Ն. Զոհրաբյան. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ԲՀԿ-ն կարող է քաղաքական օրակարգ ձևավորել
Հարցազրույց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Հայտնի է, որ Ընտրական օրենսգրքում հունիսի 30-ին ընդունված փոփոխությունները կյանքի չեն կոչվելու. ինչպես կառավարությունն էր տեղեկացրել ԿԸՀ-ին՝ մինչև նշված ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը, տեխնիկական ապահովվածության խնդիրների՝ լուծված չլինելու պատճառով: Կարծում եք՝ իշխանությունը միտումնավո՞ր դանդաղեց:
-Իհարկե: Հունիսի կեսերից ես ահազանգում էի, որ խոստացված գումարը՝ 16 միլիոն եվրոն, որն անհրաժեշտ էր ընտրողներին նույնականացման քարտերով ապահովելու և 10 մատի մատնահետք բեռնելու համար, կա, բայց իշխանությունը չի շտապում բանակցել տեխնիկական խնդիրները լուծող ընկերությունների հետ: Միտումնավոր էր ձգձգվում, որ գայինք հասնեինք այս օրվան, ու ասեին, թե հիմա արդեն հնարավոր չէ: Հազար ու մի պատճառ էին բերում՝ Հայաստանում չեն, ներքաղաքական վիճակն է լարված, հնարավոր չէ հավաքվել իրար գլուխ, ու այս ամենի արդյունքում չենք ունենա կրկնաքվեարկությունը բացառող մի քանի կարևոր մեխանիզմ: Լեհական կազմակերպությունը միակն էր, որի հետ բանակցություններ էին վարել, բայց ինքներս անձամբ նրանցից տեղեկացանք, որ ուշացել ենք, ու ոչ թե 10, այլ նույնիսկ 2 մատի մատնահետք բեռնելու հարցի կարգավորման համար ժամանակ չկա:
-Այսինքն, 4+4+4 ձևաչափի, իշխանության ու ընդդիմության բանակցությունները ապարդյո՞ւն էին, մնացին թղթի վրա՞:
-Այո: Չնայած ես մտածում էի, որ հուլիսյան լարվածությունից, շոկից հետո իշխանությունն ամենաշատը պետք է ուզենար անել մի քայլ, որը կմեծացներ հանրության վստահությունը և՛ իր, և՛ ընտրությունների նկատմամբ:
-Կարելի՞ է ասել, որ առանց այդ փոփոխությունների՝ միասնական նույնականացման քարտ, մատնահետք, տեսանկարահանում, առաջիկա ընտրություններից մեծ սպասելիքներ ունենալ չենք կարող:
-Հիմա էլ իշխանությունն ու ընդդիմությունը բանակցում են ընտրողների ցուցակները հրապարակելու շուրջ: Մենք դրան կողմ ենք, բայց եթե հաջորդ քայլը չի լինելու օրենքով զեղծարարությունները սահմանափակող, պատժող մեխանիզմների ամրագրումը, ապա այդ ցուցակները կլինեն ընդամենը Մոդելյանիի ու Ռեմբրանդտի նկարների նման, միայն նայելու համար: Շատ հնարավոր է, որ այդ բանակցություններից հետո ստորագրվի նոր համաձայնագիր, և առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների նախագիծ՝ընտրած քաղաքացիների ցուցակները ստորագրելու վերաբերյալ: Սա իշխանության կողմից կարող է լինել քայլ՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ:
-Խոսենք ՏԻՄ ընտրությունների մասին. Մասիս քաղաքում ԲՀԿ-ի ավագանու թեկնածուն, ով նաև գլխավորում էր ցուցակը ու հավակնում քաղաքապետի պաշտոնին, հայտարարեց ինքնաբացարկի մասին. ինչո՞ւ:
-Մասիսում այլանդակ բաներ են տեղի ունենում: Գիշերը 10 ժամ մեր թեկնածուն՝ Կարապետ Օհանյանը, անհայտ կորած էր, հետո հայտնաբերվեց ու հայտարարեց, որ ինքնաբացարկ է հայտարարում: Դա եղել է իշխանության ճնշման և սպառնալիքի արդյունքում, նրանք ուղղակի առնում են մարդկանց: Մեր թեկնածուին և նրա որդուն խոստացել են աշխատանքի լուծել: Եվ սա այն դեպքում, երբ մինչև առաջադրումները այս մարդը հայտարարում էր, թե պատրաստ է պայքարել մինչև վերջ, ու եթե անգամ իրեն կուսակցությունից հեռացնենք, միևնույն է, առաջադրվելու է:
-Այսինքն, որքան էլ մեկը նվիրված լինի կուսակցությանը, նրան, ցանկության դեպքում, իշխանությունը կարող է չեզոքացնել. սրանից անզորության զգացողություն չե՞ք ունենում:
-Երբեմն ունենում ենք, բայց ավելի լավ է չունենաս այդպիսի կուսակից, ում վախեցնում են, սպառնում են:
-Տիկին Զոհրաբյան, բայց սա նոր բան չէ, ԲՀԿ-ն ունեցել է նախ Գագիկ Ծառուկյանի պատմությունը:
-Նրան ոչ ոք ոչինչ չի ստիպել: Դա եղել է նրա անձնական որոշումը: Նա ասել է, որ չի կարող ժողովրդին տանել արյունահեղության:
-Սեպտեմբերի 12-ին մեկնարկող աշնանային նստաշրջանը լինելու է նախավերջինը 2017-ի ընտրություններից առաջ. ինչպե՞ս կանդրադառնան նախընտրական տրամադրությունները նստաշրջանի աշխատանքների վրա:
-Նախ օրենքների մասով ասեմ՝ նոր փոփոխությունները Ընտրական օրենսգրքում և 2017-ի բյուջեի նախագիծը կարժանանան բուռն քննարկումների, իսկ օրենսդրական դաշտից դուրս կխորանա կեղտոտ փոխհրաձգությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև՝ չակերտավոր ընդդիմադիրների կողմից: Մենք համարժեք պատասխան ենք տալու նման բոլոր դրսևորումներին:
-Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասի՞ն է:
-Այո:
-Բայց Խորենացու դեպքերի ժամանակ նա միակ ընդդիմադիրն էր, ում հավաքվածները, թեկուզ միայն մի քանի օր, ընդունեցին, լսեցին, ով փորձեց շփվել նրանց հետ:
-Նախ՝ Խորենացի փողոցում մենք էլ ենք եղել, երկրորդ՝ նա հետո վտարվեց հարթակից: Իմ ասածը հետևյալն է՝ մեր մրցակիցները ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն, մենք որևէ ընդդիմադիրի հետ մրցակցելու խնդիր չունենք, մենք մրցակցում ենք իշխանության հետ:
-Ուրեմն, հնարավո՞ր է, որ ընդդիմադիրները միավորվեն ու միասին մրցակցեն իշխանության հետ:
-Ոչ, հնարավոր չեմ համարում: Գոնե ես չեմ տեսնում որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որի հետ ԲՀԿ-ն կարող է քաղաքական օրակարգ ձևավորել: