Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը բարձր են. Նաիրա Զոհրաբյան
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, որը տեղի է ունենալու հունվարի 23-27-ին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը բարձր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց այդ կառույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, դրան նպաստում է այն հանգամանքը, որ Միլանի դատախազության կողմից գործ է հարուցվել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, եւ այդ աղմուկ հանած սկանդալում շոշափվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը:
«Վոլոնտեն համաձայնել է համագործակցել իրավական համակարգի հետ եւ տվել է խոստովանական ցումունքներ, որ Ադրբեջանի կողմից կոռուպցիոն ողջ սկանդալի մեջ ներգրավված է եղել նաեւ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը: Դրա համար է, որ հոկտեմբերյան նստաշրջանում Ագրամունդը հիստերիկ կերպով խոչնդոտում էր իմ եւ Նաիրա Կարապետյանի ելույթները, երբ մենք խոսում էին Ադրբեջանի այդ կոռուպցիոն սկանդալին մասին:
Ես կարծում եմ, որ սա չի կարող անհետեւանք մնալ ու կարծում եմ, որ հունվարյան նստաշրջանում պետք է բարձացվի Արգամունդի պաշտոնավարման շարունակության հարցը, որովհետեւ չի կարող 47 երկրներ ներկայացնող Վեհաժողովի նախագահ լինել մի անձնավորություն, որի մասին գերմանական հայտնի հասարակական կազմակերպության «խավիարային դիվանագիտություն» անվանումով զեկույցում սկանդալային բացահայտումներ կան Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից կաշառված լինելու մեջ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Վոլոնտեն արդեն իր ցուցմունքներում տվել է Ագրամունդի անունը, նշելով, որ թե Ագրամունդը, եւ թե ԵԽԽՎ խմբերի տարբեր խմբերի ղեկավարներ եւ տարբեր պատգամավորներ ներգրավված են եղել Ադրբեջանի կողմից` Բաքվի շահերը սպասարկելու համար 3 մլն եվրո կաշառք ստանալու սկանդալային պատմության մեջ:
«Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը ես բարձր եմ գնահատում, քանի որ Միլանի դատախազությունը այդ բոլոր նյութերը ուղարկել է նաեւ Իսպանիայի իրավական համակարգին, այդ թվում այն հատվածը, որտեղ շոշափվում է Պեդրո Ագրամունդի անունը եւ ես կարծում եմ, որ Իսպանիայի պատվիրակությունը իր վրայից այդ կեղտը մաքրելու համար, պետք է շահագրգիռ լինեն, որ Ադրբեջանի կամակատար եւ Ալիեւի աշխատակազմի կրտսեր աշխատող Պեդրո Ագրամունդը օր առաջ հեռացվի այդ կարեւորագույն պաշտոնից»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե նման նախաձեռնությամբ հանդես կգա Հայաստանի՞ պատվիրակությունը, թե կլինեն նաեւ այլ պատգամավորներ, նա պատասխանեց. «Նախաձեռնությունը կլինի եվրոպական տարբեր պատվիրակություններ ներկայացնող պատվիրակների կողմից, եւ Հայաստանի պատվիրակությունը անպայմանորեն կմիանա դրան՝ անելով առավելագույնը: Քայլեր կան, որ մեր պատվիրակությունն է նախատեսել, բայց ես իրավասու չեմ այդ քայլերի մասին բարձրաձայնել: Եթե այս նստաշրջանում այդ մասին ձայն չբարձրացվի, Ագրամունդը եւս մեկ տարի կպաշտոնավարի»:
Անդրադառնալով հարցին, որ հունվարյան նստաշրջանում նախատեսված է ԵԽԽՎ նախագահի ընտրություն, եւ որքանով է հավանական, որ Ագրամունտը կվերընտրվի, Զոհրաբյանն արձագանքեց. «ԵԽԽՎ նախագահի ընտրությունը արարողակարգային բնույթ է կրում, որովհետեւ ներքին պայմանավորվածութան համաձայն, ավտոմատ կերպով գործող նախագահի լիազորությունները 1 տարով երկարացվում են, հատուկ ընտրություն նախատեսված չէ: Նախագահի ընտրությունը գնում է ներքին կանոնակարգային համաձայնությունների հիման վրա, այսինքն ռոտացիոն կարգով յուրաքանչյուր քաղաքական խմբից ընտրվում է նախագահ, որը 2 տարով պաշտոնավարում է: Հիմա եթե այս կոռուպցիոն սկանդալի հետ կապված Ագրամունտին անվստահություն հայտնելու հարց բարձրացնող չլինի, նա կպաշտոնավարի եւս 1 տարի»: