Ստանիսլավսկին ողջ լիներ,Նեմիրովիչ-Դանչենկոն էլ հետը կասեին` «Не верю». Ն. Զոհրաբյանը` Փոստանջյանի և մյուս ընդդիմադիրների մասին

12/15/2015

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին Զարուհի Փոստանջյանի ու այլ ընդդիմադիրների մեղադրանքներին, նկատեց, որ «գոյություն չունեցող» քաղաքական ուժի ներկայացուցիչները հերթական շոուն կազմակերպելու դեպքում կարժանանան ԲՀԿ պատասխանին: Այն է` կներկայացնեն, «Ժառանգության» կողմից ընտրական հանձնաժողովներում տեղերի առքուվաճառքի այնպիսի  փաստական տվյալներ, որ «տվյալ քաղաքական ուժերը չեն կարողանա անգամ   նիստերի դահլիճ մտնել»:

 

-Տիկին Զոհրաբյան, երեկ ԲՀԿ  մամուլի խոսնակը` Վահան Բաբայանը,  անուղղակի, բայց  Զարուհի Փոստանջյանին մեղադրեց  «շիզոֆրենիկ ելույթներ ունենալու մեջ», Միքայել Մելքումյանն էլ,  առհասարակ,  անբավարար նշանակեց ընդդիմությանը: Ձեր դիտարկումները. արդյո՞ք կոպիտ չէ:

-Իմ գործընկերները , կարծում եմ, հստակ արձագանքել են, որ գոյություն չունեցող  ուժի ներկայացուցիչն իրավունք չունի խոսելու ողջ ընդդիմության անունից: Այն  ուժի ներկայացուցիչը, որը  որոշ  այլ ընդդիմադիր ուժերի  հետ միասին  ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը հանել էին աճուրդի: Իհարկե, խորհրդարանական և նախագահական ընտրությունների  համեմատ այս անգամվա  աճուրդի մեկնարկային գինը մի քիչ էժան է եղել, բայց ոչինչ, աճուրդի մի վերջին շանս էլ 2017-ի խորհրդարանականն ընտրություններին կունենան:

Այո՛,  որևէ մեկս չի ասում, որ հանրաքվեի ընթացքում օրինախախտումներ չեն եղել: Այո՛, եղել են և այո՛,  հանրաքվեի անցկացումը հերթական անգամ հանրության մեջ չբարձրացրեց ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը: 

- Բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին կոնկրետ  ԲՀԿ-ի հասցեին:

-ԲՀԿ-ն ընտրական հանձնաժողովի իր անդամներին մեկ հանձնարարական է տվել` տեղերում ապահովել ընտրությունների ազատ և արդար ընթացքը: ԲՀԿ երեք հանձնաժողովի անդամների վերաբերյալ մամուլում  եղան հրապարակումներ, և այդ ահազանգով կուսակցությունում  լրջագույնս զբաղվում ենք: Բայց եթե գոյություն չունեցող  քաղաքական ուժի ներկայացուցիչը և այլ ընդդիմադիր  քաղաքական ուժեր իրենց գործը թողած շարունակեն կախվել ԲՀԿ-ից, ապա վստահեցնում եմ, որ  առքուվաճառքի այնպիսի փաստական փակագծեր կբացենք, որ տվյալ քաղաքական ուժերը չեն կարողանա անգամ նիստերի դահլիճ մտնել:  Ըստ որում, փաստերը կվերաբերեն ոչ միայն հանձնաժողովներում  իրենց վերջին աճուրդներին, այլև տարբեր ժամանակներում իշխանությունների հետ  իրենց ամենատարբեր գործարքներին:

Ի դեպ, օգտվելով նրանից, որ տարբեր հեռուստաընկերություններ ու կայքեր  նշված շրջանակների  շոուի միմիայն այդ  հատվածն անպայման ցուցադրելու են, հերթական շոուն են կազմակերպում:

Եվ ամենաբարձր գոռալը դեռևս ամենաազնիվ և անկաշառ ընդդիմադիր լինելու չափանիշը չէ: Ժամանակն է, որ մեր գործընկերները դա հասկանան: Եթե չեն հասկանա, մենք արդեն կոնկրետ  փաստերով  հանրությանը կներկայացնենք, թե իրականում ովքեր են դահլիճում ամենաբարձր գոռացողները: Ստանիսլավսկին ողջ լիներ, Նեմիրովիչ-Դանչենկոն էլ հետը, կասեին` «Не верю»:  Նորից եմ կրկնում, ձեր տեղերը «պաչկաներով»  ու դափոններով չվաճառեիք, որ հետո այլ քաղաքական ուժերին կարողանայիք  գնահատականներ տալ:  Եվ կրկնում եմ,յուրաքանչյուր քաղաքական ուժ թող զբաղվի իր գործով , այլ քաղաքական  ուժերի հաշվին գնահատականներ հնչեցնելու և  ժամանակին ստացած հսկայական ձայները ընդամենը մեկ «Հայր մերի» արտաբերմամբ չեզոքացնելու փոխարեն:

-Դրանցից մեկն այն է, որ  ժողովուրդը…

- Համայն ժողովրդի անունից հանդես եկողներին  ուզում եմ հարցնել`եթե  իրենց հռչակում են համայն ընդդիմության դալայլամաներ, որտե՞ղ  են իրենց հետևորդները. գոնե այդ 400 հազարից 100-ը պիտի լիներ Ազատության հրապարակում:  Մոտ 300 հոգի մարդ են հավաքում, որի կեսը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, մյուս կեսը` լրագրողներ: 

Կրկնում եմ`տասնյակ  հազարավոր մարդիկ քվեարկեցին «ոչ» , բայց այդ «ոչ»-ը  վերաբերում էր ոչ թե Սահմանադրությանը, այլ երկրում  առկա վիճակին: Եվ, այո՛,  այդ «ոչ»-ը  արձանագրեց բոլոր քաղաքական ուժերի, և առաջին հերթին, իշխանության նկատմամբ  վստահության լուրջ դեֆիցիտ:  Սա փաստ է, և այստեղ մեղավորն ենք բոլոր քաղաքական ուժերս: Բայց ովքե՞ր են դատավորները:  

www.tert.am