ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

05/24/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է տարբեր ոլորտների հարյուրից ավելի երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպման նախաձեռնությունը հենց երիտասարդներինն է, մասնավորապես «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամներինը:







Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդ գիտնականներին հուզող բազմաթիվ հարցեր, հնչեցին առաջարկություններ: Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այս ձևաչափի հանդիպումները պարբերական են լինելու, որոնց ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող երիտասարդները կարող են ներկայացնել յուրաքանչյուր բնագավառում առկա խնդիրները: «Մենք պետք է ունենանք մեր ծրագիրը, քանի որ շատ փոփոխություններ են եղել, պետության առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, ամեն մի գիտնական իր ոլորտին համապատասխան պետք է ծրագիր ներկայացնի, որը կնպաստի պետության բարգավաճմանը»,-ելույթում մասնավորապես նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Երիտասարդ գիտնականների արտագաղթ, գիտության ֆինանսավորման պակաս, գիտական սարքավորումների բարձր մաքսատուրք և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերը քննարկվեցին կլոր սեղանի շուրջ: