Երիտասարդների միություն
Ողջունում ենք Ձեզ ԲՀԿ պաշտոնական կայքի «Երիտասարդություն» բաժնում,
Զարգացման այն փուլում, երբ երիտասարդի դերն ու ակտիվ գործունեությունը կարևորվում է և ավելի ներգրավված դառնում` պետության համակարգի բոլոր ոլորտներում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործում է 63 տարածքային կառույցներով, որոնցից 12-ը Երևանում, 51-ը` մարզերում:
Մեր գործելաոճը և բարոյական սկզբունքները կրթում են երիտասարդների այնպիսի սերունդ, որը հային հարիր բարձր արժեհամակարգի կրողը դարձնելով` ավագ գործընկերների արժանի սերնդափոխություն է պատրաստում: Երիտասարդների մեջ սերմանելով պատասխանատվության դերի բարձրացում` պետության և հասարակության առջև, և իհարկե հանդորժողականության մթնոլորտի ձևավորում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում սերունդների համերաշխությունը, միշտ բարձր դիրք է զբաղեցրել կուսակցության գաղափարախոսության և աշխատելաոճի մեջ, ինչի վառ ապացույցն է կուսակցության բարձրագույն մարմին հանդիսացող Քաղաքական խորհրդում երիտասարդների 25 տոկոսից ավելի ներգրավվածությունը: Այսօրվա դրությամբ, ԲՀԿ Երիտասարդների Միությունը, իր կառույցի ներքո է համախմբում հազարավոր երիտասարդների, ովքեր մշտապես ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են և կրողներն են` կուսակցության հզոր գաղափարախոսության:
Ողջունելով Ձեզ ԲՀԿ պաշտոնական կայքի «Երիտասարդություն» բաժնում՝ ցանկանում եմ հայ երիտասարդությանը նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ և համարձակ ձեռնարկումներ` ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության:
Մենք հուսով ենք, որ այս կայքում զետեղված տեղեկատվությունը կծառայի իր նպատակին, և օգտակար կլինի Ձեզ:
ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյան
ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հիմնադրման առաջին իսկ օրվանից, համաձայն կուսակցության կանոնադրության, վերջինիս կազմում ձևավորվել և լայն գործունեություն է ծավալել ԲՀԿ երիտասարդական խորհուրդը, որն ակտիվորեն ներգրավվել է կուսակցության կողմից մշակված ծրագրերի իրականացման գործընթացին: Այդ ծրագրերի իրականացման առաջին քայլերից մեկը եղավ 50 տարածքային կառույցներում և նրանց ենթակառույցներում երիտասարդական խորհուրդների ձևավորումը:
Կազմակերպված խորհուրդների կազմում ներգրավվեցին որակյալ կրթություն ստացած, նախաձեռնող, նպատակասլաց և ակտիվ երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց լուման ներդնել Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործում, համոզված լինելով, որ միայն ակտիվ, համախմբված և գրագետ երիտասարդությունն է ի զորու առաջ մղել մեր երկիրը:
2007թ.-ից ԲՀԿ երիտասարդական խորհուրդը վերակազմակերպվեց «ԲՀԿ սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի»՝ դրանով իսկ ընդլայնելով իր գործունեության շրջանակները: Կատարված աշխատանքների և իրականացված ակցիաների շնորհիվ այսօր հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոչ միայն երիտասարդ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտության թեկնածուներ ու ասպիրանտներ, այլև սպորտում և մարզաշխարհում իրենց մեծ ավանդն ունեցող երիտասարդ մարզիկներ, մարզական խոստումնելից արդյունքներ ցույց տված մարզիկ-ուսանողներ:
«ԲՀԿ սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի» կազմում ընդգրկված են նաև ՀՀ-ում գործող մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների նախագահները և անդամները:
«ԲՀԿ սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը» համոզված է, որ իր ներկայանալի կազմով և անդամների մասնագիտական գիտելիքների շնորհիվ կարող է իրականություն դարձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ՀՀ քաղաքացիներին ներկայացրած և վերջիններիս վստահությանն արժանացած ծրագրերը: Կուսակցությանն անդամագրված երիտասարդները վստահ են, որ իրենց ամենօրյա աշխատանքով, նվիրումով և յուրաքանչյուրի կարողությունների ու հմտությունների մեկտեղման շնորհիվ կարող են հարթել այն ուղին, որի վերջնական նպատակն է բարգավաճ Հայաստան կառուցելը:
2011 թվականի ԲՀԿ V-րդ համագումարից հետո ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովը վերանվանվեց ԲՀԿ երիտասարդների միության: