Ինձ հետաքրքրում է` քանի հոգի է կրճատվում պետական ապարատում, ոչ թե ինչը ինչին է միանում, ինչ` վերանվանվում. Լյովա Խաչատրյան

09/22/2016


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ քանի դեռ արդյունք չի տեսել, չի կարելի որևէ գնահատական տալ  կառուցվածքային փոփոխություններին:

Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը անդրադարձավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած կառավարության կառուցվածքային փոփոխություններին. կառավարության նիստում այսօր  հայտնի դարձավ, որ վերանվանվում է ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունը՝  ՀՀ  Ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, Քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:

«Արդյունքը կլինի, նոր կգնահատեմ: Թե չէ ինչը ինչին է միանում, ինչը ինչ է վերանվանվում ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է` քանի՞ հոգի է կրճատվելու պետական  ուռճացված ապարատից»,- Tert,am-ին ասաց Լյովա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի` ԱԺ-ում կառավարության նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ`  «ՀՀ  կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար:

Հիշեցնենք նաև , որ  օրենքում վերջին անդամ փոփոխություններ էին արվել  այս տարվա փետրվարի 19-ին, երբ ՀՅԴ-ի հետ ձեռք բերվեց կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանավորվածություն,  և որպես  օրենսդրական  փոփոխության անհրաժեշտություն կառավարության ներկայացուցիչը  չթաքցրեց, որ բաժանումը պայմանավորված է ՀՅԴ-ի  հետ ձեռք բերված քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ, ինչի պատճառով ՏԿԱԻՆ-ը դարձավ 2 նախարարություն` ՏԿՆ և ԱԻՆ ու ՏԿՆ-ն տրվեց Դաշնակցությանը: 

Թեպետ օրենքի հիմնավորման մեջ պաշտոնապես նշված էր, որ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է:  Ինչի առիթով  օրինակ` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նկատեց, որ ուղիղ 1 տարի առաջ նույն պատճառաբանությամբ` առավել էֆեկտիվ կառավարում, միացվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները և դարձել ՏԿԱԻՆ: 

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրինակ,  հեգնեց, թե նույն տրամաբանությամբ կարելի է բաժանել մարզերը. «Արագած»  և «ոտն» և կամ «Գեղարք»  և «ունիք»:

http://www.tert.am/am/news/2016/09/22/lyova-khachatryan/2141716