ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ

-Խնդրում եմ, եկեք վերադառնանք քաղաքականությանը վերաբերող թեմաներին: Մամուլում բազմաթիվ վերլուծություններ են արվում այն մասին, որ առկա են ներկոալիցիոն հակասություններ, և որ ձեր գլխավորած կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Այդպե՞ս է արդյոք: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիոն համագործակցությունը:
-Այո, իսկապես, այս տարի նման տեղեկատվության պակաս չզգացվեց մեր մամուլում: Մենք այդ կապացկությամբ բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը և ասել ենք, որ կոալիցիա կազմել՝ չի նշանակում, որ այնտեղ գտնվող կուսակցությունները չեն կարող ունենալ իրարից տարբերվող կարծիքներ ու տեսակետեր: Երբեմն այդ կարծիքների տարբերությունները կարող են և այդ կարգի սխալ ենթադրությունների առիթ դառնալ: Սակայն բոլոր այն հարցերում, որտեղ ունենք կոալիցիոն համաձայնություններ և պարտավորություններ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրանց իրականացմանը: Այսօրվա դրությամբ քաղաքական կոալիցիայի աշխատանքը մենք էլ ենք արդյունավետ գնահատում:
-Այդուհանդերձ, խնդրում եմ կոնկրետ ասեք՝ ԲՀԿ-ն պատրաստվո՞մ է առաջիկայում դուրս գալ կոալիցիայից:
-Ես այդ հարցին պատասխանել եմ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, երբ լրագրողներ մոտեցան և հատկապես այդ հարցն ուղղեցին: Եթե լավ չի հասկացվել, կրկնեմ նորից՝ ԲՀԿ-ն չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից, և մենք շարունակում ենք համագործակցությունը կոալիցիոն համաձայնագրերի շրջանակներում:
-Տարվա վերջին օրերին մի տեսակ ակտիվություն նկատվեց ներքաղաքական դաշտում, եղան հայտնի դեպքերը, պաշտոնանկությունները, տեղի ունցան որոշ կադրային տեղաշարժեր: Ըստ որոշ վերլուծությունների, սպասվում են նաև ԲՀԿ նախարարների պաշտոնանկություններ: Դուք պատրաստվո՞մ եք փոխել ձեր նախարարներին:
-Մեզ համար քաղաքական կամ պետական պաշտոնները երբեք ինքնանպատակ չեն եղել: Ով կարող է այդ ծանրության տակ մտնել, իրեն վերապահված ոլորտը լավ կառավարել, նա էլ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մեզ մոտ ծանոթ-բարեկամ չկա: Մարդը գնահատվում է միայն ըստ իր գիտելիքների, մասնագիտական ու մարդկային որակների: Դուք տեսաք, որ տարվա ընթացքում մենք էլ կատարեցինք որոշ կադրային տեղաշարժեր, հետ կանչեցինք մեր նախարարներից երկուսին՝ նրանց տեղը առաջարկելով նորերի: Սա նորմալ, բնականոն գործընթաց է: Նույն կերպ եմ ես նայում նաև կոալիցիոն համաձայնությամբ հանրապետական գործընկերներին վերապահված ոլորտներում իրականացվող կադրային փոփոխություններին: Ինչ վերաբերում է մեր նախարարների պաշտոնանկության մասին լուրերին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես մեր նախարարների աշխատանքից գոհ եմ, հատկապես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի աշխատանքից, ով ահռելի աշխատանք է կատարում մեր երկրի առողջապահական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ:

-Դուք տարվա ընթացքում շարունակ բարեգործական միջոցառումներ էիք իրականացնում, և կարծիք կա, որ այդ բարեգործական ակցիաներով ձեր կուսակցությունը ձգտում է բարձրացնել իր վարկանիշը:
-Նման տեսակետը ինձ համար անընդունելի է: Մեր կուսակցության վարկանիշը շատ բարձր է, և դրա համար մենք այլ քայլերի դիմելու կարիք չունենք: Իսկ ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա ես երբեք բարեգործություն չեմ կատարել և չեմ կատարի կուսակցական սկզբունքից ելնելով, երբեք կուսակցության գործունեությունը չեմ նույնացնում մեր բարեգործական ծրագրերի հետ: Դրանք տարբեր բաներ են: Բարեգործությունը մարդու հոգու մեջ պետք է լինի: Իրականում բարեգործության մեջ մասշտաբները կամ ֆինանսական չափը չեն կարևոր: Յուրաքանչյուր մարդ, ով կարող է մի բարի գործ կատարել, դիմացինին օգնել, նեղության պահին ձեռք մեկնել, բարեգործ է: Այնպես որ, նման մեղադրանքներ հնչեցնողները նախ թող իրենց կյանքում փորձեն գոնե մեկ անգամ բարի գործ կատարել, և իրենց իրավունք վերապահեն կարծիք հայտնել բարեգործության ու բարեգործների մասին: Իրականում կատարված աշխատանքի գնահատականը տվողը ժողովուրդն է: Բարեգործությունն ինձ համար կենսակերպ է: Եթե ինձ Աստված շատ է տվել, ապա ես էլ իմ հերթին, իմ ունեցածի մի մասը պարտավոր եմ վերադարձնել իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն: Օգտվելով առիթից՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Թող 2011 թ.-ը մեր պետության ու ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության, բարեկեցության ու ստեղծագործ աշխատանքի տարի: