ԸՕ-ում այս փոփոխություններին դեմ արտահայտվողներն ուզում են այլանդակ ընտրություններ անցկացվեն. Զոհրաբյան

06/28/2016

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին դեմ արտահայտվողներն ուզում են, որ հերթական անգամ այլանդակ ընտրություններ անցկացվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մի պահ կար, որ զիջման չէին գնում, բայց ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ մեր համառության շնորհիվ այս համաձայնությունը ստացվեց: Վա՞տ է, որ ամենաայլանդակ մեթոդը՝ բազմակի քվեարկությունը, գործադրել է իշխանությունը տարիներ շարունակ, այս փոփոխություններով վերացվում է, երբ ներդրվի ընտրողների նախագրանցումը նույնականացման քարտերով: Վա՞տ է, թե՞ լավ է: Իհարկե, լավ է: Ովքեր ասում են, վատ է, նշանակում է՝ ուզում են, որ առաջարկվող փոփոխությունները չանցնեն, մենք էլ հերթական անգամ ունենանք այլանդակ ընտրություններ, իսկ իրենք էլ հերթական անգամ հարթակներում ճղճղան, որ ընտրությունները կեղծվել են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրությունների միջոցով, մյուս ճանապարհը՝ արյունահեղությունը, պարզապես անթույլատրելի է մեզ նման երկրի համար. «Նրանք, որոնք դեմ են այս փոփոխություններին, պետք է մտածել՝ այդ քաղաքական ուժերի կոդերը, սեկտանտների մեսիջները բացարձակապես ազնիվ չեն, նպատակը նորմալ ընտրությունն ունենալը չէ, իրենց հիմնական կոդը «ինչքան վատ, այնքան լավ» կոդը իրականություն դարձնել»:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն եվրոյից 11.5 միլիոնն են տրամադրելու դոնոր կազմակերպությունները, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։

http://news.am/arm/news/334442.html