ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ
- Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին: Հասկանում եմ այն մեծ ուշադրությունը, որ կա հասարակության մեջ տվյալ խնդրի վերաբերյալ: Իհարկե, որքան էլ պարզաբանումները լինեն մանրակրկիտ, այդուհանդերձ, այդ թեմայի վերաբերյալ թերահավատությունը եւ քննարկումները լինելու են մշտապես:
Անշուշտ, ես որպես պետության առաջատար քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, մշտական ուշադրության կենտրոնում եմ պահում խնդիրը եւ տեղյակ եմ բոլոր զարգացումներին: ԲՀԿ-ն միանշանակ կողմ է երկկողմ հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին, նորմալ տնտեսական, մշակութային, ինչու չէ՝ միջմարդկային հարաբերություններին: Սա, մեծ հաշվով, այլընտրանք չունեցող մոտեցում է: Ես հասկանում եմ նաեւ հարցի ենթատեքստը՝ կա՞ն, արդյոք, մտահոգություններ. իհարկե՝ կան: Բայց, վստահ եմ` իրական մտահոգությունները ստորագրված արձանագրությունների մեջ չեն: Պետք է անկեղծ լինել. դրանք իրենց մեջ չեն պարունակում վտանգավոր որեւէ դրույթ:
Շատ ավելի զգույշ պետք է լինել հետարձանագրային զարգացումների հանդեպ: Մեզ մտահոգում է այն իրողությունը, որ Թուրքիայի իշխանությունները զանազան պատճառաբանություններով ձգձգում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ չեն շտապում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործնական քայլեր իրականացնել։ Մեզ չի կարող չմտահոգել մասնավորապես այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարբեր լսարանների համար արված տարբեր հայտարարություններում, փորձում են կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ։ Սա մեզ համար, բնականաբար, չի կարող ընդունելի լինել եւ այս իմաստով՝ մեր երկրի քաղաքական եւ դիվանագիտական ներուժը պետք է պատրաստ լինի հակազդելու նման ցանկացած զարգացումներին:
Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ այն պահին, երբ Թուրքիան հայկական կողմի հետ երկխոսության, բանակցության ընթացքում կխոսի որեւէ նախապայմանի մասին, մեզ համար Թուրքիայի հետ բնականոն հարաբերություն հաստատելու խնդիրը կհամարվի փակված։ Այո, մենք պատրաստ ենք բնականոն հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ, բայց հասկանալի է, որ դա չի կարող լինել մեր պետական, ազգային շահերի հաշվին, չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հաշվին։
- Վերջին շրջանում որոշակի ակտիվացում է նկատվում նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում։ Աթենքյան հանդիպումից հետո ԼՂ հարցի շուրջ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
- Մեր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորում է երեք հիմնական սկզբունք. առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ ԼՂՀ ժողովուրդն ազատագրական պայքարի արդյունքում իրացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ ստեղծել իր անկախ պետությունը, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է։ Երկրորդ՝ ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենան ցամաքային սահման, քանզի այդ սահմանը եւ կապը Հայաստանի հետ ԼՂՀ անվտանգ գոյության հիմնական երաշխիքն է, եւ երրորդ՝ Ղարաբաղի բնակչությունը պետք է ունենա անվտանգության միջազգայնորեն ընդունված երաշխիքներ։ Ինչ վերաբերում է բանակցային վերջին զարգացումներին, ապա այդ գործընթացի տրամաբանությունը պետք է հանգեցնի ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմանը բանակցային գործընթացում. առանց ԼՂՀ մասնակցության՝ նրա ճակատագիրը չի կարող որոշվել։
- Կա տեսակետ, այդ թվում՝ միջազգային մամուլում, որ Հայաստանն աստիճանաբար երես է թեքում Ռուսաստանից դեպի Եվրոպա:
- Այդ հարցադրումն իր մեջ արդեն կանխակալ մոտեցում է պարունակում: Հայաստանն ունի փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կապերը խորանում են բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, մշակութային, գիտական, մարզական եւ այլն: 2008 թվականին հայ-ռուսական երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ծավալը մոտեցավ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագծին։ Աշխարհում խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, բացասական ազդեցություն ունեցավ երկկողմ ապրանքաշրջանառության եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վրա։ Մենք համոզված ենք, որ բարեկամության, համագործակցության եւ միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու վրա կառուցված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը գալիք տարիներին խորանալու եւ զարգանալու էական ներուժ ունի։ Մենք հնարավոր ենք համարում Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը որեւէ հակասության մեջ չի մտնում հայ-ռուսական հարաբերությունների հետ: Ռուսաստանն ինքը փորձում է գտնել Եվրոպական Միության հետ համագործակցության առավել խորքային տարբերակներ:
Ի վերջո, Եվրոպան մեզ համար միայն աշխարհագրական տարածք չէ, այն որոշակի արժեքային համակարգ է եւ զարգացման հեռանկար: Ուստի, Եվրոպայի հետ մերձեցումը տալիս է լայն հնարավորություններ. բիզնեսի համար կարող են բացվել նոր շուկաներ, նոր տեխնոլոգիաներ, նոր գործընկերներ: Երիտասարդության համար եւս լայն հնարավորություններ են ստեղծվում ինտեգրվելու համաեվրոպական կրթական ծրագրերին, շփվելու իրենց այլազգի հասակակիցների հետ, ներկայացնելու Հայաստանը եւ նոր գաղափարներ ու արժեքներ բերելու մեր երկիր:
- Պարոն Ծառուկյան, հայ-վրացական հարաբերություններում պարբերաբար նկատվում է լարվածություն. ինչպե՞ս կբնութագրեք այդ հարաբերությունները։
- Հայ-վրացական հարաբերությունները ձեւավորվել են հնագույն ժամանակներից եւ այսօր ստացել են նոր իմաստ եւ բովանդակություն։ Մենք անտարբեր չենք վրացական պետության խնդիրների հանդեպ. Վրաստանի կայուն, ուժեղ եւ ժողովրդավարական լինելը բխում է Հայաստանի շահերից: Հայ-վրացական հարաբերություններում քաղաքական լուրջ հակասություններ չկան, իսկ համագործակցությունն ու գործընկերությունը շարունակական զարգացման միտում ունեն։ Ամեն ինչից անկախ, Հայաստանն իր բեռնափոխադրումների 80 տոկոսը կատարում է Վրաստանի տարածքով։
Միեւնույն ժամանակ՝ մենք դեմ ենք առկա խնդիրները չնկատելուն եւ կոծկելուն։ Վրաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք, որը վրաց հասարակության անբաժանելի եւ ակտիվ հատվածն է։ Մեզ հետաքրքրում են Վրաստանի հայության սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները, քանի որ վրացահայությունը մեր երկու հարեւան երկրները միմյանց կապող ուժեղ օղակն է։ Մենք ուշադիր եւ հետեւողական պետք է լինենք Ջավախքում առկա եւ ծագող խնդիրների հանդեպ: Բոլոր մակարդակներով պետք է փորձենք մեր վրաց գործընկերների հետ գտնել ճիշտ լուծումներ, այնպիսիք, որոնք հիմնված կլինեն մարդկային արժանապատվության եւ միմյանց շահերը հարգելու վրա։ Կարծում եմ, դա մեզ հաջողվելու է։
- Պարոն Ծառուկյան, Ձեր գնահատականը ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ ի՞նչ կերպ է այն հնարավոր վերջնականապես հաղթահարել։
- Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող անմասն մնալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Մեր ֆինանսական համակարգի նվազ ինտեգրումը միջազգային բանկային համակարգին, արժեթղթերի շուկայի չկայացվածությունը եւ այլ գործոններ չէին կարող մեզ զերծ պահել ցնցումներից եւ դժվարություններից: Իհարկե, ճգնաժամի սկզբում մեր ինքնավստահությունը մի փոքր անհիմն էր: Այնուհանդերձ, ընթացքում կառավարությունը սկսեց ձեռնարկել հակաճգնաժամային քայլեր, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունը թողեցին։ Ես տարբեր առիթներով ձեւակերպել եմ իմ մոտեցումները. լինելով իրատեսական քաղաքականության կողմնակից, «Բարգավաճ Հայաստանը» քաջ գիտակցում է, որ համաշխարհային գլոբալ ճգնաժամի մեջ Հայաստանը հանդես է գալիս մասնակցի, այլ ոչ թե «խաղի կանոններ» թելադրողի դերում, ուստի իր գործելակերպը պետք է պայմանավորի այն քաղաքականությամբ, որն ուղղված է հնարավորինս փոքր կորուստներով այս ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն:
ԲՀԿ խմբակցության պատգամավորները քանիցս հնչեցրել են այն կարեւոր սկզբունքներն ու քայլերը, որոնք անհրաժեշտ է որդեգրել այս ժամանակահատվածում. այն է՝ ժամանակավորապես սառեցնել հարկային եւ մաքսային վարչարարության խստացման գործընթացը, սահմանել բյուջետային խիստ կարգապահություն պետական եւ համայնքային ծախսերի նկատմամբ, կրճատել պետության կողմից այն ծախսերը, որոնց արդյունքաստեղծ էֆեկտը փոքր է, հնարավորինս արտոնյալ պայմաններով ներգրավել վարկային միջոցներ, պետական օժանդակություն ցուցաբերել իրական հատվածի այն ձեռնարկություններին, որոնք կարող են ստեղծել եւ պահպանել աշխատատեղեր։ Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է նաեւ բարենպաստ պայմաններ եւ միջավայր ապահովենք փոքր եւ միջին ձեռներեցության համար, ինչը շարունակում է մնալ հրատապ խնդիր։ Անկման այն ցուցանիշները, որոնք մենք ունենք, իրապես մտահոգիչ են: Ուստի, 2010-ին եւ հաջորդ տարիներին մեզ սպասում է ծանր աշխատանք՝ որպեսզի կարողանանք վերականգնել եւ առողջացնել մեր տնտեսությունը:
Որեւէ պարագայում չպետք է մոռանալ նաեւ, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության փուլում եւ տնտեսական մրցակցությունը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ: Տնտեսությունը պահանջում է էական կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություն: Ազատ մրցակցություն, հավասար խաղի կանոններ բոլորի համար, մենաշնորհների վերացում, հարկային բեռի թեթեւացում փոքր բիզնեսի համար, հովանավորչության էական նվազում. սա է առողջ տնտեսություն ունենալու միակ եւ ճիշտ ճանապարհը։
- Այդուհանդերձ, Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ՝ մի քանի անգամ դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած նախագծերին:
- Իմ նշած քայլերն առաջին հերթին ուղղված են հենց փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության խթանմանը՝ ինչը ԲՀԿ-ի համար սկզբունքային ու ծրագրային հարց է, եւ որի կապակցությամբ, լինելով իշխող կոալիցիայի կազմում, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է արտահայտվել ու քվեարկել այն նախագծերին, որոնք հակասում էին նշված քայլերին՝ ապացուցելով կուսակցության սկզբունքայնությունը:
Կարեւոր քվեարկություններից առաջ խմբակցությունում տեղի են ունենում քննարկումներ, եւ հաճախ ես կողմնակից եմ լինում ազատ քվեարկության սկզբունքին: Յուրաքանչյուրը թող քվեարկի ժողովրդին տված իր խոստումների, իր ընտրողների պահանջին համապատասխան: Լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, մենք միշտ առաջնորդվել ենք ժողովրդին տված մեր խոստումներով եւ ժողովրդի առջեւ ունեցած մեր պատասխանատվությամբ։
- Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ նախարարների գործունեությունը:
- Իմ բնավորության համաձայն, ես մարդկանցից միշտ պահանջում եմ անել ավելին, քան անում են: Երբեք չի կարելի գոհանալ եւ բավարարվել արդեն արվածով: Ժամանակը միշտ նոր խնդիրներ է դնում: Ես պատգամավորներից պահանջում եմ լինել ակտիվ՝ մասնակցել բոլոր քննարկումներին, խմբակցությունում կազմակերպել քննարկումներ: Խմբակցության պատգամավորների առաջ մշտապես խնդիր է դրվում լինել բաց եւ հասանելի հասարակության, լրատվամիջոցների համար: Թերություններ եւ խնդիրներ, իհարկե, կան: Բայց վստահ եմ, տարեցտարի խմբակցության աշխատանքի որակը կբարձրանա: Տարբեր պատվիրակություններում ընդգրկված մեր պատգամավորներից ես պահանջում եմ առավելագույն նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ:
Յուրաքանչյուրն իր տեղում, իր պատասխանատվության չափով պետք է կարողանա պաշտպանել մեր երկրի շահերն ու հեղինակությունը: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ից նշանակված նախարարներին: Ես եւ կուսակցությունը նրանց երաշխավորել ենք ղեկավարել կոնկրետ ոլորտներ: Հետեւաբար՝ նրանցից պահանջվում է արդյունք: Նրանք իրականացնում են նախագահի եւ կառավարության ծրագիրը, եւ միաժամանակ պատասխանատու են կուսակցության առջեւ: Նախարարների աշխատանքը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է: Նրանք պարբերաբար լինում են ինձ մոտ եւ զեկուցում կատարված աշխատանքների մասին: Ես միշտ ասել եմ՝ ինձ համար կարեւորը աշխատանքի որակն է, եւ ով կարող է ապահովել աշխատանքի առավելագույն որակ՝ նա էլ պիտի ստանձնի այս կամ այն պաշտոնը։
- Պարոն Ծառուկյան, Ձեր բարեգործական ծրագրերը ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդյո՞ք կնվազեն։
- Տրամաբանորեն պետք է նվազեին. այդպես է ամբողջ աշխարհում: Բայց ինձ մոտ բարեգործության ծավալը ոչ թե չի նվազում, այլ մեծանում է: Ինձ բարեգործությունը հաճույք է պատճառում. դա իմ պարտքն է իմ խղճի եւ Աստծո առաջ: Ես շարունակելու եմ բարեգործական ծրագրերը սոցիալապես խոցելի բոլոր խավերի, բոլոր նրանց համար, ովքեր ունեն օգնության եւ օժանդակության կարիք։ Կան սոցիալական բնույթի խնդիրներ, որոնք պետությունը չի կարող ողջ ծավալով լուծել. չի կարելի միայն գանգատվել միջոցների բացակայությունից ու սպասել, թե պետությունը երբ կհայթայթի միջոցներ: Որպես բարեգործության առանձին ճյուղ, այս տարվա սեպտեմբերից սկսեց գործել «Հեռանկար» ծրագիրը: Սա իր բնույթով դասական, սոցիալական բարեգործություն չէ, այն կոչված է օժանդակել գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտների հեռանկարային զարգացմանը միտված նախագծերին: Թեեւ ծրագիրը գործում է ընդամենը չորս ամիս, բայց արդեն իսկ կատարվել է մեծ աշխատանք: Հաջորդ տարի ծավալները լինելու են ավելի մեծ եւ ընդգրկուն: «Հեռանկար» ծրագիրը, եթե կուզեք, ներդրում է ապագայի մեջ: Ես անհապաղ արդյունքներ չեմ ակնկալում, բայց դրանք արդեն կան։ Օրինակ, մենք օգնեցինք Չինաստան մեկնող աստղաֆիզիկայի օլիմպիադայի դպրոցականների մեր թիմին, իսկ նրանք երկու ոսկե մեդալ բերեցին: Այնպես որ, վստահ ասում եմ, որ բարեգործության ծավալները ոչ միայն չեն նվազելու, այլ մենք սոցիալական բազմաթիվ նոր ծրագրեր ենք կյանքի կոչելու։
- Ձեր եւ կուսակցության արտաքին կապերի ակտիվացումը մամուլում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս:
- Ես, անշուշտ, ծանոթ եմ այն հրապարկումներին, որտեղ իմ այցելությունները արտերկիր, կամ իմ հրավերով արտերկրից տարբեր պատվիրակությունների ժամանումը Հայաստան՝ այլ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Ասեմ, սակայն, որ նույն ԶԼՄ-ներով եղել է թե՛ իրական տեղեկատվություն եւ թե՛ առողջ վերլուծություններ: Չինաստան, Բելառուս, Խորվաթիա, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա կատարած իմ այցելությունների ընթացքում կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների միջեւ համագործակցության սերտացման, այդ երկրների հետ առեւտրաշրջանառության ավելացման, տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման եւ մի շարք այլ ուղղություններով: Նման այցերն առաջիկայում ավելանալու են: Դրանք կարող են նոր հեռանկարներ բացել հանրապետության տնտեսական զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման համար: Դու պետք է նաեւ անձնական վստահություն ունենաս, որպեսզի կարողանաս արտերկրի լուրջ շրջանակներին համոզել, շահագրգռել Հայաստանում ներդրումներ անելու համար: Այն, որ մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ՝ ասում են բոլորը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետք է կարողանալ դրանք ներգրավել, բերել Հայաստան: Համաձայնեք, որ փակ սահմանները եւ 16 տոկոս տնտեսական անկումը լավագույն գրավիչ պայմանները չեն օտարերկրացու համար: Դրա համար պետք է աշխատել, ջանք թափել:
Արտասահմանյան ներդրումները միայն ֆինանսները չեն: Դա նաեւ կառավարման նոր եղանակներն են, արեւմտյան մենեջմենթի եւ գործարարության սկզբունքներն ու չափանիշներն են: Մեր երկրի տնտեսությունն իր բոլոր նրբություններով ես փայլուն գիտեմ: Հավատացնում եմ Ձեզ, որ ֆինանսներից պակաս կարեւոր չեն ժամանակակից մենեջմենթի եւ բիզնես մտածողության հաստատումը մեր երկրում: Բնականաբար, ես տարբեր հրավերներ եմ ունենում նաեւ որպես հայաստանյան առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար: Վ. Յանուկովիչի անձնական հրավերով մասնակցել եմ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» համագումարին, Բորիս Գրիզլովի հրավերով Ս. Պետերբուրգում` «Եդինայա Ռոսիայի» համագումարին: Դրանք կարեւոր միջոցառումներ են, որտեղ հնարավորություն կա անմիջական շփումների ժամանակ անկաշկանդ քննարկել մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Ինչպես գիտեք՝ ԲՀԿ համագումարին ներկա են եղել մի շարք օտարերկրյա պատվիրակություններ: Սրանք նորմալ եւ բնականոն հարաբերություններ են, որից շահում է միայն մեր պետությունը:
- Անարդարության եւ սեփական երկրում հեռանկար չտեսնելու պատճառով շատ երիտասարդներ հեռանում են երկրից: Երիտասարդությանն առնչվող խնդիրները մեր երկրում բազում են։ Ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները։
- Վստահաբար երկրի առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդությանն առնչվող ոլորտն է: Նախ՝ պետք է, որ մեր երիտասարդությունը, նոր սերունդը լինի առողջ: Ուշադիր նայեք. բոլոր զարգացած երկրներում սա ամրագրված է որպես կարեւորագույն, ռազմավարական խնդիր։ Ես համոզված եմ, որ երիտասարդության դերը մեր երկրի ապագայի կառուցման գործում շատ մեծ է, քանզի ցանկացած զարգացման ծրագիր, որը մենք կսկսենք իրագործել նույնիսկ այսօր՝ իրականանալու է երկար տարիների ընթացքում եւ դրա պտուղները քաղելու են այսօրվա պատանիներն ու երիտասարդները։ Այդ իսկ պատճառով, պատրաստված, կիրթ եւ անպայման առողջ երիտասարդը վաղվա Հայաստանում դրության տերն է լինելու։ Սա ռազմավարական խնդիր է եւ պահանջում է լուրջ պետական մոտեցում՝ թե՛ ֆինանսական հատկացումների, թե՛ ընդհանուր մթնոլորտի ձեւավորման համար: Եթե սերունդը չեղավ ֆիզիկապես առողջ, գրագետ, կիրթ, ապա մնացած բոլորը հարցերը կդառնան երկրորդական: Հաջորդ խնդիրն այն է, թե ինչ արժեքների վրա են ձեւավորվում երիտասարդները: Դրանով հնարավոր կլինի պատկերացնել, թե ինչ պետություն ենք ունենալու 10-20 տարի հետո: Լինելու ենք աշխարհին համահո՞ւնչ, թե՞ լինելու ենք փակ ու գավառամիտ: Երիտասարդներին հայրենիքում պահելու համար չափազանց կարեւոր է ազատ մրցակցության պայմանը: Լավ մասնագետը, գիտելիքներ ունեցողը պետք է հարթի իր ճանապարհը՝ անկախ որեւէ օժանդակությունից: «Բարգավաճ Հայաստանում» դա ոսկե օրենք է. առաջ է գնում միայն պատրաստված, գործին ու թիմին նվիրված մարդը: Ինձ մոտ այդպես է թե՛ կուսակցությունում, թե՛ բիզնեսում: Ես ամեն ինչի հասել եմ բացառապես իմ կամքի ու աշխատանքի շնորհիվ, եւ այսօր ես ուզում եմ, որ այդ հնարավորությունը ունենան բոլոր շնորհալի երիտասարդները, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրվա հենասյուները:
- Պարոն Ծառուկյան, 2010 թվականի համար Ձեր հիմնական ցանկությունները:
- Իմ ցանկությունը մեկն է՝ Հայաստանում վերահաստատվի կայունությունն ու ներհասարակական համերաշխությունը։ Հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գտնել ճիշտ հարաբերվելու, ինչու չէ՝ արդարացի ու հիմնավոր քննադատելու, բայց ոչ երբեք թշնամանքի ու վիրավորանքի ուղիները: Մենք պետք է սովորենք լսել ու հարգել միմյանց. այլ ճանապարհ գոյություն չունի: