«Զիմբաբվեից մարդ բերողին պետք է ուղարկել նախորդ կառավարության գնած ունիտազներում լվացվելու». Լյովա Խաչատրյան

09/26/2016


Այսօր Aravot.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն ստացավ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվությունից, մասնավորապես, Զիմբաբվեից ծիրան աճեցնող վարձելու պատմությունից, ոչխարների պատմությունից: Նա պատասխանեց. «Տպավորությունս հիմնականում այն է, որ Վերահսկիչ պալատն իրոք իր գործառույթը կատարում է, բազմածավալ աշխատանք է կատարում: Ինձ այստեղ հետաքրքրում է, որ դա ապարդյուն չանցնի: Վերջիվերջո, պատիժը չէ սրա հիմնական նպատակը, այլ բյուջեի վերականգնելը: Քանի՞  տոկոսն է սրանց վերականգնվել բյուջե 2011-ին, 2010-ին, 2009-ին, 2008-ին: Սա է  կարեւորը: Ես արնախում չեմ, որ ասեմ՝ անպայման պիտի պատժվեն: Կարեւորը՝ բյուջեից գումարներ են փոշիացվել, պետք է վերականգնվեն: Ափսոս այն բազմածավալ աշխատանքը, որ Վերահսկիչ պալատը կատարում է, բայց հետեւանքները բյուջեն իր աճի վրա չի զգում: Այնպիսի տպավորություն է ստացվում, որ Վերահսկիչ պալատն անիմաստ գործ է կատարում: Այն էլ այն դեպքում, որ մոտ 800 մլն Վերահսկիչ պալատի բյուջեն է տարեկան: Մենք այդքան գումար ենք տարեկան այնտեղ աշխատավարձ տալիս՝ պահպանություն եւ այլն: Աշխատում են նորմալ, բացահայտումները կան, բայց ո՞ւր են այն վերականգնված գումարները, որի մասին խոսում են: Թող 30 տոկոսը լինի, ո՞ւր են այդ վերականգնված գումարները, ինչո՞ւ չեն վերադարձնում բյուջե»: Իշխան Զաքարյանը նիստի ժամանակ ասաց, որ եթե նույնիսկ գումարները վերադարձնում են բյուջե, ծրագիրն է կորչում: Անարդյունավետ վարկը կարող էր մեկ ուրիշ մանր բիզնեսմեն վերցնել ու գյուղական համայնքում լավ բիզնես անել, զարգացնել տնտեսությունը: Լյովա Խաչատրյանի դիտարկմամբ՝ դա հարցի մյուս կողմն է. «Իրոք, ծրագիրն էլ չեն կատարում: Գումարը փոշիացնում են: Եթե դպրոցը վերանորոգել են անորակ, մի տարի հետո քանդել են, ամբողջ գումարը կարելի է հաշվել փոշիացում: Եթե ասֆալտ են արել, որ 10 տարի պիտի ծառայեր, մի տարի հետո քանդվել է, պետք է հաշվել ոչ թե 10 տոկոսն են գողացել, այլ ամբողջն են գողացել, որովհետեւ ամբողջն է քանդվել, հասկանո՞ւմ եք»: Ինչ վերաբերում է Զիմբաբվեի պատմությանը, մեր հարցին՝ ընդհանրապես միջազգային թանկարժեք փորձագետների որ բերում են, դրանք զուտ, այսպես ասած, «փող ուտելո՞ւ» համար են անում՝ Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Դրա պատվիրատուներին կարելի է ուղարկել նախորդ կառավարության գնած այն  ունիտազներում լվացվելու, որ մյուս անգամ նման բան չանեն»: 

 http://www.aravot.am/2014/09/26/500826/