Վահե Էնֆիաջյան
Այսօր ընկերության միջազգային օրն է:: Անխոս, ընկերությունը բարձր ու վեհ արժեք է:
Իմ խորին համոզմամբ, եթե մարդուն անվանում ես ընկեր, ուրեմն նրան վերագրում ես բոլոր այն հատկանիշները, որոնք բնորոշում են ընկերոջ սուրբ կոչմանն ու առաքելությանը:
Ընկեր ունենալն այսօր իրոք մեծ ձեռքբերում է, քանի որ <<ընկեր>> լինել շատերն են կարողանում, սակայն ԸՆԿԵՐՈՋ կոչումը քչերին է հասու: Ընկերություն անելը և լավ ընկեր գտնելն իրականում այնքան էլ հեշտ չէ, միայն կյանքի թոհուբոհում փորձված և այդ ամենից ամրացած ընկերությունն է իսկականը: Այս առումով հայ ազգն իրոք բացառիկ է, մեր ազգը միշտ էլ աչքի է ընկել իր ընկերասիրությամբ՝ ընկերն ընտանիքի անդամ է համարվել, ընկերությունը՝ սրբացվել:
Ուրախալի է, որ այսօր էլ այս մոտեցումը շարունակվում է, քանի որ ընկերասիրությունը խոսում է մարդու, այս դեպքում ազգի բարոյական որակների և մարդկային բարձր հատկանիշների մասին: Գնահատե՛նք և պահպանե՛նք ընկերությունը, ինչպես հայտնի աֆորիզմն է ասում՝ <<Նա, ով ունի հավատարիմ ընկեր, կարող է հաշվել, որ ինքն արդեն երկու հոգի է>>:
Հ.գ. Անչափ ուրախ և հպարտ եմ, որ իմ կյանքում կան ԸՆԿԵՐՆԵՐ, որոնց հետ իմ ընկերությունն անցել է երկար տարիների ճանապարհ և կյանքի փորձություններից դուրս է եկել մաքուր և էլ ավելի ամրացած: