Ն. Զոհրաբյան. Երկխոսության այլընտրանքը քաոտիկ իրավիճակն է, որը երեկ արդեն նշմարելի էր

06/29/2015

Նախօրեին Բաղրամյան պողոտայում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս այս մեկ շաբաթը, բոլոր իմաստներով լարված շաբաթը թե Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ լիագումար նիստում, թե Երևանում՝ Բաղրամյան պողոտայում, Հայաստանում չէր, բայց վերադառնալուն պես շտապել էր ԲՀԿ-ական պատգամավորների հետ ցուցարարների մոտ: Aysor.am-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանը ներկայացրեց իր տեսակետը այս ամենի հետ կապված ու մատնանշեց այն վտանգները, որոնցով հղի է գործընթացը:

-Տիկին Զոհրաբյան, Ստրասբուրգից վերադառնալուց անմիջապես հետո շտապեցիք Բաղրամյան: Ըստ Ձեզ, հարցը ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի, հաշվի առնելով, որ ակտիվիստների մեջ արդեն իսկ ակնհայտորեն բաժանարար գծեր են ի հայտ եկել՝ մի մասը Ազատության հրապարակ էր գնացել, իսկ մյուս մասը մնացել Բաղրամյանում:

-Այո, ԵԽԽՎ-ում բավականին լարված նստաշրջան էր, վերադառնալուց անմիջապես հետո իմ գործընկերների հետ շտապեցի Բաղրամյան, որտեղ, գիտեք, ԲՀԿ-ական պատգամավորները այս բոլոր օրերի ընթացքում եղել են ցուցարարների կողքին: Մեր նպատակը մեկն է եղել՝ թույլ չտալ սադրանք, թույլ չտալ բախում, ուժի կիրառում: Եվ երեկ մենք Բաղրամյան պողոտայում էինք, որտեղ առավել մեծ էր սադրանքների և լարվածության էսկալացիայի հնարավորությունը:

-Ցուցարարների մի մասը, ովքեր որոշում կայացրեցին գնալ Ազատության հրապարակ, Բաղրամյան պողոտայում մնացողների կողմից որակվեցին դավաճաններ: Ինչպե՞ս եք կարծում, որ որոշումն էր ճիշտ՝ մնալ, թե՞ գնալ:

-Ես ցավում եմ, որ քաղաքացիական այս առողջ շարժումը, որ սկսվել էր իսկապես իրենց իրավունքների համար պայքարող ազնիվ երիտասարդների կողմից, որը բացարձակապես զուրկ էր քաղաքական որևէ շեշտադրումներից ու  մոտիվացիաներից բաժանվեց և այո՝ բավականին կոպիտ գնահատականներ հնչեցին նրանց հասցեին, ում բավարարեց կամ մասնակիորեն բավարարեց հանրապետության նախագահի հայտարարությունը և նրանք գտան, որ շարժումը պետք է տեղափոխել Ազատության հրապարակ: Ըստ էության, այդ հատվածը այլ գործիքակազմ ընտրեց իրենց շարժումը շարունակելու համար, իսկ առավել արմատական կոչերի կողմնակիցները մնացին Բաղրամյան պողոտայում: Ես ինքս երեկ փորձեցի զրուցել Բաղրամյան պողոտայում առավել արմատական կոչեր, պահանջներ դնող ցուցարարների հետ և անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ այդպես էլ ինձ համար մեկ միասնական պահանջ, մեկ միասնական խնդիր, որը նրանք  բարձրացնում են  չկարողացա ստանալ, որովհետև Բաղրամյան պողոտայում հավաքված էին տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրն ուներ, իր կարգախոսը ուներ և որոնցից յուրաքանչյուրն ասում էր, թե ինքն ազատ, անկախ քաղաքացի է և իմ պահանջը սա է ու չեմ պատրաստվում իմ պահանջը համաձայնեցնել կամ քննարկել որևէ մեկի հետ: Սա բավականին լարված ու պայթունավտանգ իրավիճակ կարող է ստեղծել և հենց սա է պատճառը, որ ԲՀԿ ներկայացուցիչները նախընտրեցին մնալ Բաղրամյան պողոտայում, որտեղ լարվածության, հնարավոր սադրանքների և նաև բռնության հնարավորությունը շատ ավելի մեծ էր ու ակնհայտ:

Կրկնում եմ, ես բազմիցս փորձեցի զրուցել ցուցարարների հետ, բայց այդպես էլ մեկ միասնական, համակարգված պահանջ ես չկարողացա իրենցից ստանալ: Ամեն դեպքում ԲՀԿ-ն շարունակելու է լինել Բաղրամյանում, որտեղ կա այդ վտանգը, բայց մեկ բան հստակ է՝ ցանկացած խնդիր լուծման մեկ ճանապարհ ունի՝ երկխոսություն: Պատմությունը այլ ճանապարհ որևէ խնդիր հանգուցալուծելու համար դեռևս չի հորինել: Բռնությունը ճանապարհ չի և ես կրկին անգամ հորդորում եմ ոստիկանական ուժերին բռնություն չգործադրել ցուցարարների հանդեպ, փորձել բոլոր խնդիրները կարգավորել բացառապես  և միայն երկխոսության ճանապարհով: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր,  իմ առաքելությունը տեսնում եմ դրանում, քանի որ բռնությունը ավելի է սրելու իրավիճակը:

Այո, պետք է փորձենք հանդարտեցնել շիկացած կրքերը և փորձենք խնդիրները տեղափոխել երկխոսության  դաշտ, ստեղծենք երկխոսության օրակարգ և այդ օրակարգի շուրջ փորձենք քննարկել անգամ ամենակատեգորիկ ու ամենաարմատական պահանջները: Երկխոսության այլընտրանքը քաոտիկ իրավիճակն է, որի նախադրյալները երեկ արդեն, կարծես թե, նշմարելի էին Բաղրամյան պողոտայում: