ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

11/05/2009
Նոյեմբերի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել էր Կրթության միջազգային ակադեմիայի մաս կազմող «Հայբուսակ» համալսարանում: Միջոցառմանը ներկա էին Աժ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր:



Գագիկ Ծառուկյանը տանտերերի ուղեկցությամբ նախ շրջեց համալսարանում, այցելեց  «Հայբուսակի» բազային պոլիկլինիկա, ծանոթացավ  պայմաններին:  Այնուհետև հանդիսավոր պայմաններում Գագիկ Ծառուկյանը մասնակցեց «Հայբուսակ» համալսարանի մարզադահլիճի բացման արարողությանը: Կարևորելով առողջ սերնդի դաստիարակումը՝ համալսարանում ժամանակակից պայմաններին համապատասխան մարզադահլիճ է կառուցվել, որը հագեցած  է նաև անհրաժեշտ մարզագույքով: Բուհի ուսանողական պառլամենտի կողմից  «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր Վահե Էնֆիաջյանը Գագիկ Ծառուկյանին «Հայկական սպորտում մեծ ավանդ և արգասաբեր գործունեություն ծավալելու համար» հանձնեց պատվոգիր:

Մարզադահլիճից ներկաները տեղափոխվեցին համալսարանի մեծ դահլիճ, որտեղ նրանց  ջերմ ընդունելություն էր սպասում: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին՝ Կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը առանձնահատուկ կարևորություն տվեց այսօրվա միջոցառմանը: Նա իր խոսքում նշեց, որ համալսարանում բարի ավանդույթ է ձևավորվել ազգի բացառիկ նվիրյալներին Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում շնորհելը: Գագիկ Ծառուկյանը այն  եզակիներից մեկն էր, որին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետև Անահիտ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոցի» անվան ոսկե մեդալ հանձնեց Գագիկ Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյանը իր խոսքում ողջունեց ներկաներին և ևս մեկ անգամ փաստեց, որ ապագան երիտասարդությանն է, և զարգացած ու բանիմաց երիտասարդներն են մեր երկրի վաղվա օրվա  կերտողները: Անակնկալ կար նախատեսված նաև ակադեմիայի ուսանողների համար. Գագիկ Ծառուկյանն իր կողմից 10 մլն դրամ հատկացրեց «Հայբուսակ» համալսարանի անապահով ուսանողներին ուսման վարձ վճարելու համար:

Գագիկ Ծառուկյանը ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեց Կրթության միջազգային ակադեմիայի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: