"Կարող ենք հանդիպել "Նուբարաշենի" հսկիչին, մուտքի ոստիկանին, ճաշարանի աշխատակցին, կալանավորին` ո՞չ". Նաիրա Զոհրաբյան

08/11/2016

ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել կալանավորների հետ: Մասնավորապես այսօր թույլ չեն տվել ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք գնացել էին տեսակցելու Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց, երեկ նույն արգելքը դրվել է Էդմոն Մարուքյանի առաջ: Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ այսօր իրեն ևս ոչ միայն արգելել են տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամների և այդ գործի հետ կապված մյուս անձանց, այլև իրեն հնարավորություն չի տրվել անարգել շարժվել քրեակատարողական  հիմնարկում: Aravot.am-ի  հետ զրույցում ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը իրենց` տեսակցությունը արգելելու վերաբերյալ հիմնավորումները համարեց անօրինական ու մանրամասնեց. «Հիմնավորում են, թե կա քննիչի որոշում այս փուլում, երբ գնում է նախաքննությունը, մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների և այլնի` տեսակցության արգելքը: Ստացվում է, որ պատգամավորը մտնում է «և այլն»-ի մեջ: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ պատգամավորը կարող է անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ»: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս հարցով զրուցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ. նա ևս նույն պատճառաբանությունն է բերել: Պատգամավորը վստահեցրեց, որ դիմելու է իր գործընկեր պատգամավորներին, որպեսզի հարցին ընթացք տան, թեև չի կարծում, որ այստեղ օրենքի տարընթերցում կա:  Տիկին Զոհրաբյանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին ու ստացել գրություն նույն հիմնավորմամբ. «Ըստ այդմ` պատգամավորը կարող է անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, դրանով նրա իրավունքներն ավարտվում են: Ասենք, նա կարող է հանդիպել Նուբարաշենի հսկիչին,  մուտքի ոստիկանին,  ճաշարանի աշխատակցին,  բայց կալանավորին` ոչ:  Դա համարում եմ աբսուրդ: Այստեղ ոչ թե օրենքի տարընթերցում կա, այլ կամայական արգելք: Ի՞նչ է նշանակում կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ. ես չեմ գնում «Նուշարաշենի» շենքը նայելու, այն ոչ Էրմիտաժն է, ոչ Վերսալը, ոչ էլ Կոլիզեյը»: Տիկին Զոհրաբյանը հայտնեց, թե իր տասը տարվա պատգամավորական պրակտիկայում նման դեպք չի գրանցվել, անգամ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի գործերի նախաքննոթւյան ամենապիկ փուլում, մասնավորապես մարտի 1-ի գործով, կարողացել են հանդիպել: Ուստի տիկին Զոհրաբյանը տարակուսում է, թե այդ ի՞նչ ամենազոր քննիչ է, որի որոշումը օրենքից էլ վեր է: Նաիրա Զոհրաբյանհը նաև տեղեկացրեց, որ իրենց էր դիմել զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի մայրը` ներկայացնելով փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների մասին: Նրան ևս տեսակցել թույլ չեն տվել: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցով հանդիպել են օմբուդսմենին, և համապատասխան խումբը կզբաղվի այդ հարցով. «Պարզվում է` բոլորի վրա նույն ձևաթղթով` միայն անունը փոխված, նույն արգելանքն է դրված տեսակցության մասով: Բայց Տիգրանին այնտեղ պահելը նոնսենս է, այդ մասին տեղեկացրել եմ նաև Աղվան Հովսեփյանին»: Aravot.am-ը պարզաբանման համար դիմել է նաև ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին: Պատասխանի դեպքում այն ևս կհրապարակենք: 

 http://www.aravot.am/2016/08/11/725475/