ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԲՀԿ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

07/17/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հուլիսի 12-ին մեկնարկեց  ԲՀԿ ուսանողական ամառային դպրոցը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի պետական և ոչ պետական բուհերը ներկայացնող 100-ից ավելի ուսանողներ:




Ուսանողական ամառային դպրոցը կայացավ «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցային համալիրում և տևեց 7 օր: Ծրագրի շրջանակներում կայացան հանդիպումներ հասարակական-քաղաքական ոլորտի բազմաթիվ ճյուղերի փորձագետների հետ, ինչպես նաև գործադիր և օրենսդիր մարմնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչների հետ: Ամառային դպրոցի շրջանակներում ուսանողները կազմեցին երեք խմբեր, որոնց հետ աշխատում էին թրեյներներ: Ծրագրի շրջանակներում ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքներին, ինչպես նաև ստացան ծրագրերի նախապատրաստման և իրականացման հիմնարար գիտելիքներ:

Ուսանողական-ամառային դպրոցի շրջանակներում հուլիսի 17-ին երիտասարդներին հանդիպեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանին ամառային դպրոցի ուսանողները ողջունեցին մեծ խանդավառությամբ և ներկայացրին ամառային դպրոցում իրենց շաբաթական աշխատանքը:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը,  ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Գրիգոր Պետրոսյանը և ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ուսանողական ամառային դպրոցի կազմակերպիչ Հայկ Ակարմազյանը շրջեցին տաղավար-ցուցասրահով, որտեղ ներկայացված էին  ուսանողական ծրագրեր` ուղղված երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը:



Պարոն Ծառուկյանը ծանոթացավ ուսանողների աշխատանքներին և պատրաստակամություն հայտնեց հնարավորություն տալ երիտասարդներին իրականացնել իրենց մտահղացումները: Տաղավար-ցուցասրահից ԲՀԿ նախագահը շարժվեց նիստերի դահլիճ, որտեղ նախատեսված էր հանդիպում ամառային դպրոցի ուսանողների հետ:





Կայացավ հարց-պատասխան հանդիպում ԲՀԿ ղեկավարի հետ: Պարոն Ծառուկյանը նշեց, որ ուսանողական-երիտասարդական ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, և ինքը պատրաստ է աջակցելու ցանկացած ծրագրի, որը կնպաստի ուսանողության և երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը:«Մենք պետք է ավելի կարևորենք երիտասարդների դերը մեր երկրում: Երիտասարդներն են մեր ապագան, և մենք պետք է օգնենք մեր ուսանողներին մեր երկրի փայլուն ապագայի համար»-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը: Հանդիպման պաշտոնական ավարտից հետո կայացավ ոչ ֆորմալ ձևաչափով հանդիպում ուսանողների և պարոն Ծառուկյանի միջև: