Ն.Զոհրաբյան. Եթե Լավրովը հաստատում է Չավուշօղլուի անհեթեթությունները՝ դա խնդիր է, որով պետք է զբաղվի ԱԳՆ-ն
«Եթե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը դիվանագիտական մոտեցում պարունակող հայտարարություն էր՝ թեմայից խուսանավելու համար, ապա հասկանալի է, բայց եթե այն հաստատում է Չավուշօղլուի հնչեցրած անհեթեթությունները, ապա դա խնդիր է ու հարց է, որով պետք է զբաղվի ՀՀ ԱԳՆ-ն»,- ELQ-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, անցած շաբաթ Ստրասբուրգում անցկացված ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը «Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից»: Ըստ թուրք նախարարի՝ այս տարբերակն այժմ քննարկվում է և եթե խնդիրը կարգավորվի, ապա կկարգավորվեն նաև հարաբերությունները Հայաստանի հետ: Երկու օր անց գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, իսկ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացը առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: «Ես չեմ կարծում, թե Հայաստանի դիրքորոշումը փոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող երկրների նախապատվությունների վերաբերյալ՝ այդ մանդատն ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որևէ երկրի փորձ ստանալու մանդատ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման կոնտեքստում միանշանակ անընդունելի է: Ես անգամ դրա մոտ հեռանկարը չեմ տեսնում, որ նման բան կարող է լինել»,- նշեց Ն.Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, որ հասկանալի էր, որ Չավուշօղլուն նման հայտարարություն պետք է աներ, բայց հինգ շրջանների վերադարձի մասին հայտարարություններն անգամ մեկնաբանել պետք չէ. «Հայկական կողմը քանիցս ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումով, որը ենթադրում է փաթեթային լուծում և որի կարևորագույն կոմպոնենտներից է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Եվ եթե Ադրբեջանը շարունակում է փաթեթից առանձնացնել իր համար նախընտրելի դրույթներ և փորձում դրանք առաջ մղել, ապա մենք ունենալու ենք այս նույն մշտական տեղապտույտի իրավիճակը, ինչը չեմ կարծում, թե բխում է հենց նույն Ադրբեջանի շահերից»,- հավելեց նա: