ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ «ԲՀԿ-Ն ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՌԱՎԵԼ ԼԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ»

09/23/2009
Աղբյուր՝ «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագիր


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրման առաջին իսկ օրվանից, համաձայն կուսակցության կանոնադրության, վերջինիս կազմում ձևավորվել և լայն գործունեություն է ծավալել ԲՀԿ Երիտասարդական խորհուրդը, որն ակտիվորեն ներգրավվել է կուսակցության կողմից մշակված ծրագրերի իրականացման գործընթացին: Այդ ծրագրերի իրականացման առաջին քայլերից մեկը եղավ 50 տարածքային կառույցներում և նրանց ենթակառույցներում երիտասարդական խորհուրդների ձևավորումը:

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ, ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:

- Պրն. Էնֆիաջյան, ո՞րն էր ստեղծման նպատակը:

- Կազմակերպված խորհուրդների կազմում ներգրավվեցին որակյալ կրթություն ստացած, նախաձեռնող, նպատակասլաց և ակտիվ երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց լուման ներդնել Հայաստանի Հանրապետության բարգավաճման գործում՝ համոզված լինելով, որ միայն ակտիվ, համախմբված և գրագետ երիտասարդությունն է ի զորու առաջ մղել մեր երկիրը:

- Պատմեք վերակազմավորման մասին:

- 2007թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդական խորհուրդը վերակազմակերպվեց ԲՀԿ Սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի` դրանով իսկ ընդլայնելով իր գործունեության շրջանակները: Կատարված աշխատանքների և իրականացված ակցիաների շնորհիվ  այսօր հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոչ միայն երիտասարդ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտության թեկնածուներ ու ասպիրանտներ, այլև սպորտում և մարզաշխարհում իրենց մեծ ավանդն ունեցող երիտասարդ մարզիկներ, մարզական խոստումնալից արդյունքներ ցույց տված մարզիկ-ուսանողներ:

- Ո՞ր ուժերն են համալրում Երիտասարդության հարցերի հանձնաժողովի շարքերը:

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև ՀՀ-ում գործող մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների նախագահներ և անդամներ:

- Ո՞րն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական քաղաքականության հիմնաքարը:


- Ցանկացած պետության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքում երիտասարդությունը խաղում է կարեւորագույն դեր, ընդ որում օրինաչափությունն այն է, որ որքան ավելի շատ է ընդգրկված երիտասարդությունը պետական ու հասարակական գործունեության մեջ, այնքան պետությունն ավելի զարգացած է: Այդ առումով Հայաստանն այսօր դեռեւս դժվար է դասել առաջատարների թվում, սակայն դրական միտումներն ակնհայտ են: Հայաստանում գրանցված են բազմաթիվ երիտասարդական-հասարակական կազմակերպություններ, բուհերում ակտիվորեն գործում են ուսխորհուրդները, որոնք ներկայացնում են բազմահազար ուսանողության շահերը:

ԲՀԿ–ն հետեւողականորեն հանդես է գալիս երիտասարդության ներուժի առավել լայն օգտագործման, նրանց համար գործունեության հարմար պայմաններ ապահովելու դիրքերից: Կուսակցությունն այժմ նախաձեռնել է ստեղծել «Երիտասարդության մասին օրենք», որը համապարփակ եւ օրենքի ուժով կամրագրի պետական կառավարման համակարգի մոտեցումները: Մինչեւ այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գործնական քայլեր է իրականացնում  երիտասարդության որոշակի հարցեր լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով Երեւանի եւ մարզերի ուսանողության խնդիրների որոշակի տարբերությունները, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կազմակերպում է Աբովյանի, Չարենցավանի, Մասիսի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի եւ այլ քաղաքների ուսանողների անվճար տեղափոխումը մայրաքաղաք եւ վերադարձը տուն: Հազարավոր ուսանողներ օգտվում են նույն հիմնադրամի միջոցների հաշվին ուսման վարձի ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցման հնարավորությունից: Մարզերում պարբերաբար անցկացվող մշակութային եւ մարզական միջոցառումները կոչված են կրճատել Երեւանի եւ մարզերի երիտասարդների ժամանցային հնարավորությունների տարբերությունը:

Կուսակցության ղեկավար մարմիններում երիտասարդության ներգրավվածության աստիճանը տարեցտարի ավելանում է, քանի որ ԲՀԿ-ն առաջնայինների թվում է դասում քաղաքական սերնդափոխության խնդիրը:

- Պարոն Էնֆիաջյան, ամռան ընթացքում ինչ միջոցառումներ են կազմակերպվել:

- 2009 թվականի հուլիսի 3-ին Քոբուլեթի քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ միջազգային պարային մրցույթ-փառատոն: Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների հարյուրավոր ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են իրենց երկրներին բնորոշ մշակութային ձեռագրերը: Այդ փառատոնում Հայաստանը ներկայացնում էր ԲՀԿ անդամ, Աբովյանի Ուսանողական խորհրդի անդամ` Աննա Արզումանյանը, ով պարելով «Ղարաբաղի Եղնիկ» պարը, արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին և շահեց գլխավոր մրցանակը` «Գրան Պրի»: Ամբողջ ամռան ընթացում ԲՀԿ երիտասարդությունը կազմակերպել էր բազմաթիվ  ուխտագնացություններ և արշավներ ՀՀ տարբեր տարածքներ, ինչի արդյունքում մեր երիտասարդները մտերմացան և կապեր հաստատցին այլ շրջանի երիտասարդների հետ:

- Որո՞նք են Երիտասարդության հարցերի հանձնաժողովի անելիքները:

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովը համոզված է, որ իր ներկայանալի կազմով և անդամների մասնագիտական գիտելիքների շնորհիվ կարող է իրականություն դարձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` ՀՀ քաղաքացիներին ներկայացրած և վերջիններիս վստահությանն  արժանացած ծրագրերը: Կուսակցությանն անդամագրված երիտասարդները վստահ են, որ իրենց ամենօրյա աշխատանքով, նվիրումով և յուրաքանչյուրի կարողությունների ու հմտությունների մեկտեղման շնորհիվ կարող են հարթել այն ուղին, որի վերջնական նպատակն է բարգավաճ Հայաստան կառուցելը: