ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՊԱՌԼԱՄԵՆՏ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻՆ

06/11/2010
Ձեր քաղաքական գործունեության հիմնաքարը կարելի է համարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը: Ինչպե՞ս առաջացավ կուսակցություն ստեղծելու միտքը:

Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել, որ ես քաղաքականություն եմ մտել ավելի վաղ, մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը: 2003 թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր և միայն դրանից հետո եմ հիմնադրել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:  Ինչ վերաբերում է կուսակցության ստեղծման պատճառներին, ապա դրանք մի քանիսն են.



1.    Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր անտարբեր չեն կարող մնալ իրենց երկրի ճակատագրի ու ապագայի հանդեպ: Ես կարող էի իմ ստեղծած հարստությունը  հանգիստ վայելել մինչև խոր ծերություն, բայց սիրելով իմ հայրենիքը, սիրելով իմ ժողովրդին, ես որոշեցի մտնել մեծ քաղաքականություն, որպեսզի պիտանի լինեմ իմ ժողովրդին, ուժերիս ներածին չափ ծառայեմ իմ երկրի հզորացման ու բարգավաճման գործին:

2.     Բացի այդ, քաղաքականության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն կա: Եթե դու չես հետաքրքրվում քաղաքականությամբ , ապա քաղաքականությունն անպայման կզբաղվի քեզնով: Քաղաքականությունից դուրս մարդը չի կարող լինել: Առավել ևս խոշոր բիզնեսը: Ես կարող եմ այս հարցի շուրջ բանավիճել ցանկացածի հետ, ով կփորձի ապացուցել հակառակը: Գործարարն է պետության հենասյունը, ով մտահոգ է երկրի կայունության ապահովման, նրա տնտեսական զարգացման ու հզորացման հարցում: Ուղղակի մեր իրականացության մեջ կան մարդիկ, ովքեր քաղաքականությունն են ծառայեցնում որպես բիզնես, իսկ ես բիզնեսից եկել եմ քաղաքականություն, որպեսզի, որպես գործարար, արդեն իսկ ձևավորված հեղինակությունն ու հարգանքը ծառայեցնեմ իմ ժողովրդին:

 
3.    Եվ վերջապես, կուսակցության ստեղծման իմ նպատակներից մեկը կայանում էր նրանում, որ ստեղծվեր այնպիսի քաղաքական ուժ, որին մեր ժողովուրդը կհավատար, որովհետև այդ կուսակցությունում տեղ ունեն միաժամանակ արժանավորները, իրենց գործի գիտակ ու բանիմաց մարդիկ, որոնք վայելում են մեծ հեղինակություն և ժողովրդականություն: Ես կյանքում ավելի շատ գործի, քան խոսքի մարդ եմ: Եվ ես աշխատում եմ, որ իմ կուսակցությունն էլ լինի գործի, այլ ոչ թե խոսքի կուսակցություն:

Իսկ արդյո՞ք մտավախություն չկար, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ շատ ու շատ կուսակցությունների նման կմնար ստվերում:

Նման մտավախություն ես երբևէ չեմ ունեցել: Ես հավատում եմ իմ ուժերին, հավատում եմ իմ թիմակիցներից յուրաքանչյուրի ունակությանը, վստահ եմ, որ մեր ծրագրերն ու նպատակներն արդար են: Ես կյանքում միշտ առաջնորդվել եմ խոսքս գործ դարձնելու կարգախոսով: Երբեք մարդկանց ավելորդ խոստումներ չեմ տվել, քիչ խոսել, շատ գործել եմ: Դուք չեք գտնի որևէ մեկին, ով մեր կողքն է կանգնել ստիպողաբար: Մարդիկ համախմբվել են մեր շուրջը հանուն գաղափարի, հանուն մեր և մեր երեխաների վաղվա փայլուն ապագայի, հանուն մեր երկրի հզորացման ու բարգավաճման: Որպես նորաստեղծ քաղաքական ուժ, մենք պետական ոչ մի լծակ չենք ունեցել, ապավինել ենք բացառապես մեր ժողովրդի աջակցությանն ու վստահությանը: Իսկ մեր ժողովուրդը իմաստուն է, կարողանում է ճիշտ գնահատել մարդու կատարած աշխատանքը, ներդրումն ու նվիրվածություն իր երկրին ու ժողովրդին: Քաղաքականության մեջ էլ ես հավատում եմ մեր գործի հաջողությանն ու մեր երկրի բարգավաճ ապագային: Այդ իսկ պատճառով էլ ամենևին պատահական չեմ համարում մեր շռնդալից մուտքը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ: Ընդամենը առաջին անգամ մասնակցելով 2007 թ. խորհրդարանական ընտրություններին, մենք կարողացանք երկրորդ տեղը գրավել և ՀՀ ԱԺ-ում ձևավորել մեծությամբ երկրորդ խմբակցությունը: 2009 թ. մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ևս ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն կենսունակ ու մրցունակ քաղաքական ուժ է: Իսկ դա միայն մեկ բանի հետևանք է: Պետք է անսասան կամք, ձգտում, աշխատասիրություն ու հետևողականություն: Իսկ մնացածն արդեն մեր ժողովուրդը կգնահատի: Ես վստահ եմ, որ Աստված, ժողովուրդն ու ժամանակն են ամենամեծ դատավորները:

Ի՞նչ եք կարծում, կուսակցությունում գրանցված բազմաոլորտ ու բազմաթիվ հաջողությունները նաև թիմային նաշխատանքի արդյունք են, թե , այնուամենայնիվ, Ձեր կամքի ուժի, նպատակասլացության, աշխատասիրության, ինչպես նաև համառ բնավորության հետևանքն է:



Ընդհանրապես կյանքում ես միշտ հույսս դել եմ սեփական ուժերիս վրա: Որևէ ծանոթ, բարեկամ, այլ կարգի հովանավորե չեմ ունեցել: Ինչի որ հասել եմ, հասել եմ բացառապես իմ և իմ ընտանիքի աշխատասիրության, կամքի ու նվիրվածության շնորհիվ: Ես երբևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, մոնոպոլիաներ կամ նման արտոնություններ չեմ ունեցել: Սակայն այդ բոլոր հաջողությունները չէին լինի, եթե չլինեին նաև իմ հավատարիմ թիմակիցները, կուսակից ընկերները, որոնց հետ մենք լուրջ քաղաքական ճանապարհ ենք անցել: Իհարկե, ես համաձայն եմ ձեզ հետ, որ յուրաքանչյուր հաջողության բանաձև իր մեջ պարունակում է և կամք, և նպատակասլացություն, և աշխատասիրություն: Միայնակ մարդը ոչինչ անել չի կարող, ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ մի ծաղկով գարուն չի գա: Միայն միասնական ջանքերով, համատեղ, ստեղծագործ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել մեր վերջնական նպատակին՝ տեսնել մեր հայրենիքը հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ:

Ձեր պատկերացմամբ որո՞նք են բարգավաճ Հայաստան ունենալու չափանիշներն ու հեռանկարները:

Ես արդեն նշեցի, որ մեր բոլոր նպատակներին մենք կարող ենք հասնել միայն մեր ժողովրդի միասնականության, համատեղ աշխատանքի ու համերաշխության միջոցով:
Դրա համար էլ պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր գաղափարախոսությունը կառուցում է քաղաքացիական համաձայնության, համերաշխության ու հասարակական համախմբվածության գաղափարների վրա, քաղաքական դաշտում հանդես է գալիս որպես կենտրոնամետ քաղաքական ուժ, մերժում է արկածախնդրությունն ու պոպուլիզմը: Մենք կարծում ենք, որ միայն խաղաղ, ստեղծագործ աշխատանքով, միայն՝ բանվոր ու շինարար, իշխանավոր և ընդդիմադիր, պաշտոնյա և մտավորական, կարող ենք հասնել մեր ազգի նվիրական երազանքներին: Իսկ դրա համար, նախևառաջ, պետք է պայմաններ ստեղծել մարդկանց աշխատանքի, երիտասարդների ինքնադրսևորման, տարեցների ու թոշակառուների արժանավայել ծերության համար: Մեր ժողովուրդն աշխատասեր, ստեղծող ժողովուրդ է, որը նա դարերով է ապացուցել: Հարկավոր է միայն նպաստավոր պայմաններ, նվազագույն հնարավորություններ, և մենք շուտափույթ կհասնենք բարգավաճ Հայաստանի մեր տեսլակաին:

Անդրադառնանք Գ. Ծառուկյանի միջազգային գործունեությանը: Արտաքին կապերն ու փոխհարաբերությունները ինչպե՞ս եք ծառայեցնում ի նպաստ մեր երկրի, մեր ժողովրդի:

Այո, մենք մեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ մեծ տեղ ենք հատկացնում նաև միջազգային կապերի և համագործակցության խորացմանը: Այդ առումով վերջին երկու տարիները շատ հագեցած էին: Ես մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցա Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկրների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումների, այցելությունների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների միջև համագործակցության սերտացման, այդ երկրների հետ առևտրաշրջանառության ավելացման, տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և մի շարք այլ ուղղություններով: Դրանք կարող են նոր հեռանկարներ բացել հանրապետության տնտեսական զարգացման և գործարար միջավայրի բարելավման համար: Բնականաբար, ես տարբեր հրավերներ եմ ունենում նաև որպես հայաստանյան առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար: Վ. Յանուկովիչի անձնական հրավերով մասնակցել եմ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» համագումարին, Բորիս Գրիզլովի հրավերով Ս. Պետերբուրջում՝ «Եդինայա Ռոսիյայի» համագումարին: Ուրախ եմ, որ մեր ուկրաինական գործընկեր կուսակցության ղեկավարը վերջերս կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տարավ: Միջկուսակցական նման շփումները կարևոր միջոցառումներ են, որտեղ հնարավորություն կա անմիջական հաղորդակցման ժամանակ անկաշկանդ քննարկել մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Ինչպես գիտեք՝ ԲՀԿ համագումարին ներկա են եղել մի շարք օտարերկրյա պատվիրակություններ: Սա նորմալ և բնականոն հարաբերություններ են, որից շահում է միայն մեր պետությունը:

Ւ դեպ, միշտ չէ, որ ես արձագանքում եմ դրսի հրավերներին: Իմ երաշխավորությամբ կուսակցության ղեկավար մարմնի անդամները հաճախ մեկնում են տարբեր համագումարների, կոնֆերանսների: Սա փորձի ձեռքբերման, միջկուսակցական խիստ անհրաժեշտ կապերի հաստատման կարևոր գործընթաց է:

ՀՀ ԱԺ պատգամավոր լինելը փոխեց կամ փոխո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի կյանքը, թե այդ պաշտոնը պարզապես օգնում է ճիշտ որոշումներ կայացնել հանուն Հայաստանի զարգացման:

Ինձ համար Ազգային ժողովի պատգամավորական մանդատը ինքնանպատակ չէ: Այն իրականում ոչ թե արտոնություն է, այլ  կրկնակի պատասխանատվություն՝ և որպես մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր, և որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար: Ես, որպես թիվ 28 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ամենօրյա շփման մեջ եմ իմ տարածքի բնակիչների, ընտրողների հետ: Մարդիկ մեզ են դիմում տարբեր հիմնահարցով, և ես աշխատում եմ հնարավորինս չափ լուծում տալ այդ խնդիրներին: Բացի այդ, մեր դեպքում կա նաև քաղաքական պատասխանատվության կրկնակի բեռ՝ կապված «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության գործունեության հետ: Որպես ֆրակցիայի ղեկավար, իմ բնավորության համաձայն ես մարդկանցից միշտ պահանջում եմ անել ավելին, քան անում են: Երբեք չի կարելի գոհանալ և բավարարվել արդեն արվածով: Ժամանակը միշտ նոր խնդիրներ է դնում: Ես պատգամավորներից պահանջում եմ լինել ակտիվ՝ մասնակցել բոլոր քննարկումներին, խմբակցությունում կազմակերպել քննարկումներ: Խմբակցության պատգամավորների առաջ մշտապես խնդիր է դրվում լինել բաց և հասանելի հասարակության, լրատվամիջոցների համար: Թերություններ և խնդիրներ, իհարկե, կան: Բայց վստահ եմ, տարեցտարի խմբակցության աշխատանքի որակը կբարձրանա: Տարբեր պատվիրակություններում ընդգրկված մեր պատգամավորներից ես պահանջում եմ առավելագույն նվիրվածություն և պրոֆեսիոնալիզմ: Յուրաքանչյուրն իր տեղում, իր պատասխանատվության չափով պետք է կարողանա պաշտպանել մեր երկրի շահերն ու հեղինակությունը:

Թերևս Դուք այն քաղաքական գործիչն եք, որ փաստացի նաև բարեգործ է: Հատկապես որ ոլորտներին կամ որ սոցիալական խմբերին են ուղղված Ձեր բարեգործությունները:

Այո, ես զբաղվում եմ բարեգործությամբ: Դա իմ կյանքի կենսակերպն է: Եթե ինձ Աստված շատ է տվել, ապա ես էլ, իմ հերթին, իմ ունեցածի մի մասը պարտավոր եմ վերադարձնել իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն: Բերագործակալն ծրագրերի համար ոլորտային հատուկ նախապատվություններ չունեմ և փորձում եմ հնարավորության սահմաններում օգնել բոլորին: Սակայն մի փոքր ինձ համար կարևոր է մեր կարիքավոր երիտասարդությանը նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելը: Երիտասարդներն են երկրի ապագան: Ես այն կարծիքին եմ, որ ոչ մի շնորհալի երիտասարդ չպետք է զրկված լինի սովորելու հնարավորությունից գումար չլինելու պատճառով: Ես փորձում եմ, որքան հնարավոր է, օգնել նրանց ուսման վարձերի զեղչման, ուսանողական անվճար ավտոբուսների տրամադրման հարցերում: 2009 թ.-ի ընթացքում հանրապետության մի շարք քաղաքների և ԲՈՒՀ-երի ուսանողությանը գումարներ հատկացվեցին ուսման վարձավճարների զեղչման համար: Սակայն այստեղ պետք է նաև պետության համապատասխան ռազմավարություն մշակել, երիտասարդներին տրամադրել ուսանողական երկարաժամկետ  վարկեր, որպեսզի նրանք կարողանան սովորել, կրթություն ստանալ, իսկ արդեն աշխատանքի անցնելուց հետո աստիճանաբար վերադարձնել այդ վարկերը: Իհարկե, մեր բարեգործական ծրագրերից դուրս չեն մնում նաև տարեցներն ու թոշակառուները: Հասարակության այս շերտը ունի հատուկ ուշադրության և հոգածության կարիք, ոչ այնքան նյութական, որքան ուշադրության, հարգանքի ու մեծարանքի: Ցավոք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց նաև Հայաստանին: Այսպիսի պայմաններում էապես մեծանում է օգնության կարիք զգացող հասարակության խոցելի խմբերի թիվը: Այդ իսկ պատճառով էլ ես որոշեցի էլ ավելի ընդլայնել իմ բարեգործական գործունեությունը, քանի որ դրա անհրաժեշտությունն այսօր ավելի շատ է: Այսքանը, թերևս, բավական է, ես չեմ սիրում շատ խոսել այս թեմայով, նախընտրում եմ ավելի շատ գործով օգնել:




Իսկ քաղաքական դաշտում ի՞նչն է նպաստել նման վարկանիշի ձեռքբերմանը:

Ինձ համար դժվար է խոսել մի կուսակցության վարկանիշի մասին, որի ղեկավարն եմ ես, քանի որ այդ դեպքում դժվար է խուսափել սուբյեկտիվ գնահատականներից: Սակայն մի բան ակնհայտ է, և ես համոզված կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը անընդհատ աճում է, և իմ խորհին համոզմամբ, դեռ չի հասել իր գագաթնակետին: Մարդիկ տեսնում, գնահատում են կատարված աշխատանքը: Մենք ավելորդ խոսքեր չենք շռայլում, սին խոստումներ չենք տալիս: Մեր ժողովուրդը հոգնել է դատարկ խոսքերից ու փուչ խոստումներից: Քաղաքականությունը մեզ համար մշտական գործունեության բնագավառ է: Մենք գործում ենք ոչ թե ընտրություններից ընտրություն, այլ մշտապես:Իսկ նման հետևողականությունը անպայման իր արդյունքները տալիս է, ինչի ականատեսն ենք: Այնպես որ, կուսակցության ռեյտինգային աճի դինամիկան դրա խոսուն ապացույցն է, որ գնալով մեր կուսակցության նկատմամբ հասարակական վստահությունը ավելանում է:

Հայտնի քաղաքական գործիչն ինչպես է վերաբերվում իրեն ուղղված քննադատություններին ու ասեկոսեներին:
 
Յուրաքանչյուր մարդ պետք է նորմալ վերաբերվի քննադատությանը, եթե այն տեղի է ու հիմնավոր: Անթերի մարդ չկա: Ես կողմնակից եմ առողջ քննադատությանը, բայց ոչ որևիցե անձնական վիրավորանքներին, բամբասանքներին և ասեկոսեներին: Դրանք բոլորը թույլ մարդու զենքերն են, նրանց ինքնապաշտպանական բնազդի  յուրօրինակ դրսևորումները: Ուժեղ մարդը երբեք դրանց կարիքը չունի: Ուղղակի, մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչ մի լավ բան կյանքում չարած, ոչ մեկին լավը չցանկանալով, չարախոսում են ուրիշների արածի վրա: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Ինչպես մեր ժողովուրդն է ասում «Չոր բանը մարդուն երբեք չի կպչում»: Այնպես որ, այդ ասեկոսեները, բամբասանքները երկար կյանք չեն ունենում և ավելի շատ ունենում են բումերանգի էֆֆեկտ դրանք տարածողների նկատմամբ:

Որպես ՀՀ առաջատար քաղաքական կուսակցության նախագահ և քաղաքական գործիչ, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները ինչպես եք գնահատում և ինչպիսին է Ձեր կուսակցության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին: Հասկանում եմ այն մեծ ուշադրությունը, որ կա հասարակության մեջ տվյալ խնդրի վերաբերյալ: Իհարկե, որքան էլ պարզաբանումները լինեն մանրակրկիտ, այդուհանդերձ այդ թեմայի վերաբերյալ թերահավատությունը  և քննարկումները լինելու են մշտապես:
Անշուշտ , ես որպես պետության առաջատար քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, մշտական ուշադրության կենտրոնում եմ պահում խնդիրը և տեղյակ եմ բոլոր զարգացումներին: ԲՀԿ-ն  միանշանակ կողմ է երկկրողմ հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին, նորմալ տնտեսական, մշակութային, ինչու չէ՝ միջմարդկային հարաբերություններին: Սա, մեծ հաշվով, այլընտրանք չունեցող մոտեցում է: Ես հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը՝ կա՞ն արդյոք  մտահոգություններ. Իհարկե կան: Բայց,վստահ եմ, իրական մտահոգությունները ստորագրված արձանագրությունների մեջ չեն: Պետք է անկեղծ լինել. Դրանք իրենց մեջ չեն պարունակում վտանգավոր որևէ դրույթ:
 
Շատ ավելի զգույշ պետք է լինել հետարձանագրային զարգացումների հանդեպ: Մեզ մտահոգում է այն իրողությունը, որ Թուրքիայի իշխանությունը զանազան պատճառաբանություններով ձգձգում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը  և չեն շտապում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործնական քայլեր իրականացնել: Մեզ չի կարող չմտահոգել մասնավորապես այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանություները հայ թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարբեր լսարանների համար արված հայտարարություններում, փորձում են կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում առաջընթացի հետ: Սա մեզ համար, բնականաբար, չի կարող ընդունելի լինել և այս իմաստով, մեր երկրի քաղաքական և դիվանագիտական ներուժը պետք է պատրաստ լինի հակազդելու նման ցանկացած զարգացումներին: Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ այն պահին, երբ Թուրքիան հայկական կողմի հետ երկխոսության, բանակցության ընթցքում կխոսի որևէ նախապայմանի մասին, մեզ համար Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ, բայց հասկանալի է, որ դա չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հաշվին:




Լինել բազմաթիվ բնագավառներում առաջնորդ՝ ենթադրում է ընտանիքին քիչ ժամանակ տրամադրել: Արդյոք նրանք դժգոհություն չեն հայտնում:

Եթե աշխատանքային օրակարգը ճիշտ կազմակերպես, ապա ամեն ինչի համար էլ ժամանակ կգտնես: Իհարկե, չեմ կարող պարծենալ, որ ժամանակիս մեծ մասն անց եմ կացնում ընտանիքիս հետ: Երեխաներիս դաստիարակման գործում մեծ ավանդ ունեն նաև իմ մայրը և կինը, ովքեր ավելի շատ ժամանակ են տրամադրում երեխաների դաստիարակմանը, նրանց առօրյային, քան ես: Աշխատանքի բերումով իմ զբաղվածությունը թույլ չի տալիս ինձ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Սակայն ամեն ինչից զատ, ես աշխատում եմ, որ տարին մի քանի անգամ մենք ընտանիքով մեկնենք հանգստի և միասին ժամանակ անցկացնենք:
Բացի այդ, մեր ընտանիքում ամուր հիմքերի վրա են մեր ազգային ավանդույթները, և ես ձգտում եմ, որ այդ ավանդույթները փոխանցվեն նաև մեր երեխաներին, ովքեր լինելու են մեր գործի շարունակողները:

Ձեր երեխաներից ովքե՞ր են ցանկություն հայտնել դառնալու իրենց հայրիկի հետնորդն ու հետևորդը:

Հայկական ընտանիքում, բնականաբար, գործի շարունակողներն են հանդիսանում տղաները: Իմ տղաները երկուսն են՝ Նվերը և Հովհաննեսը: Նրանք դեռ շատ փոքր են, նրանց ամբողջ կյանքը առջևում է, և այսօր խոսել հայրիկի հետնորդ կամ հետևորդ լինելու մասին, դեռ վաղ է: Նվերն արդեն զբաղվում է սպորտով, ընտրել է բռնցքամարտ մարզաձևը: Ի դեպ, փոքր հասակում ես նույնպես զբաղվել եմ այդ մարզաձևով: Ամենակարևորը, ես ինչ անում եմ, անում եմ իմ երեխաների, իմ ժողովրդի փայլուն ապագայի համար, որ նրանք կարողանան ամուր կանգնել հայրենի հողի վրա, պիտանի մարդ դառնան մեր ազգի ու մեր պետության համար:

Այն բազմաթիվ ու բազմաբնույթ շքանշաններից ո՞րն է Ձեզ համար առավել պարտավորեցնող ու հոգեհարազատ:

Դրանք բոլորն էլ թանկ են ինձ համար, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնակի խորհուրդն ու նշանակությունը: Նման պարգևները, շքանշանները և պատվաբեր են, և պարտավորեցնող: Պատվաբեր են, քանի որ դրանք կատարված աշխատանքի յուրօրինակ գնահատական են: Ընդհանրապես յուրաքանչյուր մարդ իր կյանքում, իր գործունեության ընթացքում պետք է որոշակի հետք և ուրույն ձեռագիր թողնի: Կյանքում ամեն ինչ անցողիկ է ,  աստծո կողմից մեզ տրված ժամանակշրջանը պետք է այնպես ապրել, որ գոնե մի քանի սերունդ հիշեն քեզ ու քո թողած գործերը: Ամեն մարդ էլ իրեն լավ է զգում, երբ իր կատարած աշխատանքը գնահատվում է ժողովրդի, հասարակության, շրջապատի կողմից:  Մյուս կողմից էլ իմ ստացած պարգևները ևս մեկ անգամ պարտավորեցնում են ինձ շարունակել ընտրած ուղին՝ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին անմնացորդ ծառայելու ճանապարհը:

Դուք բավականին բազմազբաղ մարդ եք: Դժվար չէ՞ համատեղել քաղաքականությունը, ընտանիքը, բիզնեսն ու սպորտը:

Իրականում, եթե դու սիրում ես ընտանիքդ, հայրենիքդ ու մինչև վերջ նվիրված ես գործիդ, ապա հնարավոր է այդպիսի համատեղում: Ընտանիքն ինձ տվել է ջերմություն, բարություն և գթառատություն, բիզնեսը՝ ճշտապահություն, արագ կողմնորոշվելու և վճռական գործելու ունակություն, սպորտը՝ հաղթանակի կամք ու հարգանք մրցակցի նկատմամբ, իսկ քաղաքկանության մեջ ես աշխատում եմ հենց այդ հատկանիշներով առաջնորդվել: Այնպես որ, անհնարին ոչինչ չկա, միայն հարկավոր է կամք, ձգտում, աշխատասիրություն, և իհարկե, աստծո օրհնություն: