանկությունն է՝ հաղթել: Մենք մեր համամասնական ցուցակը հենց այնպես չենք կազմել, մեր ցուցակում հասարակությանը հայտնի մարդիկ են: Մեր թեկնածուն  հարգված է եւ որպես ղեկավար, ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ մեր ցանկությունն է, որ ինքը կարողանա ընտրվել եւ նույն գործունեությունը իրականացնել Երեւան քաղաքում: Մենք ընտրությունների գնում ենք հաղթելու համար:
 
- Դուք ասում եք՝ գնում եք հաղթելու համար, իշխանական կոալիցիայի մյուս անդամները եւս ասում են, որ գնում են հաղթելու համար, ուրեմն կոալիցիայի ներսում ինչ-որ բան ա՞յն չէ, որոշակի առճակատո՞ւմ կա:

- Ոչ մի առճակատում չկա, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր աշխատանքով, իր գործով, ժողովրդի մեջ ունեցած իր վստահությամբ մասնակցում է ընտրությանը, եւ շատ կարեւոր է, որ ժողովուրդը եւս մասնակցի ընտրություններին, մարդիկ գնան եւ ընտրեն՝ ում վստահում են, ում հավատում են, ում ծրագրին հավանություն են տալիս: Պետք է մասնակցեն եւ իրենց ձայնը տան այն թեկնածուին, այն կուսակցությանը, այն անձին, ում արած գործերը տեսել են, ում լավ են ճանաչում, ում վստահում են: Եթե ընտրողները իրենց ձայնը տան մեզ, ուրեմն լիարժեք մեր քաղաքապետն է լինելու եւ կատարելու է մարդկանց տված խոստումները, մեր կուսակցության ծրագրերը: Իսկ եթե կոալիցիայի ամեն մի անդամ-կուսակցություն առանձին-առանձին բավարար տոկոսներ չհավաքի, պարզ է, որ պետք է միանանք, ինչի՞ մասին է խոսքը: Բայց այս պահին բոլորս էլ գնում ենք հաղթելու համար, մենք ուզում ենք ստանալ ժողովրդի վստահությունը, ընտրողները պետք է գնահատեն մեր աշխատանքը, մեր թիմը, մեր ծրագիրը: Մենք գնում ենք նորմալ ընտրության, մենք պայքարելու ենք մաքուր ընտրության համար, արդար ընտրության համար:
 
- «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս է վերաբերվում այս ընտրություններին, սա Ձեզ համար քաղաքակա՞ն ընտրություն է:
 
- Մեզ համար բոլոր ընտրություններն էլ քաղաքական են: Ցանկացած ընտրություն մարդը կամ քաղաքական ուժը պետք է դիտարկի որպես իր ծրագրերի եւ կատարած աշխատանքի ընտրություն: Մենք չենք ուզում հենց այնպես գոյատեւել, այլ ուզում ենք աշխատել, թերությունները վերացնել, թիմը թարմացնել, նորից ու նորից ստանալ ժողովրդի վստահությունը: Այո, հասարակության մեջ այսօր կա մտահոգություն, որ Բեգլարյան Գագիկը, միեւնույն է, արդեն ընտրված է: Բայց Բեգլարյան Գագիկը նշանակված է, ընտրված չէ: Ընտրությունը պետք է լինի մայիսի 31-ին, եւ քաղաքացիները պետք է մասնակցեն եւ ասեն իրենց խոսքը, եւ յուրաքանչյուրի ձայնը շատ կարեւոր է:

- Շատերն են անհանգիստ, որ Երեւանի ավագանու ընտրություններում հանկարծ չկրկնվի «մարտի 1»-ը:
 
- Ոչ, «մարտի 1» չի կարող լինել: Մենք գնում ենք ընտրության, ժողովուրդը ում ձայն տա, նրան էլ կտա, եւ նա էլ կընտրվի: Մենք միասնական պայքարելու ենք արդար ընտրության համար, այն բանի համար, որ ժողովուրդը իր ձայնը տա նրան, ում նախընտրում է:

- «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական կոչերը ե՞ւս լինելու են Դաշնակցության կոչերի նման, դուք ե՞ւս ընդդիմադիր կոչեր եք անելու:
 
- Մենք երբեք ու երբեք այդպիսի հայտարարություններ չենք անելու, մենք ուրիշին չենք փնովելու, ուրիշի վրա ցեխ չենք շպրտելու: Մենք ասելու ենք՝ տվեք ձեր ձայնը եւ պահանջեք: Մեր խոսքը գործ է: Կա ծրագիր, կա աշխատանք: Մենք քիչ ասել, շատ արել ենք: Մենք մեր հնարավորությունից շատ խոսք ենք տալիս, ավելին անում ենք. դա է մեր բնութագիրը, մեր աշխատանքի ոճը: Իսկ ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ հեղինակություն չենք ուզում ձեռք բերել, ցեխ չենք շպրտելու ոչ Դաշնակցության, ոչ ՀՀԿ-ի, ոչ կառավարության, ոչ «Օրինաց երկրի» եւ ոչ էլ ընդդիմության վրա: Ազատ ընտրություն է, մենք գնում ենք ընտրության, եւ մեր խոսքը գործ է: