ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման նպատակահարմարությունը խիստ կասկածելի է. Զոհրաբյան
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի կողմից եղել է առաջարկ, որ հանդիպեն ԵԽԽՎ-ում հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ համար այդ հանդիպման նպատակահարմարությունը խիստ կասկածելի է, հաշվի առնելով, թե ապրիլյան ողբերգական դեպքերը, թե Նոր տարվա նախաշեմին Ադրբեջանի կողմից հերթական դիվերսիան: Ես անձամբ հայ-ադրբեջանական հանդիպման նպատակահարմարությունը չեմ տեսնում, բայց իհարկե դա կորոշի պատվիրակության մեծամասնությունը»,-նշնշեց Զոհրաբյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այնտեղ քննարկվելու է ուկրաինացի պատվիրակ Վոլդիմիր Արիեւի զեկույցը` Եվրոպայում մամուլի ազատության գործով, որտեղ Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս:
«Իմ տպավորությամբ, այդ տղան զեկույցը գրել է ընդամենը նրա համար, որպեսզի 2 տեղ Ղարաբաղը նշի Ադրբեջանի մաս:
Ես հակընդդեմ զեկույց էի պատրաստել, Արիեւի անպատասխանատու զեկույցին, սակայն ցավոք, այս անգամ չեմ կարողանա մասնակցել նստաշրջանին:
Իհարկե ես հասկանում եմ, որ լավ չի, որ պատվիրակությունն ամբողջ կազմով չի մեկնի, որովհետեւ բավականին բարդ նստաշրջան է սպասվում: Մասնավորապես ես ու Միքայել Մելքումյանը մեկնել չենք կարող, որովհետեւ նախընտրական շատ կարեւոր փուլ է, բայց ես կարծում եմ, որ մեր գործընկերները, որոնք մեկնելու են, կկարողանան արժանապատիվ ներկայացնել բոլոր խնդիրները»,-ասաց Զոհրաբյանը:
Մեր տեղեկություններով, նախընտրական փուլի պատճառով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին չեն մասնակցելու նաեւ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Հայկական պատվիրակությունից նստաշրջանին կմասնակցեն միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Նաիրա Կարապետյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված օրակարգի համաձայն՝ նստաշրջանում քննարկվելու են նաև Եվրոպայում լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների, ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին հարցերը, հրատապ ռեժիմով քննարկվելու է Թուրքիայում դեմոկրատական ինստիտուտների համակարգման հարցն ու Սիրիայի վերջին զարգացումներին վերաբերող խնդիրները: