Քվեարկված ցուցակների հրապարակումը չի կարող փոխարինել էլեկտրոնային համակարգին․ Միքայել Մելքումյան

08/29/2016

Քվեարկված ցուցակների հրապարակումը չի կարող փոխարինել էլեկտրոնային համակարգին։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ԿԸՀ-ի այսօրվա որոշմանը, որով չեղյալ համարվեց 4+4+4 ձեւաչափով հաստատված Ընտրական օրենսգրքում ընդգրկված վերահսկողական մեխանիզմների տեղադրումը։

Նշենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը այժմ բանակցում են քվեարկված ցուցակները հրապարակելու հավանականությունը, ինչին կտրականապես դեմ էր իշխանությունը։ Ընդդիմությունը պնդում է, որ ցուցակները հրապարակելու դեպքում պետք է հստակեցվեն իրավական հետեւանքները, հակառակ դեպքում դա չի կարող վերահսկողական գործիք լինել։

«Ես 50-50 եմ գնահատում, չեմ կարող ասել՝ իշխանությունը միտումնավոր է տապալել վերահսկողական մեխանիզմների տեղադրումը, թե ոչ։ Բայց մի բան կարող եմ վստահ ասել, որ Հայաստանում որքան էլ լավ Ընտրական օրենսգիրք շարադրվի, դրանից չէ կախված ընտրությունների ճակատագիրը։ Կախված է մթնոլորտի փոփոխությունից։ Էնպես չի, որ երկրում շատ պրոբլեմներ, թերություններ կան, հանկարծ գնում ենք ընտրության ու անցնում են էդ պրոբլեմները։ Մինչեւ ընտրության օրը պետք է մթնոլորտի փոփոխություն լինի եւ բոլորս պիտի տեսնենք, որ այդ փոփոխությունը կա։ Եթե չլինի, ինչքան ուզում են լավ օրենսգիրք գրեն, դա տեղի չի ունենալու»,-ասաց Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը շեշտեց, որ ցուցակների հրապարակումը նույնպես ընդդիմության գլխավոր պահանջն էր, սակայն  իշխանության համաձայնելու դեպքում, պետք է իրավական հետեւանքները հստակեցվեն։

«Ցուցակները հրապարակումը ընդդիմության պահանջներից մեկն է եղել, դրա համար մենք միանշանակ կողմ ենք, բայց ընտրական ցուցակների հրապարկումից բխող իրավական ինչ հետեւանքներ ռեալ կարող են լինել, սա  է հարցը։ Եթե առաջիկայում որոշեցին ցուցակները հրապարակել ու պարզվեց՝ էս ինչ տեղամասում շեղումը այսքան է, ի՞նչ է բխելու դրանից, դատարան պիտի գնա՞նք, ին՞չ պետք է լինի, ես ծանոթ չեմ դրան»։

Հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ  տեւական բանակցությունների արդյունքում թեեւ իշխանությունը ընդունեց ընդդիմության 5 պահանջից 4-ը, սակայն կամք չցուցաբերեց այն իրականացնելու, Մելքումյանը արձագանքեց. «Կա՞ որեւէ մեկը ընդդիմությունից կամ իշխանությունից,  որ բանակցությունների ընթացքում  գար եւ ասեր՝ աշխարհում էս կազմակերպությունը կա, բերել եմ, որը կհասցնի Հայաստանում ներդնի  այդ համակարգը, ոչ մեկ չի ասել նման բան։ Կարող էին անել դա»։

Մելքումյանը պնդեց, որ էլեկտրոնային համակարգին չի կարող փոխարինել քվեարկված ցուցակների հրապարակումը որպես ընտրախախտումները կանխող մեխանիզմ։ 

«Ես ոչ մեկը մյուսի փոխարեն այլընտրանք չեմ համարում, այսինքն՝ եթե չկա մատնահետքերի նույնականացումը,  բայց  այդ բացը  կարող է  փոխհատուցել ցուցակների հրապարակումը, ամեն մեկն իր տեղն ունի, մեկը մյուսին չի փոխարինում, բայց որ դա էլ է գործիք եւ  իրավական ռեալ հետեւանք ֆիքսելու հնարավարության դեպքում կմեղմացնի իրավիճակը,  կարող է։ Իհարկե, այնպես չի որ 100 տոկոսով ցուցակ հրապարակելը  հարցի լուծում է»։

 

http://news.am/arm/news/343824.html