ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆ «ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ, ՈՐԴԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

09/23/2009
Աղբյուր՝ «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագիր


- Պրն. Գուլոյան, դեռ մեկ տարի չի անցել, ինչ քաղաքապետ եք: Ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ կարող եք հիմա արձանագրել:

- Մենք ամեն ինչ անում ենք աբովյանցիների բարեկեցիկ կյանքի համար: Մասնավորապես այս տարվա ընթացքում լուծել ենք աղբահանության,  լուսավորության խնդիրները, վերանորոգել ենք բազմահարկ շենքերի վերելակները: Այս տարվա ծրագրերում աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ դրույթներ կան: Անելիքներ միշտ էլ կան ու կլինեն: Քաղաքի հետ կապված փոփոխությունները տեսանելի են: Աբովյան քաղաքը կարճ ժամանակահատվածում կերպարանափոխվել է, աշխուժացել:

- Դուք քաղաքապետ եք ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Որքանո՞վ են ձեր գործողությունները համահունչ ԲՀԿ ծրագրերին:

- Իմ բոլոր քայլերը, գործողությունները բխում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ծրագրերից: Որպես կուսակցական՝ ես կրում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեր համայնքում իրականացվելիք սոցիալ-տնտեսական և մշակութային բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման հիմնական պատասխանատվությունը:

- Իսկ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Աբովյան քաղաքը:

- Աբովյանն իմ ծննդավայրն է, դրանով իսկ ամեն ինչ ասված է: Քաղաքի հետ կապված յուրաքանչյուր թերություն, բացթողում ես անմիջապես վերագրում եմ ինձ: Այդպես եղել է, կա ու կլինի:

- Աբովյանը որպես մայրաքաղաքին մոտ քաղաք` որքանո՞վ է կրում Երևանի ազդեցությունը:

- Իհարկե, նման ազդեցություն կա, չէ՞ որ մենք Երևանին ամենամոտ գտնվող քաղաքն ենք: Այդ ազդեցությունը ես ընկալում եմ միաժամանակ և՜ դրական, և՜ բացասական երանգավորմամբ: Դրականն այն է, որ մեր բնակիչը կարողանում է ապրել Աբովյանում ու միաժամանակ աշխատել մայրաքաղաքում: Բացասական կողմ էլ կա. մենք դեռ չենք հասցրել մեր երիտասարդների համար ստեղծել այն բոլոր պայմանները, որոնք թույլ կտային վերջիններիս հենց քաղաքում կազմակերպել իրենց հանգիստը: Դրա համար էլ նրանք նախընտրում են Երևանը: Այդ խնդիրն էլ ենք պատրաստվում լուծել: Կինոթատրոն ենք բացելու, գործելու է մշակութային ստեղծագործության կենտրոնը, զբոսայգին:

- Կադրեր ընտրելիս ինչո՞վ եք առաջնորդվում: Ի՞նչն է կարևոր Ձեզ համար գործնական հարաբերություններում:

- Անգամ քարոզարշավի ընթացքում եմ ամրագրել, որ ինձ համար գոյություն չունի «բարեկամ, խնամի, ծանոթ» բանաձևը: Ինձ հետ աշխատող մասնագետը պետք է աշխատասեր լինի, խելացի, անգամ կուսակցական պատկանելությունը ինձ համար երկրորդական է դառնում, եթե մասնագետի որակներն ինձ բավարարում են: Ինձ համար առաջնային է այն, որ այդ մասնագետը կարողանա իր մասնագիտական և մարդկային որակները ծառայեցնել ժողովրդի շահերին: Ինձ համար կարևոր է բնականոն աշխատանքի փաստը:

- Ինչպե՞ս է իրականանում մարդկանց հետ Ձեր շփումը:


- Բնական է, մեր հասարակության մեջ կարծրատիպ կա, որ պաշտոնյայի մոտ գնալը մինչև ընդունարանն է հնարավոր, այնինչ մենք ամեն ինչ անում ենք նման մտածելակերպը հաղթահարելու համար: Մենք նույն ժողովրդից ենք, աշխատում ենք նրանց համար: Ժողովրդին անհրաժեշտ է ընդունել, լսել, նրա հարցերը լուծել, օգտակար լինել ուժերի ներածի չափով: Եթե ինչ-որ հարցում օգնել չենք կարողանում, անպայման ընդունելի ճանապարհ ենք ցույց տալիս, բացատրում: Մարդկանց աչքերին պետք է շիտակ նայել, ճշմարիտ ու ազնիվ լինել:

- Իսկ հասարակական կարծիքի հետ հաշվի նստո՞ւմ եք և՜ որպես մարդ, և՜ որպես քաղաքացի:

- Անպայման, հակառակ դեպքում անիմաստ կլիներ ընդհանրապես աշխատելը: Մեր գործունեությունը բխում է այդ հասարակության շահերից, և եթե հաշվի չնստես նրա կարծիքի հետ, չես կարող իմանալ, թե ինչի կարիք ունի նա: Եթե որպես քաղաքապետ անպայման հաշվի եմ նստում հասարակական կարծիքի հետ, ապա որպես մարդ ուղղակի պարտավոր եմ նման կերպ վարվել:

- Պրն Գուլոյան, կյանքում հաջողության ի՞նչ բանաձև կառաջադրեք, ի՞նչ կարգախոս եք որդեգրել:

- Կարգախոս, իհարկե, ունեմ: Ես այն ընկալում եմ առաջին հերթին իբրև հայ տղամարդուն բնութագրող գիծ` չստել, ասել միայն ճշմարտությունը՝ թեկուզև սխալվելու գնով: Անձնականի մասին եթե խոսելու լինեմ, կասեմ, որ պահպանում եմ տուն կառուցելու, ծառ տնկելու, որդի ունենալու սկզբունքը: Նպատակներիս իրագործման ճանապարհին եմ:

- Իբրև հայ տղամարդ և որպես ՀՀ քաղաքացի` ինչպե՞ս եք վերաբերվում եվրոպական գաղափարներին, մոտեցումներին, որոնք անարգել թափանցում են մեզ մոտ:

- Նայած, թե որ գաղափարների ու մոտեցումների մասին է խոսքը: Անհրաժեշտ է դրանք հստակ տարբերակել, որովհետև կան բաներ, որոնք իսկապես դուր են գալիս: Դա կենցաղն է, մշակույթը, ապրելակերպը: Այնուամենայնիվ կան բաներ, որոնք մեզ հարիր չեն նույն աշխարհայացքի պատճառով: Նման բաները մենք ուղղակի իրավունք չունենք ընդունել:

- Մենք աշխարհին հայտնի ենք իբրև պետություն, որի համար առաջնահերթ են ընտանիքը, ընտանեկան հարաբերությունները: Ինչպե՞ս եք նայում դրան:

- Ամուր ընտանիքը պարծանքի աղբյուր է: Ցանկացած տեղ, աշխարհի ցանկացած կետում մենք կարող ենք մեր ընտանեկան դրվածքը ներկայացնել իբրև մեզ բնութագրող առանձնահատկություն: Արտասահմանում երեխային պահում են մինչև որոշակի տարիք, մինչդեռ մենք հնարավորությունների սահմաններում ձգտում ենք մեր երեխաներին օգտակար լինել ողջ կյանքի ընթացքում: Հայ տղամարդը կարող է 60 տարի աշխատել, մի օր չհանգստանալ և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը: Այլ կերպ է արտասահմանում:

-Ինչպիսի՞ն է եղել ձեր մանկությունը, ի՞նչ կցանկանայիք հետ բերել մանկությունից:

- Շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, նույնպիսի պատանեկություն և երիտասարդություն: Չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով չի ուզենա վերապրել մանկությունը կամ գոնե նրա որոշակի հատվածը: Ես կդժվարանամ մի որևէ առանձին բան նշել, թերևս միայն կուզենայի կրկին ուսանող լինել:

- Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը. կարողանո՞ւմ եք արդյոք բաշխել այն այնպես, ինչպես անում էիք նախքան քաղաքապետ դառնալը:


- Շատ քիչ եմ շփվում, ուղղակի դրա համար ժամանակ չեմ ունենում, այնուամենայնիվ` ամեն ինչ անում եմ հանգիստս կազմակերպելու, ընկերներիս հետ հանդիպելու համար: Ինչ վերաբերում է ընտանիքիս, նրանց հետ ես անցկացնում եմ ողջ կիրակին: Հասկանում եմ` քիչ է, բայց այլ կերպ հնարավոր չէ:

- Ապագայում ի՞նչ պլաններ, ծրագրեր ունեք, ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում քաղաքացիների և անհատապես Ձեզ համար:


- Հավանաբար նկատեցիք պատմամշակութային կոթողը, որը կառուցում ենք քաղաքում, և այդ փաստը շատ ենք կարևորում քաղաքի համար: Աբովյանը, այսպես ասած, դարպասներ չուներ, և քաղաքում հայտնված մարդը չէր կողմնորոշվում` որտեղ է ինքը` Չարենցավանո՞ւմ, Բալահովտո՞ւմ, թե՞ մի ուրիշ տեղ: Հսկայական կոթողը խորհրդանշում է մեր քաղաքը, իսկ շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև տարվա վերջ: Անելիքների ցանկում կարող ենք նաև նշել իր տեսակի մեջ եզակի այն եկեղեցին, որ կառուցվում է Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Իրականացվում է կանաչապատում, վերանորոգվում են ոռոգման ցանցերը, կանաչ տարածությունները պահպանվում են: Շեշտը դրված է քաղաքի մաքրության, բարեկարգման վրա: Քաղաքի հետ կապված շատ ծրագրեր արգելակվեցին ճգնաժամի պատճառով, բայց վստահ եմ` ամեն ինչ մեր ուժերի սահմաններում է: Ինձ համար գլխավորը բնակչությանը աշխատատեղերով ապահովելն է և ժամանցային տարաբնույթ հնարավորությունների ստեղծումը: Դա հաճելի է երկուստեք:

- Ի՞նչ կմաղթեիք հայ ազգին:

- Մաղթում եմ ամենակարևորը` առողջություն, երջանկություն, ընտանեկան ամրություն և ջերմություն, իսկ մնացածին կարող ենք հասնել մեր բնավորության ամենացայտուն գծի` աշխատասիրության միջոցով: