«Տեսականորեն բացառում եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում լինելը»
Մեր զրուցակիցն է ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը
– Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ ԵՏՄ-ն գրավիչ է, բայց Ադրբեջանը կմիանա միայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվելուց հետո:
– Ադրբեջանի քաղաքական էլիտայի որևէ հայտարարություն ինձ համար չի կարող լինել ո՛չ անակնկալ, ո՛չ զարմանալի: Ես չեմ զարմանում նաև, որ միջազգային հանրությունն այլևս դադարել է արձագանքել Ադրբեջանի քաղաքական էլիտայի հայտարարությանը: Հատկապես, եթե միջազգային հանրությունն իսկապես զգոն լիներ, ապա իրենք առաջին հերթին` պետք է արձագանքեին Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը վերջերս սպայական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց թիվ մեկ խնդիրը հայերին ոչնչացնելն է:
16-րդ դարի ինկվիզիցիային բնորոշ նման հայտարարությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պետք է արժանանար առնվազն Մինսկի խմբի արձագանքին: Բայց որևէ արձագանք, անկեղծ ասած, ես չտեսա, միգուցե եղել է, ես եմ վրիպել, չեմ տեսել, բայց չեմ կարծում, որ որևէ արձագանք եղել է:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ չեղավ արձագանք:
– Այդ հարցերը ես ինքս յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ուղղում եմ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներին, տարբեր միազգային կառույցների այն պաշտոնյաներին, ովքեր հետաքրքրված են և զբաղվում են Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներով: Եվ ես շատ կարևորում եմ վերջերս ԵԽ նախագահ Մարտին Շուլցի արած հայտարարությունը, որ «Բռնապետությունները Եվրոպայում տեղ չունեն: Եվ Ադրբեջանն իր ներքին կառուցվածքով չի համապատասխանում եվրոպական արժեքներին»:
Բայց սա ևս հայտարարություն էր ԵԽ թիվ մեկ պաշտոնյայի կողմից, որը կարծես թե որևէ աջակցություն չգտավ ԵՄ այլ կառույցների ղեկավարների կողմից: Իսկ Մամեդյարովի հայտարարությունը հերթական շանտաժն է, որ իրենք փորձում են իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած ներքին և արտաքին քաղաքական խնդիր փոխկապակցել ԼՂ-ի հետ: Ես ներկայացնեմ Ձեզ կատարյալ մի աբսուրդ քարոզչական քաղաքականություն, որը վարում է Ադրբեջանը:
Միջազգային բոլոր կառույցներում իրենք որդեգրել են իրենց քարոզչական քաղաքականությունը, որ փուլային փոփոխություններ է կրում, բացի իրենց հիմնական լոլոներից` 20% գրավյալ տարածք, 1 մլն փախստական, որն իրենք պարտադիր պետք է ասեն` անկախ նրանից, թե ինչ հարց է քննարկվում: Օրինակ` ԵԽ ԽՎ-ում, ասենք, քնարկվում էր Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման, այդ կոնտեքստում էլ իրենք հաջողացրին խոսել 20% գրավյալ տարածքների և 1 մլն փախստականների մասին:
Այժմ իրենք նոր քարոզչական հնարք են ներառել իրենց քարոզչական պլատֆորմի մեջ: Իրենք ասում են, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը չի զարգանում, և ընդունում ենք, որ Ադրբեջանում կա ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիր, որովհետև չենք կարողանում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եթե Ալիևը խոսում է, որ իրենց տնտեսությունն աճում է վագրային թռիչքներով, և իրենք այսօր կարող են փաթեթներով եվրոպացի պառլամենտականներ և միջազգային կառույցներ գնել, ապա ես նույն Ալիևին հարց եմ տալիս` ինչո՞ւ եք Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանից գնացած փախստականներին պահում որպես ստրուկներ` ճամբարներում:
Ինչո՞ւ են պահում, որովհետև դա ևս քարոզչական նկատառումներով է արվում, որպեսզի տարբեր միջազգային դիտորդների տանեն, ցույց տան այդ սրտաճմլիկ գնչուական տեսարանը, ասեն` տեսեք, թե Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պատճառով մեր փախստականներն ինչպիսի անմարդկային պայմաններում են ապրում:
Այդ դեպքում հարց` ո՞ւր մնաց ձեր տնտեսական թռիչքաձև աճը, ինչո՞ւ ձեր իսկ քաղաքացիների համար չեք ապահովում արժանավայել պայմաններ, այլ պահում եք` որպես ստրուկներ, որպես գնչուներ` ինչ-որ ճամբարներում, որպես ընդամենը քարոզչական հնարք` միջազգային հանրությանն ապացուցելու, որ յուրաքանչյուր խնդիր կապված է ԼՂ խնդրի հետ, որը պետք է լուծվի` հօգուտ Ադրբեջանի:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե համաշխարհային արենայում աճում է Ադրբեջանի հեղինակությունը: Սա ի՞նչ է նշանակում:
– Գիտեք, ես կարծում եմ` դրանք այնպիսի հարցեր են, որ մեր իշխանությունները պիտի անպայմանորեն շատ զգոն լինեն նման հարցերի նկատմամբ, և, ինչպես Սերժ Սարգսյանը բարձրաձայն իր մտահոգությունը հայտնեց, որ, երբ հայ զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանից գնված զենքով, ես կարծում եմ, որ այս կարգի հայտարարություններին ևս երկրի առաջին դեմքերի մակարդակով արձագանքներ են անհրաժեշտ:
Որովհետև, երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետդումայի նախագահ Նարիշկինին տվեցի նույն հարցը, ինչ բարձրացրել էր Սերժ Սարգսյանը, ասելով՝ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` մեր հակառակորդ երկրին վաճառում եք ոչ թե` պաշտպանողական, այլ հարձակողական տեսակի սպառազինություն, անկեղծ ասած, Նարիշկինի պատասխանն ինձ համար առնվազն տարօրինակ էր:
Նա չասաց, ի տարբերություն իր ռուս այլ գործընկերների, թե դա զուտ կոմերցիա է, այլ ասաց` այո, բայց դրանից ստացված գումարներով մենք նաև Հայաստանում տարբեր սոցիալ-մշակութային ծրագրեր ենք իրականացնում: Ես այս պատասխանը համարում եմ, իհարկե, ոչ ադեկվատ այն լրջագույն հարցին, որն այսօր կա յուրաքանչյուր քաղաքացու օրակարգում:
– Ըստ Ձեզ` երկրի ղեկավարությունն ի վիճակի՞ է պատասխանել ՌԴ-ին այդ տոնայնությամբ:
– Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ՊՆ ոլորտին առնչվող դռնփակ նիստում ես այդ հարցերը բարձրացրել եմ նախարարի առջև, և, քանի որ նիստը դռնփակ էր, ստացել եմ որոշակի պատասխաններ: Կարող եմ ասել, որ այո, բարձր մակարդակով այդ հարցերը քննարկվում են: Ավելին թույլ տվեք չասել, իրապես նիստը դռնփակ էր:
– Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանն ու Հայաստանը միաժամանակ լինեն ԵՏՄ-ում:
– Ոչ: Ես դա տեսականորեն ուղղակիորեն բացառում եմ: Ես կարծում եմ` այստեղ Հայաստանը լրջագույն հետևություններ պետք է անի, եթե հանկարծ Ադրբեջանը նման հայտ ներկայացնի: Համենայն դեպս, տեսանելի ապագայում ես նման հեռանկար բացառում եմ:
– Հաշվի առնելով, որ ՌԴ-ն ցանկանում է Ադրբեջանին տեսնել ԵՏՄ-ում, Մամեդյարովի առաջ քաշած այս պայմանից հետո ՌԴ-ն ուրիշ ի՞նչ քայլ կարող է անել` ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված:
– Այդ հարցերը պետք է ուղղել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի իրենք իրենց հայտարարություններում հաշվի առնեն դա: Միջազգային հարթակներում ես քանիցս բարձրացրել եմ այդ հարցը: Հասկանում եմ, որ դիվանագիտությունն ունի խաղի իր կանոնները, բայց երբ որ անընդհատ կողմերի միջև հավասարություն դնելու այս մարտավարությունը չի բերում էսկալացիայի թուլացման, ավելին` տանում է լարվածության ավելացման, և կողմերից մեկին` Ադրբեջանին, իրավունք է տալիս իր քաղաքական էլիտայի առաջին դեմքերով անել բացարձակ սանձարձակ հայտարարություններ, ես կարծում եմ` այստեղ դիվանագիտությունը շատ ճկուն գործիք է, բայց պետք է կարողանալ այդ ճկունությունն այնպես օգտագործել, որ դրական արդյունքներ տա:
Եթե Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունները, որոնցով անընդհատ փորձ է արվում կոչը հավասարազոր ուղղել երկու կողմերին (չնայած վերջին մեկ-երկու հայտարարություններում որոշակի ակնարկներ կային Ադրբեջանին), այնուհանդերձ, ես կարծում եմ` Ադրբեջանն այն երկիրն է, որի հետ պետք է խոսել ոչ թե` ակնարկներով, այլ պետք է խոսել հստակ և բաց՝ ինչպես խոսեց ԵԽ նախագահ Մարտին Շուլցը: