ԱՎԵՏ ԱԴՈՆՑ.«ՍԻՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ԼՍԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՐԳԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ»

09/20/2009
Աղբյուր՝ «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագիր


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 27-ի հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Մայիսի 27-ին հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել  է Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): Մեկնումից առաջ հանդիպեցինք պարոն Ադոնցի հետ, զրուցեցինք նրա խորհրդարանական և դիվանագիտական գործունեության մասին, պարզեցինք անելիքները:

- Պարոն Ադոնց, շնորհավորում եմ Ձեզ նշանակման կապակցությամբ: Այս նշանակումը  Ձեզ համար ի՞նչ նշանակություն ու կարևորություն ունի:

- Շնորհակալ եմ...Ինձ համար այս նշանակումը խորհրդանշական կարևորություն ունի: Բանն այն է, որ ես իմ դիվանագիտական գործունեությունը սկսել եմ հենց Բելգիայից: Իմ առաջին նշանակումը որպես դիվանագետ եղել է այնտեղ: Դիվանագիտության ոլորտում իմ առաջին քայլերը 1993-94 թվականներին արել եմ Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: Այսօր շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ Բելգիա` արդեն դեսպանի կարգավիճակով: Եվս մեկ բան. վերջին 20 տարիներին ես զբաղվել եմ արտաքին հարաբերություններով, իսկ վերջին 11 տարիներին Եվրամիության հետ ՀՀ հարաբերությունները եղել են իմ աշխատանքային օրակարգի կենտրոնական կետերից մեկը: Այս առումով, հիմա լինել Բրյուսելում և աշխատել որպես Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար` ինձ համար մի կողմից` մեծ պատիվ է, մյուս  կողմից` մեծ պատասխանատվություն:

- Պարոն Ադոնց, ձեր գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել: Վերջին երկու տարիների ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եք  եղել: Ինչպե՞ս  եք գնահատում Ձեր խորհրդարանական գործունեությունը, և որո՞նք են եղել ԱԺ-ում Ձեր ղեկավարած Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հիմնական ձեռքբերումները:

- Նախ պիտի ասեմ, որ Եվրաինտեգրման մշտական հարցերով հանձնաժողովը նոր է ՀՀ ԱԺ-ում: Մինչ դա այս  հանձնաժողովի աշխատանքները կատարվում էր ժամանակավոր հանձնաժողովի  կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆորմատով: Որոշում կայացվեց ստեղծել այս  հանձնաժողովը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրաինտեգրումը մեր երկրի համար շատ կարևոր  ու առաջնային է հատկապես օրենսդրական մասով: Կարող եմ ասել, որ նախորդ երկու տարվա մեջ այդ հանձնաժողովը կայացավ` չնայած սկզբում շատ դժվար էր հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովել, քանի որ չկար գործընկեր կառույց  կառավարությունում: Կա արտաքին գործերի նախարարությունը, բայց եվրաինտեգրումը միայն նախարարությամբ չի սահմանափակվում: Բոլոր նախարարություններն ունեն եվրաինտեգրման աշխատանքների հետ կապված բաղադրիչներ. դրա համար էլ դյուրին չէր ստեղծել այն ցանցը կամ աշխատանքի այն սխեման, որը կապահովի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Երկու տարի անց  մեր հանձնաժողովը ճանաչելի է ոչ կառավարական կազմակերպությունների, գործադիրի, նախագահականի դաշտում: Մեզ հաջողվեց  Եվրամիության հետ ստեղծել այն կապը, որն այլևս քանդել չի լինի: Մինչ այժմ կար մի համատեղ կառույց ՀՀ ԱԺ-ի հետ. դա խորհրդարանական համագործակցության կոմիտեն էր, որը տարին մեկ անգամ լինում էր  Երևանում և Բրյուսելում: Բայց մենք գնացինք մեկ քայլ առաջ և ավելի սերտ կերպով ձևավորեցինք այդ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ:

- Պարոն Ադոնց, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության ներկայիս մակարդակը: Եվ առաջիկայում այդ համագործակցության ընդլայնման առումով ի՞նչ անելիքներ կան:

- Բարձր եմ գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մակարդակը, որն ամեն տարի ավելի է բարձրանում, իսկ համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է: Եթե երկու-երեք տարի առաջ դարձանք եվրոպական հարևանության քաղաքական մասնակցության երկիր, ապա այսօր կարելի է փաստել, որ մենք վստահ քայլերով առաջ ենք գնում այս համագործակցության ամրապնդման ճանապարհով: Մենք  էինք այն շարժիչ ուժը, որը ստիպեց Եվրամիությանը լուրջ մտածել այդ մասին: Արդյունքում մեր տարածաշրջանի ևս երկու երկիր` Ադրբեջանն ու Վրաստանը, դարձան այս նախաձեռնության մասնակից: Այսօր մենք ունենք արևելյան գործընկերություն բարձր ֆորմատի համագործակցություն` ավելի կոնկրետ խնդիրներով և նպատակներով: Դրանցից է, օրինակ, ազատ առևտրի ռեժիմը: Այն գործարարները, ովքեր աշխատել են Եվրամիության հետ, միանգամից կզգան այս համակարգի ներդրման առավելությունները: Նման ռեժիմ ունենալու համար դեռ մի քանի տարվա աշխատանք կա: Առաջին առաքելությունը Եվրամիություն մենք ուղարկել ենք մեկ ամիս առաջ, կարծում եմ` արդեն դեկտեմբերին կսկսվեն բանակցությունները, որոնք հավանաբար կտևեն մի քանի տարի: Հաջորդը վիզաների խնդիրն է: Հիմա մասնավոր կարծիք է ստեղծվել, որ եվրոպական երկրներ կարող են մեկնել առանց վիզաների: Ո՜չ, դա չի նշանակում առանց վիզաների, այլ նշանակում է` ավելի հեշտ: Ներկայիս ընթացակարգերի հետ համեմատած գործընթացն ավելի է պարզեցվելու:

- Եթե անդրադառնալու լինենք  Բելգիայի հետ մեր  երկրի ունեցած համագործակցությանը, ապա  ինչպիսի՞ համագործակցության եզրեր կան երկու երկրների միջև:

- Բելգիայի հետ Հայաստանի համագործակցությունը ավանդաբար եղել է  ադամանդագործության ոլորտում: 1991 թվականից  ի վեր ադամանդագործությունը Հայաստանում ձևավորվել և կայացել է հենց բելգիահայ համայնքի շնորհիվ: Այսօր նրանց  շնորհիվ է, որ Նոր Հաճնում մենք ունենք  ադամանդի գործարաններ, և որ անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այդ  գործարանների մեծ մասը  շարունակում է աշխատել: Ադամանդ մշակվում է նաև Չինաստանում ու Հնդկաստանում, բայց երբ մարդն իմանում է,  որ ադամանդը մշակվել է Հայաստանում, վաճառքը շատ ավելի հեշտ է լինում, որովհետև մեզ մոտ ադամանդագործությունը որակյալ հիմքերի վրա է դրված: Իմ հիմնական խնդիրներից մեկը լինելու է առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում կապերի ընդլայնումը, քանի որ միայն ադամանդագործությամբ են այսօր սահմանափակվում Բելգիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները:

- Պրն Ադոնց, Բելգիայում և Եվրամիությունում ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը:

- Բելգիայում հիմնականում երկու ուղղությամբ եմ աշխատելու` ուսումնասիրելու եմ իրավիճակը և փորձելու եմ ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Դեսպանատան  աջակցության դեպքում ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաջողություն և զարգացում լինի այս ոլորտում: Քաղաքական երկխոսությունը Բելգիայի հետ կարծում եմ, որ ընթանում է նորմալ, բայց  տնտեսական բաղադրիչը, այնուամենայնիվ, շատ ցածր է: Սեպտեմբերից սկսվում է  համագործակցությունը արևելյան համագործակցության ֆորմատով, ինչը նշանակում է, որ տարին մոտ 8 անգամ տարբեր հարցերով լինելու են խորհրդակցություններ, բանակցություններ, լինելու են շատ այցեր դեպի Բրյուսել, դեպի Եվրամիություն: Իմ առաջին խնդիրը լինելու է այդ  բոլոր կառույցների հետ  արդյունավետ աշխատանքի ապահովումը:

– Պրն. Ադոնց, ինչպե՞ս արձագանքեց  Ձեր ընտանիքը այս  նշանակմանը, և արդյոք  ընտանիքի  հետ եք մեկնելու:

- Ընտանիքի առումով, իհարկե, դժվար է: Երկու տղաներս մնալու են Հայաստանում, որովհետև մի տղաս ծառայում է ազգային բանակում, իսկ մյուսը սովորում է մագիստրատուրայում, այսինքն` նրանց գալու մասին խոսք անգամ չկա: Իսկ սա իսկապես խնդիր է մասնավորապես կնոջս համար, որովհետև կինս և պետք է մնա իմ կինը` Բրյուսելում,  և լինի մայր որդիներիս համար` Երևանում: Թե ինչպե՞ս դա կհաջողվի` ցույց կտա ժամանակը: Ես կմեկնեմ Բրյուսել, կփորձեմ այնտեղից  այդ  բացերը լրացնել, բայց ընտանիքի առումով իսկապես դժվար է:

- Պրն Ադոնց, երկար ժամանակով մեկնում եք Հայաստանից: Ամենից  շատ ի՞նչն եք կարոտելու:

- Ես արտերկրում աշխատանքային մեծ փորձ ունեմ ու միանշանակ  կարող  եմ ասել, որ օրվա ամենադժվար հատվածը երեկոն է: Գալիս ես տուն, ճաշում ես, և մինչ քնելն ընկած ժամանակահատվածը ամենադժվարն է անցնում: Մեր կուլտուրան մի քիչ  այլ է. մենք  կարող  ենք երեկոյան 9-ին զանգել մեր ընկերներին, պայմանավորվել, դուրս  գալ որևէ տեղ սուրճ խմելու, քննարկելու տարբեր հարցեր, կիսվել հոգսերով, եթե դրանք կան: Իսկ այնտեղ դու ես և քո ընտանիքը: Ամենադժվարը մարդկային ընկերական շփման պակասն է: Ինձ համար շատ դժվար կլինի, որովհետև  ես  շփում և ընկերություն շատ եմ սիրում և գնահատում:

- Կյանքում ի՞նչ կարգախոսով եք  առաջնորդվում:

- Առաջնորդվում եմ «Սիրել մարդկանց, լսել մարդկանց, հարգել մարդկանց, հաշվի նստել մարդկանց կարծիքի հետ» կարգախոսով:

- Եվ վերջում, մեկնումից  առաջ Ձեր մաղթանքը մեր ժողովրդին ու մեր ընթերցողներին:

 - Սեր եմ մաղթում, պարզ, մարդկային սեր: Մարդը մարդուն պետք է սիրի և հարգի, իսկ այսօր մենք մեր երկրում սիրո  և հարգանքի մեծ պակաս ունենք: Կուզենայի, որ  սիրո  և հարգանքի մթնոլորտը վերականգնվի մեր հասարակությունում: