Ինը համայնքներից ոչ մեկում կողմ չեն եղել համայնքների խոշորացմանը․ ԱԺ ԲՀԿ պատգամավոր

07/06/2016

 

ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով համայնքների խոշորացմանը, ասաց, որ ինքը շրջել է Հայաստանի 9-ը համայնքներում, եւ ոչ մի համայնքապետ կողմ չի եղել խոշորացման ծրագրին։ Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը ոչ թե դեմ է այդ ծրագրին, այլ այսօր դրա ժամանակը չէ, եւ այն ոչ մի խնդիր չի լուծում։ Նա հիշեցրեց, որ այսօր համայնքապետերը կապված են համայնքում ապրող բնակիչների հետ ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններով, լավ գիտեն համայնքի խնդիրները եւ կարողանում են լուծել այդ խնդիրները։ Նա նկատեց, որ համայնքների խոշորացումը բխում է նաեւ միջազգային հանրության պահանջներից։ Լյովա Խաչատրյանը կարծում է, որ կրճատումները չպետք է սկսեն համայնքներից, նա հիշեցրեց, որ գյուղացիները հաճախ հազար դրամ էլ չունեն գյուղից մարզկենտրոն հասնելու եւ խոշորացման դեպքում հարց չի լուծվելու։ Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքին», ապա նա կարծիք հայտնեց, որ դրա արդյունքում ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ԲՀԿ-ի շանսերը ապագա ԱԺ ընտրություններում։ Լյովա Խաչատրյանն ասաց, որ վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ այդ շանսերը բարձր են։ 

 

http://hraparak.am/?p=116504&l=am%2Finy+hamaynqnericvoch+mekum+koxm+chen...