ԱԺ-ում՝ կառավարության «անտերների» եւ «տերովների» մասին. «Ով տեր ունի՝ մնաց, անտերները դարձան կոմիտեներ»
Ֆիննախից ՊԵԿ-ը նորից առանձնացնելու հետեւանքով ՊԵԿ նախագահի, նախագահի տեղակալների պետական դրույքաչափերն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել: Այս տեխնիկական փոփոխությունը կատարելու առաջարկն է ներկայացրել կառավարությունը՝ ԱԺ արտահերթ նիստում: Հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ասելով. «Հերթական անգամ այս կառավարությունը ձեւեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտ է, որ պիտի դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, մնացին նախարարություն, հարաբերականորեն անտերները վերաձեւեցին կոմիտեների: Հերթական կարուձեւը տեղի ունեցավ՝ հերթական մարդկանց համար: Գոնե այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարությունները ձեւում էին կոալիցիոն հուշագրի համաձայն, կապ չունի՝ մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ, կարող է լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն, այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասացին՝ այդպես է պետք, հերթական կարուձեւն ենք անում: Կարող է վաղը էլի միաձուլվեք, հերթական штопка-ն անեք»: Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չեն հրաժարվում իրենց 10 տոկոս հավելավճարներից, եթե այդքան արդարության ջատագով են. «Ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, պրոֆեսիոնալիզմից, օպտիմալ կառավարումից չխոսեք: Կան անձինք, որոնք տեր ունեն եւ մնացին կառավարությունում, եւ կային անտերներ, որոնց կարելի էր փուռը տալ՝ պահի, րոպեի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նոր համաձայնություններ ձեւավորել»: Նա ասաց, որ որեւէ երաշխիք չկա, որ վաղը նորից որեւէ ազգականի, մերձավորի վերադասավորելու տեսանկյունից չեն որոշի նորից միաձուլել, նորից բաժանել եւ դրանից չի առաջանա հերթական անհրաժեշտությունը՝ փոփոխություններ կատարել օրենքում:
http://www.aravot.am/2016/09/28/809926/