Հ. Պողոսյանը խոստացավ Ն. Զոհրաբյանին՝ բերման ենթարկվածների նկատմամբ ուժ չի կիրառվի
Եթե վարչական իրավախախտում լինի, ապա ինչպես խոստացել ենք, երեք ժամվա ընթացքում ազատ կարձակվեն: Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցադրման, թե ե՞րբ ազատ կարձակվեն բերման ենթարկվածները Բաղրամյան պողոտայում հայտարարեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ մեզ խոսք եք տվել, մենք հետամուտ ենք լինելու, որ նաև ուժի կիրառում չլինի նրանց նկատմամբ, ինչին եղավ պատասխան-հավաստիացում, որ ուժի կիրառում բերման ենթարկվածների նկատմամբ չի լինի:
«Սահմանված ընթացակարգերով նրանք ազատ կարձակվեն»,- հավաստիացրեց Հ. Պողոսյանը:
Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե քանի ցուցարար է բերման ենթարկվել:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները դեպի Բաղրամյանի ոչ երթևեկելի հատված քշեցին ցուցարարներին, որոնք կենդանի պատ էին կազմել՝ նստելով հատակին ու խոչընդոտելով երթևեկելի հատվածը ազատելու գործընթացին:
Այս պահին Բաղրամյանով երթևեկությունն արդեն վերականգնվել է: