Հայաստանից գիշերային ժամերին չվերթները նվաստացուցիչ են. Նաիրա Զոհրաբյան
Բացառությամբ մի քանի չվերթների, եվրոպական ուղղություններով մնացած թռիչքներն ու ժամանումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կատարվում են մարդու արժանապատվության համար նվաստացուցիչ կերպով:
Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով.«Բացառությամբ Երևան-Մոսկվա և Երևան-Փարիզ մի քանի «ռեյսերի», մնացածն ուղղակի մարդու արժանապատվությունը նվաստացնող չվերթներ են»:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներին առաջարկել է բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում ու թռիչքները տեղափոխել նաև առավոտյան ժամերին, քանի որ դրանք անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ իր ձևակերպմամբ՝ մարդու արժանապատվությունը նվաստացնող չվերթների պատճառը առավոտյան ժամերին՝04:30-ին,0 5:00-ին ինքնաթիռների կայանման համար սահմանված էժան կայանավարձերն են:
«Սա արդարացված կլիներ, եթե Հայաստանից Եվրոպա ավիատոմսերի արժեքը լիներ համապատասխան նվաստացուցիչ «ռեյսերի» արժեքին և դրանց արժեքը չլիներ ողջ ԱՊՀ տարածքում ամենաթանկը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ Վրաստանից նույն ուղղություններով չվերթները մոտ երեք անգամ էժան են Հայաստանից թռիչքների համեմատությամբ: