Վիզաների կենտրոնում նվաստացնում են մեր քաղաքացիներին. Նաիրա Զոհրաբյան

06/07/2016

Վիզաների կենտրոնում Հայաստանի քաղաքացիներին նվաստացնում են: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Վիզաների կենտրոնում մեր քաղաքացիները, որոնք այս շրջանում ցանկանում են մեկնել հանգստանալու արտերկիր, անցնում են մի գողգոթա, մի նվաստացուցիչ պրոցես՝ իրենց վիզայի թույլտվություն ստանալու համար: Մեր հայրենակիցներին ինչ-որ ժամ են նշանակում եւ բոլորին մտցնում են մի սենյակ: Բնականաբար, պետք է գան ընտանիքի բոլոր անդամներով՝ ծծկեր երեխայից մինչեւ մեծ տարիքի երեխա, որեւէ մեկին կոնկրետ ժամ նշանակված չէ, դու պիտի նվաստացման ողջ գողոգոթան անցնես, երբ որ կգա քո հերթը: Հետո ինչ-որ մի աշխատակից ժամերով նայում է քո թղթերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ պրոցեսը ժամեր է տեւում:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ վիզաների կենտրոնը ստեղծվել է, որ կենտրոնացված որեւէ տեղ լինի, դեսպանատներում հերթեր չգոյանան, որ վիզային գինը իջնի, սակայն ապարդյուն:

«Մենք գնացինք վիզաների գինը իջացնելու գնով, բայց պարզվում է՝ ընդամենը մարդկանց գործերը սկրեպով ամրացնելու եւ հետո դեսպանատուն ուղարկելու համար լրացուցիչ գումար են գանձում՝ սկրեպի գինը՝ մոտ 12 հազար դրամ եւ ստացվում է, որ 30 հազար դրամ են վճարում: Մարդիկ նախ անցնում են նվաստացման ողջ գողգոթան, սպասում 3-4 ժամից իրենց հերթը գա, ապա նորից գնում են դեսպանատուն, մի հատ էլ այդ պրոցեսը այնտեղ են անցնում, մի քանի օր հետո նորից վերադառնում վիզայի կենտրոն՝ անձնագրում վիզա ստանալու կամ չստանալու համար»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց Արտաքին գործերի նախարարությանը՝  եվրոպական միության ներկայացուցչության հետ այս գործընթացը հասկանալու կարգավորելու կոչով: