Շարունակվելու է միջին եւ փոքր բիզնեսի կոտորածը
Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 22 հարց, այդ թվում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Ի՞նչ արդյունավետություն կունենա արտահերթ կերպով բերված այս օրինագիծը, ի՞նչ կտա այն Հայաստանի կառավարությանն ու պետությանը։ Արդյո՞ք պետական բյուջեն հերթական անգամ չի նվազի կառուցվածքային նորամուծությունները ներդնելիս։ Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը։
- Խոսքը կառուցվածքային փոփոխությունների արդյունավետության մասին է։
- Մեկը մյուսի հետ կապ չունի։ Հիշենք մի ճշմարտություն, երբ մայրը իր երեխայի դաստիարակության մասին փիլիսոփայից խորհուրդ է հարցնում, թե ինչպես դաստիարակել 6 ամսական երեխային, փիլիսոփան պատասխանում է` վեց ամիս ուշացել ես։ Հիմա էլ մեր կառավարությունը ուշացած ինչ-որ որոշումներ է կայացնում։ Դիմացը ձմեռ է, շատ մարդիկ վառելիք չունեն, շատերը դժվարությամբ են կարողանում օրվա հացը վաստակել, շատերն էլ հուսալքված բռնում են արտագաղթի ճամփան։ Կառավարությունը դեռ երեկ պետք է այնպիսի որոշումներ կայացներ, որոնք դրականորեն կազդեին քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Շատ հոգսեր ու խնդիրներ կան, որոնցից կարելի է ձերբազատվել ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու արդյունքում։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիները շարունակում են անհիմն կերպով չարչարվել պետական որոշ ատյանների, մասնավորապես` ԴԱՀԿ-ի դռներին։ Մի մարդուն նույն տուգանքը մի քանի անգամ են ուղարկում, եւ առայժմ այդ ուղղություններով ոչ մի քայլ չի արվում։ Այդ մասին է անհրաժեշտ մտածել։
- Պարոն Խաչատրյան, վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կառավարության օղակներում կատարված «պրիմիտիվ գողության» մասին։ Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, կա՞ գողության ավելի բարդ մեխանիզմ, թե վարչապետը մեսիջ ուղարկեց գողոնը պետբյուջե վերադարձնելու մասին։
- Եթե տեղեկություն կա, որ պետբյուջեից գողություն է կատարվել, թող ոչ միայն հայտարարեն, այլեւ քայլեր ձեռնարկեն այդ գումարները վերադարձնելու համար։ Հակառակ պարագայում դրանք ուղղակի հայտարարություններ են։ Մասնավորապես ինձ չի հետաքրքրում, թե փողեր յուրացնելու գործով քանի՞ մարդ կպատժվի ու ի՞նչ պատիժ կկրի։ Կարծում եմ, որ հանրությանը ավելի հետաքրքրողը այն է, թե որքան գումար վերադարձվեց բյուջե։ Թող հայտարարեն այդ մասին, եւ հասկանանք, թե ինչ աշխատանք է կատարվել։
- Հանրությանը անհայտ դեմքեր ստանձնեցին մի քանի գերատեսչությունների ղեկավարների պորտֆելները։ Նույնը կարելի է ասել գյուղատնտեսության նախարարի մասին։ Դուք որպես գյուղի խնդիրներին լավատեղյակ պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում գյուղնախարարի պաշտոնում Իգնատ Առաքելյանի նշանակումը։ Հիշեցնենք, որ նա պաշտոնն ստանձնելիս խոսեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։
- Տասը տարի է խոսում ենք համակարգային խնդիրների մասին, սակայն ոնց տեսնում եք սայլը տեղից չի շարժվում։ Որտեղ գտնվում էր տասը տարի առաջ, հիմա էլ նույն տեղում կանգնած է։ Խոսելով ոչինչ չի փոխվում։ Նոր նախարարը կաշխատի, կտանք գնահատական։
- Պարոն Խաչատրյան, բազմաթիվ դժգոհությունների տեղիք տված Հարկային օրենսգիրքը կրկին Ազգային ժողովում է։ Ըստ Ձեզ, նոր կառավարությունը կփորձի՞ բարեփոխումներ կատարել օրենքի նախագծում եւ շտկել դժգոհություններ հարուցող դրույթները։
- Որ Հարկային օրենսգիրքը աղբաման նետելու թղթերի կույտ է, դրանում մենք համոզված ենք։ Եթե այն ընդունվի այն տեսքով, ինչպես բերել են, նշանակում է կշարունակվի փոքր եւ միջին բիզնեսի կոտորածը։
http://www.chi.am/index.cfm?objectID=115621E0-84C5-11E6-9DE3DA96B1BA47AC