Ինը համայնքներից ոչ մեկում կողմ չեն եղել համայնքների խոշորացմանը․ ԱԺ ԲՀԿ պատգամավոր
ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով համայնքների խոշորացմանը, ասաց, որ ինքը շրջել է Հայաստանի 9-ը համայնքներում, եւ ոչ մի համայնքապետ կողմ չի եղել խոշորացման ծրագրին։ Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը ոչ թե դեմ է այդ ծրագրին, այլ այսօր դրա ժամանակը չէ, եւ այն ոչ մի խնդիր չի լուծում։ Նա հիշեցրեց, որ այսօր համայնքապետերը կապված են համայնքում ապրող բնակիչների հետ ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններով, լավ գիտեն համայնքի խնդիրները եւ կարողանում են լուծել այդ խնդիրները։ Նա նկատեց, որ համայնքների խոշորացումը բխում է նաեւ միջազգային հանրության պահանջներից։ Լյովա Խաչատրյանը կարծում է, որ կրճատումները չպետք է սկսեն համայնքներից, նա հիշեցրեց, որ գյուղացիները հաճախ հազար դրամ էլ չունեն գյուղից մարզկենտրոն հասնելու եւ խոշորացման դեպքում հարց չի լուծվելու։ Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքին», ապա նա կարծիք հայտնեց, որ դրա արդյունքում ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ԲՀԿ-ի շանսերը ապագա ԱԺ ընտրություններում։ Լյովա Խաչատրյանն ասաց, որ վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ այդ շանսերը բարձր են։
http://hraparak.am/?p=116504&l=am%2Finy+hamaynqnericvoch+mekum+koxm+chen...