Ինձ հետաքրքրում է` քանի հոգի է կրճատվում պետական ապարատում, ոչ թե ինչը ինչին է միանում, ինչ` վերանվանվում. Լյովա Խաչատրյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ քանի դեռ արդյունք չի տեսել, չի կարելի որևէ գնահատական տալ կառուցվածքային փոփոխություններին:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը անդրադարձավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած կառավարության կառուցվածքային փոփոխություններին. կառավարության նիստում այսօր հայտնի դարձավ, որ վերանվանվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ՀՀ Ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, Քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:
«Արդյունքը կլինի, նոր կգնահատեմ: Թե չէ ինչը ինչին է միանում, ինչը ինչ է վերանվանվում ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է` քանի՞ հոգի է կրճատվելու պետական ուռճացված ապարատից»,- Tert,am-ին ասաց Լյովա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի` ԱԺ-ում կառավարության նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ` «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար:
Հիշեցնենք նաև , որ օրենքում վերջին անդամ փոփոխություններ էին արվել այս տարվա փետրվարի 19-ին, երբ ՀՅԴ-ի հետ ձեռք բերվեց կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանավորվածություն, և որպես օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կառավարության ներկայացուցիչը չթաքցրեց, որ բաժանումը պայմանավորված է ՀՅԴ-ի հետ ձեռք բերված քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ, ինչի պատճառով ՏԿԱԻՆ-ը դարձավ 2 նախարարություն` ՏԿՆ և ԱԻՆ ու ՏԿՆ-ն տրվեց Դաշնակցությանը:
Թեպետ օրենքի հիմնավորման մեջ պաշտոնապես նշված էր, որ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է: Ինչի առիթով օրինակ` ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նկատեց, որ ուղիղ 1 տարի առաջ նույն պատճառաբանությամբ` առավել էֆեկտիվ կառավարում, միացվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները և դարձել ՏԿԱԻՆ:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրինակ, հեգնեց, թե նույն տրամաբանությամբ կարելի է բաժանել մարզերը. «Արագած» և «ոտն» և կամ «Գեղարք» և «ունիք»:
http://www.tert.am/am/news/2016/09/22/lyova-khachatryan/2141716