ԲՀԿ-ն չի պատրաստվում դառնալ ո՛չ «Համախմբան», ո՛չ էլ «Միասնության» կնքահայրը

11/16/2016

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի «Ազգային միասնություն» շարժումը, թեպետ այդպես էլ մնաց անշարժ ու մոռացության մատնվեց, սակայն այսպիսի ձեւաչափով քաղաքականության մեջ հայտ ներկայացնելու ոչ մի տեղ չտանող տարբերակը կարծես թե շարունակվում է: Հիմա էլ ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժում, որն իր անդրանիկ համագումարն արեց նախորդ շաբաթվա վերջին: Ի դեպ, շարժումը քիչ, թե շատ հայտնի դարձավ, երբ մամուլում այն սկսեցին կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հետ: Ընդդիմադիր դաշտում հայտնված նոր ուժի եւ նրանց հետ «Բարգավաճ Հայաստանի» հնարավոր համագործակցության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՆՄԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

–Առհասարակ, կարծում եմ` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու  սահմանադրական իրավունքն է ընտրել, ընտրվել եւ նմանատիպ գործընթացներում հայտ ներկայացնել: Իսկ թե ինչպիսի հաջողություններ, ձախողումներ կամ զարգացումներ կկարողանա ապահովել կազմակերպությունը, կառույցը կամ քաղաքական միավորը, միանշանակ, ժամանակը ցույց կտա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այսօր մտահոգված ենք` երկրում ստեղծված մի շարք արատավոր երեւույթների, տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ կապված: Եվ, բնականաբար, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված եւս, մեր մտահոգություններն ունենք, որովհետեւ նախկինում մի շարք անընդունելի դրսեւորումներ է թույլ տրվել: Հենց ընտրությունների օրը կարողացել ենք արձանագրել ոչ բարեխիղճ կազմակերպիչների, ընտրական օրենսգրքի չիմացության պատճառով տեղի ունեցող մի շարք զեղծարարություններ: Ուստի`  հասարակական, քաղաքական ուժերն, ըստ էության, այսօրվա դրությամբ էլ կարող են արձանագրել, որ այս հարցի շուրջ համագործակցության եզրեր ունենք` ընտրատեղամասերում ընտրական գործընթացն օրինական կերպով անցկացնելու եւ մի շարք արատավոր երեւույթներ բացառելու, քննարկելու, վերլուծելու եւ լուծման ուղիներ գտնելու հարցում: Ընդ որում` անկախ նրանից, նրանք նոր են ստեղծվել, թե ավելի երկար պատմություն ունեն, ինչպիսի փորձառություն ունեն, ինչպիսի քաղաքական փորձությունների միջով եւ ինչ ձեւով են կարողացել անցնել: Կարծում եմ` սա քաղաքական ուժերի ղեկավար մարմինների հավաքական կարծիքի ամփոփ տեսքն է: Ինչ վերաբերում է «Միասնություն» շարժման հետ համագործակցությանը,  այս առումով մեր քաղաքական ուժում դեռեւս նման հարց չի քննարկվել: Բնականաբար, այդպիսի գործընթացները տեղի են ունենում հրապարակային, եւ համապատասխան որոշումները եւս կլինեն հրապարակային: Իսկ այս պահի դրությամբ մեզ մոտ նման գործընթաց չկա:

«ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԴԻՄԱՆԱՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

–Այսինքն` կողմ եք համագործակցության, բայց ոչ երբեք քաղաքական դաշինքի՞:

– Դրա մասին խոսելն այսօր վաղ եմ համարում: Քանի դեռ իմ ասած գործընթացները եւ գործողությունները տեղի չեն ունեցել:

– Ամեն դեպքում, գաղտնիք չէ, որ ընդդիմադիր դաշտում բոլորն ակնկալում են ԲՀԿ-ի հովանավորությունը` Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերով պայմանավորված: Դուք տեսնո՞ւմ եք այն ուժերին, որոնց հետ հնարավոր կլինի, օրինակ, միասնական ցուցակ կազմել ԱԺ ընտրություններից առաջ:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, որը բավականին մեծ ներուժ եւ «ամագ» է կարողացել ներդնել կուսակցությունում եւ իր կատարած աշխատանքի շնորհիվ այսօր այնպիսի քաղաքական թիմ է ձեւավորվել, որը ամենատարաբնույթ քաղաքական փորձություններից հետո էլ կարողացավ ոտքի վրա կանգնել ու արժանապատիվ կեցվածք ունենալ: Մենք այսօր շատ լավ գիտակցում ենք, որ մեր ներուժը բավական է, որպեսզի դիմանանք ամենաարժանապատիվ մրցակցությանը եւ ապահովենք ամենաբարձր ցուցանիշները: Թե առաջիկայում ինչպիսի զարգացումներ կլինեն, եւ ինչ օրակարգ կձեւավորենք, զերծ կմնամ պատասխանել, որովհետեւ առաջիկայում կան այնպիսի քաղաքական գործընթացներ, որից ելնելով` մեր առաջիկա քայլերի ռազմավարությունը կմշակենք:

ՕՍԿԱՆՅԱՆԻ «ՀԱՄԱԽՄԲՄԱՆ» ԿՈՉԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՐՎԵԼ

–Նույն այս քաղաքական թիմի մի մասը հեռացավ եւ ստեղծեց «Համախմբում» կուսակցությունը: Եվ օրերս էլ, այդ կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե պատրաստ է իր հավակնությունները վայր դնել, եթե ընդդիմադիր դաշտում միասնական ուժ ստեղծվի: Իսկ պատրա՞ստ է ԲՀԿ-ն ընդունել «Համախմբման» իր նախկին գործընկերներին:

– Մենք շատ լավ համագործակցել ենք անձամբ պարոն Օսկանյանի եւ մեր գործընկերների ու ընկերների հետ, ովքեր այսօր գտնվում են «Համախմբում» կուսակցության մեջ: Բայց նման գործունեությունը պետք է դիտարկել քաղաքական ընդհանուր նպատակների, ծրագրերի համատեքստում, եթե մենք նման համագործակցության երկկողմանի եզրեր գտնենք: Եկեք հասկանանք, որ պարոն Օսկանյանն արդեն իր քաղաքական թիմի համապատասխան մարմիններում քննարկել է եւ որպես կուսակցական որոշում` հայտարարել այդ մասին: Իսկ «Բարգավաճ Հայաստանում» նման գործընթաց տեղի չի ունեցել, որպեսզի հրապարակային եւ պաշտոնական ձեւով պատասխան տրվի: Սա անձամբ իմ կարծիքը ներկայացրի, սակայն առաջիկայում նմանատիպ հարցերը կքննարկենք եւ կներկայացնենք մեր հասարակությանը:

– Վերջերս լրատվամիջոցներով շրջանառվող «Բարգավաճ Հայաստանի» եւ «Համախմբում» կուսակցությունների պատգամավորների արտախորհրդարանական հանդիպումը կարելի՞ է դիտարկել` հենց երկկողմանի համագործակցության եզրեր գտնելու ուղի:

– Արդեն ասացի` մենք մեր դիրքում ամուր կանգնած ենք եւ շատ լավ գիտակցում ենք, որ ՀՀ-ում մեր ներկայացվածությունը բավականին գործունակ է եւ մրցունակ: Սա նաեւ վկայեց վերջին ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդյունքները: Բավականին լուրջ արդյունքներ կարողացանք արձանագրել ողջ ՀՀ տարածքում եւ շատ կարեւոր փաստ էր, որ ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուները մեր ժողովրդի կողմից ընկալելի են եւ վստահություն են վայելում: Այս առումով նաեւ շատ լավ գիտակցում ենք, որ այն ներուժը, որ ունենք եւ այն հնարավոր ներուժը, որը հնարավոր է համախմբել, էականորեն կարող է երկրում բարիդրացիական միջավայրի փոփոխման տանող ուղի դառնալ: Բայց նման հարցերը, կրկնում եմ, քննարկվում եւ որոշվում են ղեկավար մարմիններում: Այսինքն` համագումարի կամ քաղաքական խորհրդի նիստերի ժամանակահատվածում: Իսկ նման նիստ մեզ մոտ դեռեւս տեղի չի ունեցել, եւ նման հարց չի քննարկվել:

«ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԵՄ ԱՆԻ»

–Այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ միասնական թիմ ձեւավորելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ընդդիմադիր դաշտում բազմաթիվ քաղաքական ուժեր կան, որոնք հայտ են ներկայացնում` առանձին մասնակցելու ընտրություններին, թե ով ինչքանով է մրցունակ, եւ հասարակությունն ինչքանով նրանց վստահություն կընձեռի, պարզ կլինի ընտրությունների արդյունքներում: Ամեն դեպքում, ուզում եմ այդ թեզին` որպես հակադրություն, ասել հետեւյալը. խոսվում է այն մասին, որ անպայման մինչեւ խորհրդարանական ընտրություններ պետք միավորվել, իհարկե, սա միանշանակ ճիշտ գաղափար է` հաջողության բանաձեւի տանող: Սակայն, նույնպես շատ կարեւոր մի բանաձեւ էլ կա` խորհրդարանի ներսում ձեւավորվելուց հետո էլ, խմբակցությունների համագործակցությունը ոչ պակաս կարեւոր եմ համարում: Բայց քանի որ դրանք ապագայի հետ կապված զարգացումներ են, կանխատեսումներ չեմ անի:

 

http://iravunk.com/news/15198