Վահե Էնֆիաջյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

12/10/2015

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կայացվածությունը ժողովրդավար երկրի ստեղծման կարևորագույն նախապայմանն է: Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանության համակարգը գտնվում են հավասար զուգահեռներում և ապահովում են մեկը մյուսի զարգացումն ու ամրապնդումը: Առանց այս ամենի՝ անհնար է պատկերացնել հզոր և զարգացած երկիր, քանի որ սա է հասարակության և պետության արժեհամակարգի գլխավոր բնորոշիչը: Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներ դեռ շատ կան: Այս գործում մեզանից ընդամենը պահանջվում է գործել օրենքի տառին համապատասխան, օրենքն ընդունել որպես գերակա արժեք և անշեղորեն կատարել դրա յուրաքանչյուր կետ: Արդեն տևական ժամանակ է, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը զարգացման նոր փուլ է թևակոխում, սա խոսում է քաղաքացու կողմից իր իրավունքների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Ողջունելի փաստ է, քանի որ քաղաքացիական հասարակությունը իրավական պետության կարևոր հատկանիշներից է: Այս համատեքստում տեղին է հիշատակել Ադամ Միցկևիչի հայտնի խոսքը՝ որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն: