Տեսնելով ժողովրդի պահանջը` Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն վերադառնալուն դրական պատասխան կտա. Վահե Էնֆիաջյան

12/05/2016

ԲՀԿ  քաղաքական խորհրդի քննարկման հիմնական թեման եղել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նրա  խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող տարաբնույթ հասարակական-քաղաքական գործընթացներից, տնտեսական իրավիճակից  դուրս գալու ելքեր են պետք, իսկ այդ ելքը անձամբ ինքը տեսնում է Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ. « Գագիկ Ծառուկյանի անհատականության, նրա մարդկային որակների առկայության պարագայում քաղաքական դաշտում հնարավոր կլինի իրագործել մի շարք լայնածավալ ծրագրեր, որոնք արդեն խնդրահարույց են երկրի համար: Ծառուկյանի առաջնորդությամբ քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են արձանագրվել»: Էնֆիաջյանը հայտնեց, որ քաղխորհրդի նիստից հետո հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկման հիմնական բաղադրիչն էլ  եղել է քաղաքացիների սոցիալական վիճակն ու Հայաստանում հնարավոր ներդրումների հարցը: Հարցին, թե ինչպես է արձագանքել Ծառուկյանը, Էնֆիաջյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն այն անհատականությունն է, որը տեսնելով ժողովրդի պահանջը՝ դրական պատասխան կտա: Հարցին, թե ԲՀԿ-ն քննարկե՞լ է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, ԲՀԿ քարտուղարը բացասական պատասխան տվեց. «Դաշինքով մասնակցելու որևէ հարց չենք քննարկել, սակայն քննարկել ենք առաջիկա ընտրություններին նոր որակներ հաղորդելու հարցը»: Էնֆիաջյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղ նախաձեռնությամբ աշխատեն, որպեսզի օրենքի տառին համապատասխան ընտրություններ անցկացվեն 2017 թվականի ապրիլի 2-ին:

http://newsroyal.com/view_post.php?id=248341