Հայաստանից գիշերային ժամերին չվերթները նվաստացուցիչ են. Նաիրա Զոհրաբյան

07/16/2015

Բացառությամբ մի քանի չվերթների, եվրոպական ուղղություններով մնացած թռիչքներն ու ժամանումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կատարվում են մարդու արժանապատվության համար նվաստացուցիչ կերպով:

Tert.am-ի հետ զրույցում  հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով.«Բացառությամբ Երևան-Մոսկվա և Երևան-Փարիզ մի քանի «ռեյսերի», մնացածն ուղղակի մարդու արժանապատվությունը նվաստացնող չվերթներ են»:

Հիշեցնենք, որ   կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության  ներկայացուցիչներին  առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք  գիշերային թռիչքներ են  կազմակերպում ու թռիչքները  տեղափոխել նաև առավոտյան ժամերին, քանի որ դրանք  անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ  իր ձևակերպմամբ՝  մարդու արժանապատվությունը նվաստացնող  չվերթների  պատճառը  առավոտյան ժամերին՝04:30-ին,0 5:00-ին   ինքնաթիռների կայանման  համար սահմանված   էժան կայանավարձերն են:

«Սա արդարացված կլիներ,  եթե   Հայաստանից Եվրոպա   ավիատոմսերի արժեքը լիներ համապատասխան նվաստացուցիչ «ռեյսերի» արժեքին և դրանց   արժեքը  չլիներ ողջ ԱՊՀ տարածքում ամենաթանկը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ   Վրաստանից  նույն ուղղություններով չվերթները մոտ երեք անգամ էժան են Հայաստանից թռիչքների համեմատությամբ: