Խավիարի հանդեպ Վոլտերի հակակրանքը նրան չի խանգարում սիրել ադրբեջանական նավթադոլարները

09/30/2015

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում Ռոբերտ Վոլտերը «փայլել» է բրիտանական հումորով՝ հայտարարելով, որ խավիար չի սիրում եւ կյանքում ընդամենը երկու անգամ է այն կերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իր կողքին նստած բրիտանացի պատգամավորն այդ ժամանակ ասել է, որ դա, սակայն, Վոլտերին չի խանգարում սիրել Ադրբեջանի նավթադոլարները: «Մեզ համար անընդունելի «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» անվանումով զեկույցի նախապատրաստման ընթացքի մասին քննարկումն անցավ բավական կանխատեսելի սցենարով: Բնականաբար, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի պատգամավորները, որոնք Ադրբեջանի հայտնի հաճախորդներն են, միացան Ռոբերտ Վոլտերին՝ հայտարարելով, որ Հայաստանը համառորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ նրա այցին»,- նշեց Զոհրաբյանը:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները եւս մեկ անգամ Հանձնաժողովի անդամներին մանրամասն բացատրել են, որ ուղիղ մեկ տարի առաջ Վոլտերին ասվել է. Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ եւ երկրի իշխանության որեւէ ներկայացուցիչ չի կարող Վոլտերին արգելել կամ թույլատրել այցելել Ղարաբաղ. «Եթե նա հավասարակշռված զեկույց պատրաստելու համար պետք է այցելի Լեռնային Ղարաբաղ, ապա պարտավոր է պաշտոնապես դիմել ԼՂՀ իշխանություններին: Սակայն Վոլտերը հրաժարվում է դա անել՝ վախենալով, որ իրեն կերակրող Ադրբեջանի կողմից կմեղադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մեջ»:

Զոհրաբյանի խոսքով, Վոլտերը հոգեցունց պատմություններ է պատմել այն մասին, թե ինչպես է զրահաբաճկոնով եւ սաղավարտով ադրբեջանական կողմից այցելել շփման գիծ, եւ հայկական կողմից նրա գլխի վրայով արկեր են թռել: «Ի պատասխան՝ Ֆրանսուա Ռոշբլուանը փաստել է, որ, ի տարբերություն Վոլտերի, ինքը ոչ թե մեկ, այլ տասնմեկ անգամ է եղել շփման գծում հայկական կողմից եւ տեսել, թե ինչպես են ադրբեջանական կողմից գնդակոծում, բայց արդեն՝ խոշոր տրամաչափի զենքերից»,- նշեց հայ պատգամավորը:

Տեսնելով, որ այդ հնարքը չարդարացրեց իրեն, Ռոբերտ Վոլտերն անցել է նախապես ծրագրված սցենարի երկրորդ փուլին՝ փորձելով խղճահարություն առաջացնել՝ նշելով, որ հայկական մամուլն իրեն անարդարացիորեն մեղադրում է ադրբեջանամետ դիրքորոշման մեջ եւ պարբերաբար մեջբերում իր թուրքական քաղաքացիությունը: «Վոլտերը Թուրքիայի քաղաքացի է, Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը թուրքական անձնագիր է ստացել անձամբ այդ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուից: Իսկ ղարաբաղյան հարցում Թուրքիայի դիրքորոշումը միանգամայն հստակ է: Վոլտերի կինն ազգությամբ թուրք է, 2011 թվականին նա բրիտանական հայտնի գործարարների Բաքու է տարել, որտեղ նա լուրջ բիզնես ունի: Բացի այդ, բոլոր քվեարկությունների ժամանակ Վոլտերը սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը»,- փաստեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը զեկույց է պատրաստում «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» թեմայով, բայց մինչեւ հիմա չի այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

www.news.am