Նաիրա Զոհրաբյանը այցելել է ցմահ դատապարտյալներին, հորդորել նրանց դադարեցնել հացադուլը

12/22/2015

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ դեկտեմբերի 22-ին, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց գործերի վերանայման պահանջով արդեն 9-րդ օրը հացադուլ անող 38 ցմահ դատապարտյալներին:

NEWS.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ քննարկել է նրանց պահանջները եւ օրենսդրական խնդիրները:

«Ցմահ ազտազրկվածների մեջ, իրոք, կան մարդիկ, որոնց գործերը վերանայման ենթակա են, հատկապես՝ 14 զինծառայողների գործերը, որոնք ծառայության ընթացքում պարբերաբար ստորացման են ենթարկվել ծառայակիցների կողմից եւ ինքնապաշտպանվելով սպանություն են գործել»,-նշեց ԲՀԿ նախագահը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ցմահ դատապարտյալների մեջ կան նաեւ շատերը, որոնք իրապես արժանի են իրենց պատժին:

«Իհարկե, հրեշավոր հանցագործություններ կատարածների, մանյակ-մարդասպանների եւ ընտանիքներ մորթածների գործերը վերանայել բնավ չենք ուզում, ի վերջո ցմահ դատապարտյալների թվում են նաեւ հոկտեմբերի 27-ը իրագործած հրեշները, բայց շատերը կան, որոնք ավազակային հարձակման են մասնակցել, բայց նրանց վրա դիակ չկա, նրանց գործը պետք է վերանայվի եւ պատիժ սահմանվի ըստ իրենց կատարած արարքի»,-նշեց նա:

ԲՀԿ նախագահին մտահոգում է նաեւ դատապարտյալների խցային պայմանները եւ հարազատների հետ տեսակցության կարգը:

Նաիրա Զոհրաբյանը հորդորել է հացադուլավոր ցմահ դատապարտյալներին դադարեցնել հացադուլը՝ խոստանալով հետեւողական լինել քրեական օրենսգրքում իրապես անարդարացի կետերի վերանայման հարցում:

www.news.am