Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղի մասին զեկույցը վաղուց գրված և դրված է Լոնդոնի դարակներում, Վոլտերը միայն ստորագրություն է դնելու»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվող «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցը պատրաստ կլինի ոչ շուտ, քան հունվարյան նստաշրջանը: Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ Վեհաժողովը որոշում ընդունեց և հանձնարարեց բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերին պատրաստել զեկույց վերոնշյալ թեմայով: Հայկական պատվիրակությունը հրաժարվեց որևէ կերպ մասնակցել զեկույցի պատրաստման աշխատանքներին, և այդ մոտեցումը այժմ էլ չի փոխել: Այս առիթով տիկին Զոհրաբյանը նշեց. «Քանիցս հայտարարել ենք, որ ԵԽԽՎ-ն հակամարտության քննարկման և առավել ևս լուծման հարթակ չէ, և ԵԽԽՎ-ն խառնվելով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցին` ուղղակիորեն շեղվում է իր հիմնական մանդատից: Եթե ԵԽԽՎ-ն շատ է ցանկանում այդ խնդրով զբաղվել, ինքը պիտի զբաղվի ԼՂՀ-ում մարդու իրավունքներով առավելագույնը»: Տիկին Զոհրաբյանը կարծում է , որ այս բանաձևը թուրք-ադրբեջանա-անգլիական լոբբիի արդյունք է, որով ԵԽԽՎ-ն շահագրգռված է, ու այս զեկույցն էլ 2005-ի Աթկինսոնի խայտառակ բանաձևի նման ունի հակահայկական բնույթ: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Չենք մասնակցելու մի զեկույցի նախապատրաստական աշխատանքներին, որը վաղուց արդեն գրված է և դրված Լոնդոնի համապատասխան դարակներում ու Ռոբերտ Վոլտերը միայն իր ստորագրությունն է դնելու դրա տակ հունվարյան նստաշրջանին»: Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ չեն մասնակցելու նաև ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, որի նպատակն է նույնը, ինչ զեկույցի նախապատրաստումը: Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց պատվիրակ Վոլտերի` Հայաստան գալու ցանկության մասին ու ասաց. «Զեկուցողը ոչ թե պիտի գա Հայաստան, այլ գնա ԼՂՀ, ու ԼՂՀ իշխանություններից թույլտվություն վերցնի ԼՂՀ այցելելու համար: Ւսկ եթե ցանկանում է գալ Հայաստան հյուրի կարգավիճակով, ապա մենք հյուրասեր ժողովուրդ ենք, կարող են նրան ու ԵԽԽՎ ցանկացած պատգամավորի ընդունել»: Տիկին Զոհրաբյանի կարծիքով` այս զեկույցն էլ, ինչպես Աթկինսոնինը, չի ունենալու իրավական ուժ, այլ «Ադրբեջանն ընդամենը ստանալու է քարոզչական գործիք տարփողելու զեկույցի այս կամ այն դրույթը»: Որպես համեմատություն` տիկին Զոհրաբյանը նշեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը ու ասաց. «Նշանակվել է զեկուցող տիկին Միլիցա Մարկովիչը, որը համառորեն մինչ այս պահը վստահ է, որ այդ ջրամբարը գտնվում է Հայաստանում: Տևական ժամանակ փորձեցինք բացատրել, որ այն Ղարաբաղում է գտնվում, բայց տիկնոջ աշխարհագրական ունակությունները խիստ սահմանափակ են, քանի որ նա համոզված է, որ Հայաստանում է»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Մարկովիչին` ՀՀ գալու դեպքում ուղեկցել Ապարանի ջրամբար, ու եթե դա բավարար է Սարսանգի ջրամբարի մասին զեկույց գրելու, ապա «նոու քոմենթ»: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ թեև քաղաքական հանձնաժողովի անդամ չէ, բայց տեղյակ է, որ զեկուցողը հանձնաժողովին սեպտեմբերի 28-ին պետք է ներկայացնի իր կատարած աշխատանքների մասին: Մեր դիտարկմանը` եթե Արցախ չի այցելել, այդ դեպքում ի՞նչ է ներկայացնելու, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Այս հարցը մեզ էլ է հուզում ու նաև նշել ենք, որ Վոլտերը պետք է պաշտոնական նամակով դիմի Ղարաբաղի իշխանություններին, ինչը նա հրաժարվում է անել»: