ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դաժանությունները պետք է որակի որպես ռազմական հանցագործություն. Նաիրա Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի յուրաքանչյուր նստաշրջանում որեւէ ակտուալ խնդիր դառնում է հրատապ թեման քննարկման համար. ապրիլի 18-ին մեկնարկելիք նստաշրջանում այդ թեման Ղարաբաղյան հակամարտությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հայկական պատվիրակությունը թեմայի վերաբերյալ փաթեթն ուղարկել է բոլոր քաղաքական խմբերին, այդ թվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին: Մենք նրանց ուղարկել ենք մեր ձեռքի տակ եղած նյութերը, որոնք փաստում են Ադրբեջանի կողմից իրականացված խոշտանգումների եւ դաժանությունների մասին: Արդեն իսկ փաստ է, որ 18 զինծառայողները, որոնց մարմիններն ադրբեջանական կողմը երեկ հանձնել է, անասելի խոշտանգումների են ենթարկվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ փաստերն այնքան ակնառու են, որ եթե միջազգային հանրությունն ի սկզբանե չի որոշել կողմնակալ լինել, կատարվածը կորակի՝ որպես ռազմական հանցագործություն:
Հայկական պատվիրակությունը մտադիր է նաեւ ապրիլի 18-ին կայանալիք նիստում անդրադառնալ նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի կողմնակալ հայտարարությանը:
«Չպետք է մոռանալ, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ալիեւի մամուլի խոսնակի պարտականությունները կատարող Պեդրո Ագրամունտը: Մեր կողմից պետք է նիստի ժամանակ գնահատական տրվի Ագրամունտի խիստ հայտարարություններին: Ես անձամբ բարձրացնելու եմ այս խնդիրը, քանի որ աննախադեպ իրավիճակ ունենք. 47 անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահն Ալիեւի մամուլի խոսնակն է»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում մտադիր են ապրիլի 18-ին մեկնարկելիք գարնանային նստաշրջանի առաջին օրը քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտության վերջին եւ ողբերգական էսկալացիան» թեմայով։
Գարնանային նստաշրջանի գլխավոր զեկուցողներն են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Վրաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Գեորգի Քվիրիքաշվիլին եւ Ահմեդ Դավութօղլուն։ Նստաշրջանում քննարկվելու է նաեւ Եվրոպայում փախստականների ճգնաժամը։
Ելույթ կունենան Բուլղարիայի արտգործնախարարը, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Դանիել Միտովը, ԵՄ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը։