Պատգամավոր. Իշխանությունը նվազեցրեց մի հարկը, ցանկանում է բարձրացնել մյուսը

10/29/2015

Ակցիզահարկի բարձրացմամբ Կառավարությունը ցանկանում է փոխհատուցել այն օգնությունը, որը ցուցաբերեց փոքր եւ միջին բիզնեսին շրջանառության հարկի մասով: Այս մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանում ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի ակցիզի բարձրացման, ինչպես նաեւ հեղուկ գազի ակզիցի ներդրման մասին օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Եթե առեւտրի սուբյեկտների համար շրջանառության հարկի նվազեցմամբ բյուջեն մեկ տարվա ընթացքում 9 մլրդ դրամ կկորցնի, ապա, ըստ Մելքումյանի, նույն 9 մլրդ-ը (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 19 մլն դոլար - խմբ.) ցանկանում է վերադարձնել ակցիզահարկի բարձրացմամբ: Հաշվի առնելով, որ օրինագիծը պետք է ուժի մեջ մտնի մայիսի 1-ից՝ հունվարի 1-ի փոխարեն, ապա մուտքերի աճը կկազմի 6 մլրդ դրամ:

«Եթե մենք ակցիզը բարձրացնում ենք՝ ԵՏՄ մյուս երկրների հետ այն ներդաշնակեցնելու համար, ապա չի կարելի դա մեխանիկորեն անել: Բարձրացման տեմպերը պետք է կախված լինեն մեր երկրներում բնակչության շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ից»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

Բացի այդ, բիզնեսը պետք է տեղեկացված լինի փոփոխությունների մոտավոր գրաֆիկի մասին, որպեսզի կարողանա ծրագրել իր գործունեությունը:

Նշենք, որ եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30%, բայց ոչ պակաս, քան 500 դրամ՝ 1 լիտրի դիմաց, ապա առաջարկվում է բարձրացնել 55%, բայց ոչ պակաս, քան 550 դրամ՝ 1 լիտրի դիմաց։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5.5 հազար դրամ՝ 1.000 տուփի դիմաց, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց, դիզվառելիքինը՝ 32.5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում. 8330 դրամ՝ հազար խ.մ.-ի դիմաց։

www.news.am