Ստանիսլավսկին ողջ լիներ,Նեմիրովիչ-Դանչենկոն էլ հետը կասեին` «Не верю». Ն. Զոհրաբյանը` Փոստանջյանի և մյուս ընդդիմադիրների մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին Զարուհի Փոստանջյանի ու այլ ընդդիմադիրների մեղադրանքներին, նկատեց, որ «գոյություն չունեցող» քաղաքական ուժի ներկայացուցիչները հերթական շոուն կազմակերպելու դեպքում կարժանանան ԲՀԿ պատասխանին: Այն է` կներկայացնեն, «Ժառանգության» կողմից ընտրական հանձնաժողովներում տեղերի առքուվաճառքի այնպիսի փաստական տվյալներ, որ «տվյալ քաղաքական ուժերը չեն կարողանա անգամ նիստերի դահլիճ մտնել»:
-Տիկին Զոհրաբյան, երեկ ԲՀԿ մամուլի խոսնակը` Վահան Բաբայանը, անուղղակի, բայց Զարուհի Փոստանջյանին մեղադրեց «շիզոֆրենիկ ելույթներ ունենալու մեջ», Միքայել Մելքումյանն էլ, առհասարակ, անբավարար նշանակեց ընդդիմությանը: Ձեր դիտարկումները. արդյո՞ք կոպիտ չէ:
-Իմ գործընկերները , կարծում եմ, հստակ արձագանքել են, որ գոյություն չունեցող ուժի ներկայացուցիչն իրավունք չունի խոսելու ողջ ընդդիմության անունից: Այն ուժի ներկայացուցիչը, որը որոշ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը հանել էին աճուրդի: Իհարկե, խորհրդարանական և նախագահական ընտրությունների համեմատ այս անգամվա աճուրդի մեկնարկային գինը մի քիչ էժան է եղել, բայց ոչինչ, աճուրդի մի վերջին շանս էլ 2017-ի խորհրդարանականն ընտրություններին կունենան:
Այո՛, որևէ մեկս չի ասում, որ հանրաքվեի ընթացքում օրինախախտումներ չեն եղել: Այո՛, եղել են և այո՛, հանրաքվեի անցկացումը հերթական անգամ հանրության մեջ չբարձրացրեց ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը:
- Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին կոնկրետ ԲՀԿ-ի հասցեին:
-ԲՀԿ-ն ընտրական հանձնաժողովի իր անդամներին մեկ հանձնարարական է տվել` տեղերում ապահովել ընտրությունների ազատ և արդար ընթացքը: ԲՀԿ երեք հանձնաժողովի անդամների վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, և այդ ահազանգով կուսակցությունում լրջագույնս զբաղվում ենք: Բայց եթե գոյություն չունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը և այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր իրենց գործը թողած շարունակեն կախվել ԲՀԿ-ից, ապա վստահեցնում եմ, որ առքուվաճառքի այնպիսի փաստական փակագծեր կբացենք, որ տվյալ քաղաքական ուժերը չեն կարողանա անգամ նիստերի դահլիճ մտնել: Ըստ որում, փաստերը կվերաբերեն ոչ միայն հանձնաժողովներում իրենց վերջին աճուրդներին, այլև տարբեր ժամանակներում իշխանությունների հետ իրենց ամենատարբեր գործարքներին:
Ի դեպ, օգտվելով նրանից, որ տարբեր հեռուստաընկերություններ ու կայքեր նշված շրջանակների շոուի միմիայն այդ հատվածն անպայման ցուցադրելու են, հերթական շոուն են կազմակերպում:
Եվ ամենաբարձր գոռալը դեռևս ամենաազնիվ և անկաշառ ընդդիմադիր լինելու չափանիշը չէ: Ժամանակն է, որ մեր գործընկերները դա հասկանան: Եթե չեն հասկանա, մենք արդեն կոնկրետ փաստերով հանրությանը կներկայացնենք, թե իրականում ովքեր են դահլիճում ամենաբարձր գոռացողները: Ստանիսլավսկին ողջ լիներ, Նեմիրովիչ-Դանչենկոն էլ հետը, կասեին` «Не верю»: Նորից եմ կրկնում, ձեր տեղերը «պաչկաներով» ու դափոններով չվաճառեիք, որ հետո այլ քաղաքական ուժերին կարողանայիք գնահատականներ տալ: Եվ կրկնում եմ,յուրաքանչյուր քաղաքական ուժ թող զբաղվի իր գործով , այլ քաղաքական ուժերի հաշվին գնահատականներ հնչեցնելու և ժամանակին ստացած հսկայական ձայները ընդամենը մեկ «Հայր մերի» արտաբերմամբ չեզոքացնելու փոխարեն:
-Դրանցից մեկն այն է, որ ժողովուրդը…
- Համայն ժողովրդի անունից հանդես եկողներին ուզում եմ հարցնել`եթե իրենց հռչակում են համայն ընդդիմության դալայլամաներ, որտե՞ղ են իրենց հետևորդները. գոնե այդ 400 հազարից 100-ը պիտի լիներ Ազատության հրապարակում: Մոտ 300 հոգի մարդ են հավաքում, որի կեսը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, մյուս կեսը` լրագրողներ:
Կրկնում եմ`տասնյակ հազարավոր մարդիկ քվեարկեցին «ոչ» , բայց այդ «ոչ»-ը վերաբերում էր ոչ թե Սահմանադրությանը, այլ երկրում առկա վիճակին: Եվ, այո՛, այդ «ոչ»-ը արձանագրեց բոլոր քաղաքական ուժերի, և առաջին հերթին, իշխանության նկատմամբ վստահության լուրջ դեֆիցիտ: Սա փաստ է, և այստեղ մեղավորն ենք բոլոր քաղաքական ուժերս: Բայց ովքե՞ր են դատավորները: