ԵՄ դեսպանն ասել է`Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար պահանջվող 16 մլն դոլարը կա. Նաիրա Զոհրաբյան

08/09/2016

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մոտ մեկ ամիս առաջ ասել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագրի համար նախատեսված 16 մլն դոլարը կա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանում ԵՄ դեսպանը Ֆրանսիայի դեսպանատանն ինձ ասաց, որ անհրաժեշտ 16 մլն եվրո և ավելի գումարը կա, ինչի մասին ինքը տեղեկացրել է ՀՀ կառավարության ներկայացուցչին: 4+4+4 ֆորմատով քննարկումների ժամանակ կնքվեց համաձայնագիր, որի իրականացումը կբարձրացնի ընտրական համակարգի վերաբերյալ հանրության վստահությունը: Իշխանությունը հայտնեց, որ անհրաժեշտ փոփոխությունները կարվեն, եթե լինի անհրաժեշտ գումարը»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովն արդեն վաղուց պետք է սկսած լիներ համապատասխան աշխատանքները և իրականացներ 4+4+4 ձևաչափով քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունը, Դավիթ Հարությունյանը չեն նախաձեռնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագրի իրականացումը, որ հետո ասեն` ժամանակ չկա, արդեն ուշ է: Հարց եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ փոփոխությունները կարվեն, եթե գումարը լինի: Գումարը կա»,-նկատեց Զոհրաբյանը:

Նշենք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների իրականացումը 16 մլն դոլար կպահանջի: Եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ:

 

http://www.tert.am/am/news/2016/08/09/zohrabyan/2101251